Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի ղեկավար, Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 25-ին՝ տասնյակ հազարավոր այլ ղարաբաղցիների հետ միասին, լքել է երկիրը և տեղափոխվել Հայաստան։ Բաբայանը Ղարաբաղյան առաջին պատերազմի նշանավոր հրամանատարներից մեկն է (Ադրբեջանում նրան պատերազմական հանցագործ են համարում), Հակարիի կամուրջը, ինչպես ղարաբաղցի մյուս տղամարդիկ, հատել է ոտքով, պնդում է՝ չի կերպարանափոխվել, անձնագրեր չեն ստուգել, Բաքում իրեն ձերբակալելու փորձ չի արել։
Նախքան կապիտուլիացիան Սամվել Բաբայանը (ամիսներ շարունակ) քննադատում էր արցախյան քաղաքական էլիտաներին՝ հայերնասիրական մրցավազք կազմակերպելու, պատասխանատվությունից խուսափելու և նոր պատերազմի տանելու համար։
Բաբայանը և նրա աջակիցները Ադրբեջանի հետ չմիջնորդավորված բանակցությունների պլան էին մշակել՝ 23-կետանոց մի փաստաթուղթ, և առաջարկում էին անիրատես իղձերի ետևից ընկնելու փոխարեն գնալ ուղիղ երկխոսության՝ հնարավոր լուծումներից ամենադրականը գտնելու համար։ Հայաստանը այս գործընթացում արդեն ներգրավված էլ չէր, 2022-ի սեպտեմբերյան հարձակումից հետո Երևանը սահմանափակվում էր զուտ Բաքուն-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափի շուրջ դիրքորոշումներով հայտնելով։
Արցախի գործող իշխանությունը՝ այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, և նրա հիմնական հակառակորդները (նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանը) համարում էին, թե Բաբայանի փոխզիջումային առաջարկը դավաճանում է Արցախի անկախական շահերը և հետևողականությամբ հրաժարվում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունից։ Բաքվի հիմնական պահանջներն էին՝ զինաթափել և լուծարել ՊԲ-ն, վերականգնել տնտեսական և ենթակառուցվածքային կապերը Ադրբեջանի հետ, աշխատել ինտեգրացիոն պլանի վրա։ Ստեփանակերտը դրանք անընդունելի էր համարում։ «Ինչի՞ մասին խոսենք Ադրբեջանի հետ՝ ես ուզում եմ հասկանալ։ Ինչի՞ մասին։ Գնանք ասենք՝ կապիտուլիացիա՞յի ենք ենթարկվում <․․․> Ավելի լավ չէ՞ տղամարդավարի կամ զոհվենք, կամ դուրս գանք բիբլիական ձևով ժողովուրդը փրկենք», – ասում էր Ղարաբաղի նախագահի խորհրդական (նախկին արտգործնախարար) Դավիթ Բաբայանը։
Ներկաների և նախկիների պադվալային պայմանավորվածությունների արդյունքում սեպտեմբերի սկզբին Ղարաբաղում իշխանափոխություն եղավ՝ Արայիկ Հարությունյանը գնաց, եկավ Բակո Սահակյանի մտերիմներից (նախկին ԱԱԾ-ական) Սամվել Շահրամանյանը։
Միակ քաղաքական ուժը, որ ընդդիմանում էր դիրքափոխման այս որոշմանը, Սամվել Բաբայանի թիմն էր՝ «Միասնական հայերնիքը»։ Նախագահի հրաժարականից առաջ (օգոստոսի 24-ին) կուսակցությունը հայտարարել էր՝ տեղի ունեցածողը հանգեցնելու է Արցախի վերջնական հանձնմանը։ Հրաժարականից հետո էլ հանրահավաք էր հայտարարել։ Հետագայում այդ հանրահավաքը չեղարկվել էր։ «Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի», – սեպտեմբերի 9-ին հայտարարել էր Բաբայանը՝ հավելելով․ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող 22 պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։
Չնայած այս սպառնալիքին, Արցախում նախագահ փոխվեց, նոր նախագահը երդում տվեց, խոստացավ՝ զիջումների չի գնալու։ Հայաստանի նախկին նախագահներից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ողջունեցին և շնորհավորեցին։ Սրանից ընդամենը տասը օր անց ադրբեջանական բանակը գրոհեց Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ ցամաքային զորքերով և օդային ուժերով։ Մեկօրյա մարտերից հետո Ստեփանակերտը ստորագրեց ամբողջական կապիտուլիացիայի հայտարարությունը։ Ունենք՝ հարյուրավոր զոհեր, լուծարված ՊԲ, գրավված բնակավայրեր, տասնյակ հազարավոր փախստականներ։ Լեռնային Ղարաբաղը փաստացի հայաթափվում է։
Նախօրեին Հայաստանի հանրայաին հեռուստաընկերության եթերում Սամվել Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ընթացքում՝ խոստովանել, թե վերջին ամիսներին միջնորդավորված բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Թե ինչ ձևաչափով են ընթացել այդ «բանակցությունները», արդյոք դրանք համաձայնեցված են եղել մյուս բանակցողների հետ՝ պարզ չէ։ Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև․
լրագրող Պետրոս Ղազարյան․ — Սկսենք Արայիկ Հարությունյանի հրաժարականից։ Մենք Հայաստանում շատ բան չիմացանք՝ ինչու նա գնաց, ինչու սա եկավ, ինչու հրաժարական տվեց ԱԺ նախագահը, ինչու ընտրվեց այս նախագահը․․․
Սամվել Բաբայան․ — Արայիկ Հարությունյանին զանգել են Ռուսաստանի ФСБ-ի [ԱԴԾ] 5-րդ ծառայությունից, որը կուրիրովատ է անում ամբողջ СНГ-ն [ԱՊՀ]՝ քաղաքականությունը, փոփոխությունները և այլն։ Այդ բաժինը, այդ ուպրավլենին զբաղվում է դրանով։ Եթե հիշում եք՝ Ուկրաինայի դեպքերով Ռուսաստանում [տեղեկություն] տարածվեց, որ այդ ծառայության ղեկավարներից մեկին տնային արեստ են արել։ Հենց դրանց մասին է խոսքը։ Իրենք 20 տարում հասցրել են նրան, որ 12 հանրապետություններից բոլո՛րը Ռուսաստանի հետ խռովել են և պրոբլեմ ունեն։ Ա՛յ հենց այդ ուպրավլենին, որը դրանով զբաղվում է։ Նրանք Արայիկ Հարությունյանին ասել են՝ հերիք է, դու չես կարողանում, որովհետև մեր դիսանտնիկները՝ էն մյուս շպիոնները, մեզ զեկուցում են, որ դու մեկ-մեկ մեզ խաբում ես։
ՊՂ — Ովքե՞ր։
ՍԲ — Կոնկրետ առաջվա նախագահները՝ զեկուցում են այնտեղ, որ Արայիկը լրիվ չի ձեզ ճիշտը պատմում, մենք ավելի լրիվ կպատմենք։ Նրան փոխում են, սրան հանում են, և բերում են նորին։
ՊՂ — Այսինքն՝ Ռուսաստանն է այդ օպերացիան անո՞ւմ։
ՍԲ — Այո՛։ Եվ Ռուբեն Վարդանյանին էլ է Ռուսաստանը ուղարկել, հիմա էլ դիմում է, որ հնարավորություն տան՝ Ռուբեն Վարդանյանը դուրս գա։ Ինչի՞ է դրանով զբաղվում։ Չէ՞ որ էն վախտ հրաժարվեցին, թե՝ դա մեր գործակալը չի։ Հիմա էլ զբաղվում են, որ այդ գործակալը դուրս գա։
ՊՂ — Ո՞րն է ներքին՝ այդ նախագահների և մնացածի դերակատարումը։
ՍԲ — Նրանք հավաքվում են երեքով և որոշում։ Արայիկ [Հարությունյանն] էլ իրենց հետ է՝ առանձին չէ՛։ Նույն մարդիկ են՝ նույն գործակալության, նույն ծառայության տակ։ Որոշում են և փոխում այս մի մեկով։ Նույն գիշերը՝ ամսի 9-ի գիշերը, ինձ հրավիրում են պարլամենտ՝ քաղաքական 4 ուժ և դաշնակցական Դավիթ Իշխանյանը, որը պարլամենտի արդեն նախագահ էր նստել, առաջարկում են (ինչպես իրենք են ասում՝ կարգադրում են), որ ես հավաքներ չանցկացնեմ և այլն, և այլն։ Ասում են՝ Բաքվից հրահանգ ենք ստացել, ուլտիմատում՝ եթե դուք ընտրեք էսինչին նախագահ, մենք ուժ ենք կիրառելու։
ՊՂ — Այսինքն Բաքուն ասե՞լ է դա։
ՍԲ — Այո՛։ Իրենք էլ ինձ ասում են՝ մենք, այս չորսով հավաքված, դա վերցնում ենք մեր վրա։ Խոսքը Արթուր Հարությունյանի մասին է, որը կուսակցության ղեկավարն էր և հիմա գոսմինիստր է, և Աշուտ Ղուլյանի, Հակոբ Հակոբյանի, ձեր սիրելի դաշնակցական Արթուրի [Մոսիյան] մասին։ Այս մարդիկ որոշել են։ Ասում եմ՝ լավ, բա ինձ ինչի՞ եք կանչել, եթե դուք արդեն որոշել եք, արդեն վերցրել եք ձեր վրա <․․․> Պատասխանատվությունը վերցրե՛լ եք, ու հասել ենք այնտեղ, ուր հասել ենք։ Մեր ժողովուրդը արդեն փախստական է, վե՛րջ, չկա՛։
Հիմա այս մարդիկ պիտի պատասխան տա՞ն, թե՞ չէ։ 22 դեպուտատները՝ այս մարդիկ, և Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամյանը՝ ամբո՛ղջ այս խումբը պետք է դատարանի առջև կանգնի։
Մի բան էլ կա։ Իրենք հայտարարություն են տարածել մեկօրյա այս կռվից հետո, որի երկրորդ կետով «Հայաստանը իրա բանակը պետք է Լեռնային Ղարաբաղից հանի»։ Հայաստանը այնտեղ բանակ չունի՛։ Ի՞նչ բանակ պիտի հանի։ Այդ տեքստը ո՞վ է գրել։
— Ո՞վ է գրել։
— Ռուսական կողմը գրել է, այդ տեքստով տվել, որ Հայաստանին նորից մտցնի խաղի մեջ, թե՝ Հայաստանը չի կատարել իր պարտականությունը, Ադրբեջանը դրա համար հարվածներ է հասցրել։ Էս խելոքներն էլ գնացել են դրան։
Ամբողջ բանակի արսենալը՝ 100 հատ տանկ, 160-170 գաուբից, գրադները, ՏՈՐ-երը և այլն, և այլն՝ մի ամբողջ բանակի զենք լրիվ հանձնել են Ադրբեջանին։ Եթե սա հանցագործություն չի, ի՞նչ է։ Ինձ էլ ասում եք՝ դու մնա մեր հետ, ինչի ես դուրս գալիս, մեր կողքը կանգնի, որ այս հանցագործության մաս դառնաս, մի մասն էլ պատասխանատվության դու կրես։ Էս հանցագործները, հենց Հայաստանի տարածք մտնես, պետք է քրեական գործ․․․ Ինչ ես հիմա ասում եմ՝ համարեք հաղորդում հանցագործության մասին։ Քննություն թող տանեն։
Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք ավտոնոմ ռեսպուբլիկայի։ Կետ առ կետ գրած՝ 23 կետ։ Եվ Ադրբեջանը համաձայնվել է։ Այն մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը սահմանով տվել են, սահմանով ստացել են, մի շարք հարցեր նաև բանակցել ենք՝ այդ մարդիկ կգան, դատարանում ցուցմունք կտան։ Այդ տեքստը, այդ կետերը․․․
— Այսինքն՝ այլընտրանքային տարբերակ է եղե՞լ։
— Այո՛, այլընտրանք եղե՛լ է։
— Այսինքն՝ հնարավո՞ր էր խուսափել այս ամեն ինչից։
— Իհարկե, մենք կարող էինք 4 հազար 400 տարածքի վրա, ոնց որ ունեցել ենք՝ Արցախի НКАО-ն, այդ տարածքի վրա ստեղծենք ավտոնոմ ռեսպուբլիկան։ Այսինքն՝ մեր գվարդիան ունենային և այլն։ Էս մարդիկ չեն ցանկացել։
— Այսինքն՝ Ասրբեջանը համաձայնվե՞լ է դրան։
— Այո՛։
— Դո՞ւք եք բանակցել։
— Ես բանակցել եմ միջնորդված։ Ուղիղ ես չեմ եղել։ Ես ուղարկել եմ գրավոր, իրենք էլ համաձայնվել են։ Այդ մարդիկ էլ կան, որոնք բանակցել են, որոնք տարել են և բերել են, բոլորը կգան դատարանում ցուցմունք կտան։ Կտեսնեք՝ իրականություն է, թե չէ։
— Այսինքն՝ Ադրբեջանը համաձայնվել է, որ մենք ավտոնոմիա ունենանք, տեղական ինքնակառավարում, ազգային գվարդիա․․․
— Ամե՛ն ինչ։ Ամեն ինչ։ Այդ մարդիկ կատարել են հանցագործություն։
— Դուք դա ներկայացրե՞լ եք Շահրամանյանին և մյուսներին։
— Ոչ մեկին ես չեմ ներկայացրել, որովհետև իրենք չեն էլ ցանկացել դա։ Իրենք չեն էլ հրավիրել որևիցե հանդիպման։ Վերջին 15 օրերին՝ իրենց ընտրվելու րոպեից, որևիցե հավաքի, ԱԽ նիստի, քաղուժերի հանդիպումներին իրենք չեն հրավիրել, որովհետև իմացել են մեր դիրքորոշումը, որ դեմ ենք այդ քայլերին։ Լավ են արել, իրենք վերցրել են իրենց վրա այդ պատասխանատվությունը։ Հիմա պետք է դատարանում տան․․․ Իրենք պետական հանցագործ են, իրենք դա կատարել են։ Ժողովուրդը հանրաքվե է արել, ընտրել է անկախություն, իրենք դա մի փաստաթղթով չեղյալ են արել և Ղարաբաղը հանձնել լրիվությամբ Ադրբեջանին։ Հիմա էլ մեր ժողովրդին տարհանում են։ Տարհանումն էլ ի՞նչ են արել։ Փոքրամասնություն ես, ազատ շարժվելու իրավունք էլ ունես, դե՝ դուրս եկ։ Այսինքն՝ մենք չենք, որպես իշխանություն, ասում՝ դուրս եկեք, այլ ստեղծում ենք մի այնպիսի իրավիճակ, որ դու դուրս գաս։ Այս մարդիկ պետական հանցագործներ են։
Հայաստանի Հանրապետությունը տարեկան 500 միլիոն դոլար է ծախսել, որ ժողովուրդը վերադառնա, կյանքը բարելավվի։ Ինչ ուզել՝ արել են, վերջում էլ դրել են, թե Հայաստանը հանցագործն է։
Ավելին ասեմ՝ ամբողջ ծանր տեխնիկան, որը Ադրբեջանն ընդունել է՝ և՛ հրետանի, և այլն, և այլն, կարող են ստուգել՝ 90-ականներին Ադրբեջանից գրավված տեխնիկան է, Հայաստանը դրա հետ ոչ մի կապ չունի։ Թո՛ղ համարներով նայեն, տեսնեն։
― Իսկ ձեր պայմանավորվածությամբ այդ տեխնիկան ի՞նչ պետք է լիներ։
― Տեխնիկան պետք է դուրս բերվեր Հայաստան, փաստաթղթում կա գրված։ Ադրբեջանն այդ կետի հետ կապված պրետենզիա է ունեցել, խնդիր է դրել, որ այդ տեխնիկան տեղում ուտիլիզացիա անենք։ Ես ասել եմ, որ այն պետք է գնա Հայաստան։ 23 կետից 3-ին իրենք համաձայն չեն եղել․․․ Այդ կետերն էլ այդ մարդիկ կգան ու կասեն, ցուցմունք կտան դատարանում, հո թաքուն չի՞։
― Իրո՞ք այդպիսի բան է եղել։ Իմ հավատը չի գալիս։
― Հավատդ չի գալիս, մարդիկ կգան դատարանում ցուցմունք կտան, փաստաթղթերը կտան ձեզ, կտեսնեք, որ հավատը այն է, ինչ փաստ է։
― Եթե դուք պնդում եք, որ նրանց բերել է Ռուսաստանի 5-րդ վարչությունը կամ Ռուսաստանը, ինչո՞ւ Ռուաստանը թույլ տվեց, որ Ադրբեջանն այդպես հարձակվի։ Երկրորդը՝ եթե Ադրբեջանը համաձայն էր ազգային գվարդիային, համաձայն էր ինքնավարությանը, ինչո՞ւ նոր իշխանությունները չգնացին դրան։
― Որովհետև Ղարաբաղի նոր իշխանությունները, մոռացել եք երևի, միայն ու միայն «անկախություն», «հավասարը հավասարի հետ» [էին պահանջում]․․․ Ճի՞շտ է, թե՞ մոռացել եք։ <․․․> Նրա երդմնակալությունը, Սահմանադրության վրա ձեռք էր դրել՝ տարածքային ամբողջականություն և այլն, և այլն, և այլն։ Վերցրեք նայեք։ Երբ ես ասում էի, որ պետք է ուղիղ բանակցություններ վարել, Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ինձ ասացին, որ դավաճան եմ ես։ Հիմա այդ ուժերը, ովքեր նաև շնորհավորել են [նոր նախագահին ընտրության կապակցությամբ], թող իրենք օֆիցիալ ասեն՝ իրենք դավաճա՞ն են, որ երկիրը հանձնեցին, թե՞ ոչ։ Իրենք տարան հանձնման։
― Շնորհավորեցին նախկին երկու նախագահները։
― Նախկին նախագահները, քաղաքական ուժերը և այլն, և այլն։
Այդ մարդիկ դեմ էին Աղդամով առևտրին, ճի՞շտ է։ Արեցի՞ն առևտուրը։ Իրենց օրոք արեցի՞ն։ Արեցին։ Երկիրը հանձնեցի՞ն։ Բա էլ ինչից են խոսում։ Մարդիկ հիվա՞նդ են ուղեղներից։ Խնդիրը հետևյալն է՝ դավաճանը իրենք են, իրենք արել են մի բան՝ համոզված, Ադրբեջանի հետ պայմանավորված․․․
Մի անգամ ես պարլամենտում նիստի ժամանակ՝ մինչ այդ ընտրությունները, ելույթ եմ ունեցել, ասել, որ Ադրբեջանի հետ մենք բանակցում ենք, փաստաթուղթ եմ ուղարկել, սպասում ենք պատասխանի։ Երկու օրից իրենք ժողովրդի մեջ լուր են տարածում՝ ասում են այդքան էլ այդպես չէ, մեկ է դա չի լինի, սուտ է։ Իրենք՝ այդ դեսանտնիկները, այդ կապիկները, որ մեկ այլ պետության շպիոն են աշխատում։ Ես սա այսօր չեմ ասում, ես սա բաց ասել եմ նաև այն ժամանակ։ Այդ մարդիկ գործակալներ են։ Այդ մարդուն ասում ես գործակալ, ինքը չի ասում՝ ես գործակալ չեմ։ Հասկանո՞ւմ եք։ Սեփական ժողովրդին օգտագործել են ամեն ձևի քսանքանի տարի՝ իրենց շահերի, հարստանալու համար։ Հայաստանի իշխանությունները հիմա պարտավոր են առգրավել նրանց այստեղի ունեցածը, տալ ժողովրդին։ Այլընտրանք էլ չկա։ Պետք է կարողանալ ժողովրդին այստեղ վերաբնակեցնել։
― Իմ հարցին չպատասխանեցիք։ Եթե Արցախի իշխանություններին բերել է Ռուաստանը, ինչո՞ւ մի քանի օր հետո Ռուսաստանը թույլ տվեց, որ հարձակվեն Արցախի վրա։
― Պետրոս, պրոբլեմը նրա մեջ է, որ դուք համարում եք, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին կամ թույլ տալ, կամ թույլ չտալ։ Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի, հեղինակազրկի, բացատրի, որ Ռուսաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Դա իրականություն է։ Այդ ժողովուրդը դրա պատճառով է նաև տուժվել։ Ես դրա համար պարզ բացատրել եմ՝ պետք են ուղիղ բանակցություններ, առանց որևիցե միջնորդության, առանց որևիցե միջնորդի։
Ադրբեջանն իրեն հիմա համարում է հաղթած։ Բայց ես ձեզ ասեմ՝ Ադրբեջանը հիմա պարտված է:
― Ինչպե՞ս։
― Որովհետև Թուրքիա-Ադրբեջան տանդեմին Ռուաստանն ու Պարսկաստանը չեն ընդունելու, դա բերելու է նոր մի պրոբլեմի։ Մի քիչ համբերենք՝ տեսնենք։
Ամենամեծ սխալն այն է, որ Ղարաբաղին չտրվեց ավտոնոմ ռեսպուբլիկայի կարգավիճակ, որը կլիներ օղակ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հաշտության, առևտրի, տնտեսական շփումների։ Ես բացատրել եմ մեր տեսակետը, իրենք ընդունել են դա։ Բայց կենացները քաղցրացան, երբ եկան այս ջահելները և ասեցին՝ պայքարում ենք մինչև վերջ։
― Ռուբեն Վարդանյանի դերն ինչպիսի՞ն էր այդ պատմության մեջ։
― Ռուբեն վարդանյանն ուղարկվել է որպես գոսմինիստր ու այդտեղից էլ սկսել է բլոկադան։ Սա հենց ձեր հարցի պատասխանն է։ Նրանք [Ռուսաստանը] համարել են, որ նրան գործուղել են իրավիճակը սառեցնելու համար։ Ադրբեջանը դա որևիցե ձև թույլ չէր տա։ Այս մեկին էլ, որ փոխել-դրել են, նույն ձև են համարել՝ եկել է իրավիճակը սառեցնելու։ Ադրբեջանը չէր գնա դրան, ինքը հասկանում էր, որ պետք է արագ այս երկու տարում իր հարցերը լուծի, հակառակ դեպքում պրոբլեմ է ունենալու։
― Լավ, ասենք՝ այնտեղ ռուսական շպիոններն էին, ռուսական 5-րդ բաժինն էր։ Բա Հայաստանի նախկին նախագահնե՞րը, ԱԺ ֆրակցիանե՞րը, շատ քաղաքագետներ և քաղաքական գործիչնե՞ր։ Նրանք նույնպես սատարում էին այդ իշխանությա՞նը։ Ինչո՞ւ։
― Նորից եմ ասում՝ իրենց նպատակն էր սառեցնել իրավիճակը Ղարաբաղում, պահել իրենց տեսադաշտում, իրենց ազդեցության գոտում Հայաստանն ու Ադրբեջանը, այստեղ փորձել խաղից հանել այն ուժերին, որոնք խանգարում են այդ վիճակը պահելուն։
― Իշխանությունների՞ն։
― Դե ինչ ուզում ես ասա՝ ես ձեզ ընդհանուր ռազմավարությունն եմ ասում։ Այդ մարդիկ էլ հիմա ծառայում են այդ ծառայությունում, իրենց գործն էլ դա է։
― Պարոն Բաբայան, հիմա որ ձեզ լսենք՝ Հայաստանի կեսը Ռուսաստանի շպիոն է։
― Ինչի՞ կեսը, կարող է կեսից ավել էլ լինեն։ Հիմա ես հարց եմ տալիս՝ այդ մարդիկ Արցախում իշխանությունը վերցրին ինչի՞ համար, ի՞նչ անեն, հանձնե՞ն Արցախը։ Չէ, բոլորդ համոզված էիք, որ քանի դեռ այնտեղ կան ռուսական ուժեր, Ադրբեջանը ուժ չի կիրառելու։ Եկեք անկեղծ եղեք։ Ես էի, որ ասում էի՝ կիրառելու է, որովհետև իր միակ փրկությունը դա է։ Չլսեցիք, ստացաք։
Արցախի ժողովրդին այդքան բացատրում էի, խնդրում էի։ Չլսեցին, որովհետև այդ բոլոր ագենտները իրենց ցանցերն ունեն ժողովրդի մեջ՝ փող էին բաժանում, համոզում էին, խաբում էին, իրենց տերերն էլ էստեղից էին նույնը անում։
Մի հատ վերցրեք նայեք, թե ովքեր շնորհավորեցին, առաջինն ով շնորհավորեց պարծենալով։ Ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին՝ շնորհավորում էր «ճիշտ որոշման» համար։ Հիմա հանձնել են Արցախը։ Ուզո՞ւմ է պատասխանատվության մի մասը կրել, թե՞ ինքը միայն շնորհավորող է։
Լավ է էլի։ Ես պարզ ասում եմ՝ այս մարդիկ 5-րդ ծառայության շպիոններ են, Հայաստանի ժողովրդի մասին չեն մտածում, այլ աշխատում են տարբեր ծառայություններում։ Եթե ձեզ համար դա նորություն է, դա էլ է խնդիր։ Ինձ համար նորություն չէ։
― Հիմա ի՞նչ է ուզում ընդդիմությունը։ Ձեզ հասկանալի՞ է։
― Ինձ համար շատ պարզ է՝ իրենց պետք է Ղարաբաղի ժողովրդին բերեն այստեղ, օգտագործեն իրենց ռևանշիստական հարցերը լուծելու համար։ Ես մեր ժողովրդին խնդրում եմ, որ որևիցե ուժի՝ ոչ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, չծառայեն։ Համախմբված ամեն ինչ անենք, որ տներ կառուցենք, որ մարդիկ նորմալ ապրեն, որ այս-այն քաղաքական ուժի տակ ծառայություն չմատուցեն։
― Ի՞նչ փաստ կա, որ ցանկանում են օգտագործել։
― Պա՛րզ։ Այստեղ բոլոր այդ կուսակցության անդամները հայտարարում էին՝ Ղարաբաղում իշխանությունը փոխել ենք, մի քիչ համբերեք, մինչև այստեղ էլ փոխենք։
― Ինչի՞ համար են ուզում փոխել։
― Փոխում են, որովհետև իրենք պետք է գան։
― Միջա՞նցքն է հարցը։
― Ոչ մի միջանցքի հարց չկա։
Ուզում են գան իշխանության, ժողովրդին ծառայեցնեն իրենց։ Դրան են ձգտում։
― Ռուաստանն օգնո՞ւմ է նրանց։
― Չգիտեմ, իրենցից հարցրու, երբ հրավիրում ես քեզ մոտ։
― Չեն գալիս։
― Լավ չես հրավիրում։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ իրենք էլ երևի չգիտեն, թե ում են ծառայում, խի են ծառայում, որովհետև իրենց ջոջերը ծառայում են, կարգադրում են, իրենք էլ կատարում են։ Կարող է մեջները մարդ լինի, որ չհասկանա, որ ինքը այլ ծառայության տակ է։
120 հազարը հիմա է դուրս գալու, շուտով կհաշվենք ու կտեսնենք վերջնական թիվը, մինչև այդ էլ 40 հազար արդեն այստեղ է եղել։ Կամ մենք մեր ժողովրդին տանում ենք նորմալ վերաբնակեցնում ենք, կառուցում ենք, ստեղծում ենք, հարցերը լուծում ենք, որ կարողանան նորմալ ապրել, կամ թողնում ենք անտեր, ով ուզում օգտագործում է։ Իշխանությունը՝ իր համար, ընդդիմությունն՝ իր։
― Ինչո՞ւ է վերջին օրերին Ռուսաստանն այդպես հարվածում մեր իշխանություններին։ Դուք հավանաբար հետևել եք, թե ինչ դիվանագիտական պատերազմ է գնում, նաև հետևել եք, թե ինչպիսի ամերիկյան մեծ բարձրաստիճան պատվիրակություններ են գալիս Հայաստան։ Ի՞նչ է կատարվում։
― Երկու կողմն էլ ուզում են Հայաստանի վրա ազդեցությունը մեծացնել։ [Ռուսաստանն ուզում է] խնդիրները լուծել, որովհետև Հայաստանի՝ ռուսական օրբիտայից դուրս գալը ամբողջ Հարավային Կովկասի կորցնելն է, իսկ դա ենթադրում է կենտրոնական Ասիայում և, ինչու ոչ, Հյուսիսային Կովկասում խժդժությունների սկիզբ։ Ամերիկյան կողմն էլ, քանի որ Ադրբեջանի և Վրաստանի հետ հարցերը լուծված են, կենտրոնական Ասիայի հետ խնդիրներն ինչ-որ չափով լուծված են, փորձում է Հայաստանին օգտակար լինել, որ վստահ քայլերով միանա իրենց ընտանիքին։
― Եթե ըստ ձեզ Ադրբեջանը Ռուսաստանին բանի տեղ չդրեց, հարձակվեց ու վարկաբեկեց, ինչո՞ւ են Ռուսաստանի իշխանություններն այդ ամենի մեջ մեղադրում Հայաստանին։
― Չեն ուզում իրենք հակադրվել Ադրբեջանին հենց առաջին օրվանից, որովհետև Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան, Թուրքիան կարող է պատերազմի երկրորդ գիծ բացել։ Արցախի կապիտուլյացիայի այս վերջին տեքստի մեջ (ամսի 9-ի հայտարարությունն էին համարում կապիտուլյացիա, չէ՞, բայց կապիտուլյացիան սա՛ է եղել) Հայաստանի բանակ բառակապակցությունը օգտագործելը․․․ ես էլ, դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանն այնտեղ բանակ չունի, Հայաստանը բանակը հանել է 2020-21 թվերին:
― Ավելին, Ռուսաստանը Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը բացատրեց նրանով, որ Հայաստանն այնտեղ զորքեր ունի և էլի գցեց մեր վրա։
― Այո, հիմա նույն ձև գցում է մեր վրա ու ասում, որ քանզի Հայաստանն իր պարտականությունը չի արել, Ադրբեջանը ուժ է կիրառել։ Դարձանք մենք մեղավորը։ Այդ մարդիկ էլ ստորագրեցին այդ փաստաթուղթը, այդ հայտարարության տակ։ Հիմա սա հանցագործություն է, թե՞ ոչ։
― Ինչո՞ւ են այդ մարդիկ ստորագրել։
― Դե պետք է դատարանում ցուցմունք տան ու ասեն, թե ո՞վ է գրել տեքստը, ո՞նց են բացատրել, խի՞ են ստորագրել։ Դրա համար ասում եմ՝ հենց մտնեն Հայաստանի տարածք, այդ մարդիկ պետք է ձերբակալվեն։ Համարեք հաղորդում դատախազությանն ու քննչական վարչությանը։ Անհապաղ բոլորին։ Այդ շայկան պետք է ձերբակալվի ու բացահայտվի, թե ո՞ւմ գործակալներն են, ո՞ւմ կարգադրությամբ են գործել, ո՞նց է ժողովրդավարական ընտրված նախագահը հրաժարական տվել և 22 դեպուտատներով ընտրել են [նոր նախագահ]։ Ո՞նց եք դա արել, ո՞նց է վայեննի խունտան պայմանավորվել ու երկիրը հանձնել։ <․․․>
― Սրա խորքերը գնու՞մ են նաև 44-օրյա պատերազմ։
― Եթե ճիշտ քննություն տանեն՝ այո։
― Ո՞րն է տրամաբանական կապը։
― Տրամաբանական կապն այն է, որ նույն Արայիկ Հարությունյանը այն ժամանակ կառավարում էր ամեն ինչ և այնտեղից զեկուցում Նիկոլ Փաշինյանին, բայց բացի դրանից՝ նախորդ երկու նախագահները օրը երկու անգամ հանդիպում էին Արայիկի հետ, ցուցում էին տալիս, ասում էին՝ ինչ անել, ոնց անել։ Հիմա որ ամբողջը քննենք, տեսնելու ենք, թե ինչ է կատարվել 44-օրյայի ժամանակ և հիմա։
― Այսինքն, ըստ ձեզ, եղե՞լ է մեծ դավաճանություն։
― Եկեք թողնենք դա քննությանը և դատարանին։
― Հանուն ինչի՞։
― Հանուն․․․ պետք է Ղարաբաղին վերջ տային, պրծնեին, իրենց հարստությունը պահեին։ Մի հատ վերցրու նայի այդ մարդիկ Հայաստանում ինչեր ունեն, աշխարհի ծերերում ինչ հարստություններ ունեն։
― Հանու փողի՞։
― Դե իհարկե՛։ Ուրիշ ինչո՞վ եք բացատրում դա։
―Բայց Ղարաբաղը հանձնելը ի՞նչ կտա իրենց։
― Պրծան ամեն ինչից, սաղ թղթերը վառեցին։ Ուղիղ մեկ միլիարդ հիմնադրամի փողերն են բաժանել, մեկ րոպեում վառեցին, վերջացրին։ Ավարտվե՛ց։ Ոչ մեկը ո՛չ կարող է ստուգել, ո՛չ կարող է մտնել այդ տարածք։
― Արխիվ չկա՞։
― Վառել են արխիվը։ Ստեփանակերտում հինգ օր կրակ է․ փաստաթղթեր են վառում ու վառում։ Սաղ ժողովուրդը գիտի։
― Վառում են, որ ադրբեջանցիների ձեռքը չընկնի։
― Իհարկե իրենց մեկնաբանությունը դա է, բայց դա առիթ է, որ․․․ Ադրբեջանը Ղարաբաղին հո՞ փող չի տվել, որ գա ստուգի․․․ հիմնադրամը ինչի՞ եք վառում։ Պետք է այդ մարդիկ քննություն անցնեն և ներկայացնեն, թե ինչ են արել ու ինչի համար են արել։