ի սեր աստծո, երնեկ ամեն մեկս ու ես կարողանայինք զսպել մեր ոչ անհրաժեշտ պոռթկումները էս հարթակում, որ ժխորի տակից լսվեր կարևորը: հոգեթերապևտիկ նպատակներով մտքերով կիսվելը համընդհանուր փսիխոզի պայմաններում մեզ բոլորիս միայն ավելի սուր փսիխոզի է տանում: հավասարապես ճանաչված, հավասարապես հարգված, ընդհանուր առմամբ սիրելի մարդկանց բևեռային տարբերվող կարծիքների, մտքերի, դիրքորոշումների տարափը ապակողմնորոշում ա: այս ժխորը ոչ թե թույլ ա տալիս օգտվել բազմակարծության պտուղներից, նույն իրավիճակին տարբեր տեսանկյուններից նայելու և վերլուծելու հնարավորությունից, այլ ստեղծում է կակոֆոնիա, ստիպում է սեղմել ականջները և պատասխանը փնտրել որևէ մի հեղինակության ափերում: կամ ավելի ուժեղ սեղմել և փորձել լսել սեփական ձայնը:
ես բարեբախտաբար որևէ տեսանկյունից հեղինակություն չեմ: 2007-2018թթ. եղել եմ բոլոր կամ գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական և քաղաքացիական շարժումներում և նախաձեռնություններում՝ փողոցային պայքարում, բաց և փակ քննարկումներում: թարգմանել եմ, գրել եմ, համոզել եմ, կազմակերպել եմ, տվել եմ տարածք, եփել եմ սուրճ, նկարել եմ պատերին, կանխել եմ բախումներ, հրահրել եմ բախումներ, պաշտպանել եմ բերման ենթարկվելուց և կազմակերպված գնացել եմ բերման ենթարկվելու, որ բաժնում խոսալու 3 ժամ ունենամ: ու ինչ արել եմ, ճիշտ եմ արել: ճիշտ եմ արել մինչև 2018թ. հունիսը, երբ ընկերներիս հետ հավատացի, որ հեղափոխությունը փողոցից մտել է հաստատություններ ու պահանջների փոխարեն առաջարկությունները արդեն բավարար են: բայցև թե դրանից առաջ, թե 2018-ի հունիսին առաջնորդվում էի նույն սկզբունքով՝ հասարակությունը գնում է առաջ, հասարակության մի խումբը կամ ամբողջը դիմադրողականություն են ձեռք բերում, սովորում են պաշտպանել իրենց իրավունքները, սովորում են կառուցել իրենց շուրջ կյանքը ի հակառակ ճնշողների, ի հակառակ կայսերական շահերի, ի հակառակ թալանչիների:
2018ից հետո եղել էին հարցեր, որոնց առիթով փողոցում դիմադրությունը փորձելու էի պահել մինչև վերջին խազը: բայց այդ հարցերը արդեն պոլեմիկ էին թվում. համահարթ հարկում, Ամուլսար… կարող է լինել կամ չլինել: էս պոլեմիկ հարցերի շարքում էր հայտնվել նաև հարց, որը չծնված թաղել էր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնցից գոնե մեկ-երկուսը շանս ունեին քաղաքականությամբ զբաղվելու: Արցախի հարցն է: խելագարեցնող է, որ այդ հարցը փակեցին նրանք, ով Արցախով փակում էր բերաններս ինչ ես ինձ հիշում եմ: Եվլախից հետո խոսքը արդեն միայն Լեռնային Ղարաբաղի կամ Ղարաբաղի հայերի իրավունքների մասին է: Անհնար էր Արցախի ուտոպիստական ու միաժամանակ գոռոզամիտ դոգմայից հրաժարվելը և հանրային խոսքդ լսելի դարձնելը: 2014 թվից գոնե հիշում եմ, որ ամեն էսկալացիայից հետո դոգմայից գոնե թեթև շեղվող լուծում առաջարկող ցանկացած մեկի ունքերին հայտնվում էին գոնե տասը ոչմիթիզականներ և «ախր_ոնց_ես_պատկերացնում»-իստներ: այ սենց չէինք պատկերացնում, երեխեք:
դեռ անցած դեկտեմբերին ընկերներիս հետ Գորիս էինք գնացել, փորձում էինք միամիտ-միամիտ անցնել Լաչինը: Յուռը ասում էր, որ ուղղակի հայերին հանում են, հանելու են: Չէի հավատում, որ դեկտեմբերից սեպտեմբեր ուղղակի բոլորով կնայենք մինչև դա տեղի կունենա ու որ ոչ մի կերպ դրան խոչընդոտել չենք կարողանա: տենց մեկ էլ 2020-ին, երբ հուլիսյան մարտերից հետո պարզ էր, որ պատերազմ լինելու ա, չէի հավատում, որ այսքան ջախջախիչ կլինի ու չի կանգնի 44 օր: ու տենց չէի հավատում, երբ 2018-ին ընկերներիս հետ խոսում էինք, որ «էս Նիկոլը նենց միամիտ ազգայնական ա, որ իրոք կարա երկիրը պատերազմի մեջ տանի»: Սխալ էր իհարկե, այդքանը գոնե կատակով ասելուց հետո հեղափոխական կառավարությունը սանձերից թողնելը և ճակատով Արցախի հարցի պատին չխփելը: չնայած, սանձը բռնողների կեսն էլ էր թարս նայելու: ու հիմա էլ, ինձ թվում ա, չեմ հավատում, որ Հայաստանը պետականությունը կորցնելու եզրին ա: գիտեմ դա, բայց չեմ հավատում:
ու թե խի՞ էլ արժևորում եմ էս պետականությունը, ի՞նչ եմ խերվել դրանից: պատանեկությունից համոզված եմ, որ պետությունը բռնության մեքենա ա, որը պետք ա, որ տերերը հարմար իշխեն ճորտերին, որը ուշ, բայց ավելի լավ է շուտ, պիտի վերանա՝ տեղ տալով ավելի ազատ, արդար, հավասարությունը և բազմազանությունը խթանող հասարակարգերին: բայց կներեք, մինչև էդ երանելի պահը ես նախընտրում եմ գոնե որևիցե ազդեցություն այդ պետության զարգացման վրա, անկախ պետություն եմ ուզում: ուզում եմ հայերեն կռիվ տամ պաշտոնյայի հետ, թե ինչ ա գրվում դասագրքերում, հայկական դրամով հարկ վճարեմ ու կռիվ տամ, որ հասնի մանկապարտեզ կառուցելուն, հայերեն գրվող օրենքները քննադատեմ ու փորձեմ փոփոխել դրանք, ի վերջո, հայերեն քաղաքական միտք կարդամ ու լսեմ, ու արտահայտեմ, որ էդ միտքը թե մեզ, թե աշխարհը տեղից շարժի՝ դեպի առաջ: այսքան ազգայնական եմ փաստորեն: ու դրա համար Հայաստանի Հանրապետությունը միակ տեղն է: միակը, որ պաշտպանված է միջազգային իրավունքով, միակը, որ երաշխավորում է իմ՝ դրա համար պայքարելու իրավունքը, միակը, որի քաղաքացին եմ:
ու Ղարաբաղից եկած հայերն են էս երկրի քաղաքացին: երեսուն տարի երևակայական մեր վեհությամբ ապրած, սաղ կյանքը ուտոպիա կառուցելուն զոհաբերած, ոչ անվտանգություն, ոչ իրավունք, ոչ ինքնուրույնություն ունեցած մեր քաղաքացիներն են: նվազագույն անհրաժեշտ բանը, որ արդարացնում է պետության գոյությունը, դա քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է ու դրա համար, փառք աստծո, մարդիկ տարհանվում են:
տարհանվողները և իրենց տներում մնացողները որևէ կերպ մեկը մյուսից ճիշտ չեն՝ դա յուրաքանչյուրի ճարահատյալ ընտրությունն ա: բայց նրանց համար, ով ուզում է լքել տունը և հայրենիքը, պետությունը պիտի ստեղծի բոլոր պայմանները իր ափերում իրավունքները և արժանապատիվ կյանքը վայելելու: և մենք բոլորս:
ես դա տեսել էի 2020-ին, երբ պատերազմից երկու շաբաթ էլ չանցած, «ղարաբաղցին» ասվում էր վիրավորական, պահանջկոտ, մեղադրող երանգներով: հայերը մյուս ժողովորդներից լավը չեն: մյուսների պես փախնում են պատերազմից, մյուսների պես վատ վերաբերվում փախստականներին, չնայած մյուսների պես էլ կռվում են ու մյուսների պես էլ օգնում տուժածներին:
ուզում եմ, որ ամեն դժվար պահին հիշեմ, որ մի մասն եմ էն «մենք»-ի, որը թույլ տվեց, որ 80-ականների վերջի իրավունքների համար պայքարը վերածվի պատերազմի, որ պատերազմը չավարտվի, որ մի ամբողջ սերնդի կյանքը կառուցվի պատանդ-հերոս կարգավիճակից ելնելով, որ լինեն նոր զոհեր ու նոր զոհեր, ու նոր զոհեր, մինչև չջախջախվենք: ոչ մեկի վրա չպիտի մուննաթ գամ բացի ինձնից:
էս վերջերս կարծես նոր համատարած մոդա է, խոսքը սկսելու նախապայման՝ ես իհարկե Նիկոլի աջակիցը չեմ, իհարկե Փաշինյանը պիտի հեռանա… այսքանը ասելուց հետո նոր կարելի է միտք ձևակերպել: բայց այս իրավիճակում, երբ երկիրը ընդունում ա տասնյակ հազարավոր փախստականներ, երբ պատերազմով երկրից ինչ ասես ստանալը այսքան հեշտ է, երբ դրսից կառավարվող իշխանափոխությունը ոչ թե միֆ է, այլ կոնկրետ քաղաքական պրոցես, ես չեմ ուզում թողնել Նիկոլը հեռանա: թող մնա ու պարտվի հաջորդ ընտրություններին, թող մնա և մի օր կանգնի դատարանի առջև, թող մնա և այս հազիվհազ իր շուրջ աշխատող համակարգը կարողանա խուսափել պատերազմից, օգնել մարդկանց, զսպել ինքն իրեն տրագիկոմիկ բռնապետություն դառնալուց: ստացվում է, ես ոչ միայն ազգայնական եմ, այլև նիկոլի աջակից: Նիկոլին վատ և շատ վատ վերաբերվող մարդիկ էին 2018-ի գարնանը առաջին գիշերները միասին լուսացնողների կեսը:
շատ վտանգավոր և բարդ օրեր, շաբաթներ ու ամիսներ են լինելու, աստված տա, էլ ախմախ-զամբաղ չգրեմ.
– գտնեմ սոցապի կայքերի ադմինի հետ շփման եղանակ՝ ասեմ բագերի մասին
– գտնեմ Վանաձորի համայնքապետարանում աշխարհազորի համար պատասխանատու մեկին
– հասկանամ, ովքեր են Լոռիում պատրաստվում ընդունել տեղահանվածներին ու փորձեմ օգնել
– «առանց Նիկոլ Հայաստան» գոռացող ուսանողներին, որ էլի հանդիպեմ, խիզախություն ունենամ խնդրել, որ գոնե ամեն երրորդ անգամը մի կարգին բան գոռան, թող արդարության ու անկախության մասին լինի
Անտոն Իվչենկո
աղբյուրը՝ ֆեյսբուք
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից