Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված հարյուրավոր հայեր մարտի 20-ին եկել էին Երևանի Ազատության հրապարակ՝ «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության» հանրահավաքի։
Հրապարակը ավելի մարդաշատ էր, քան ընդդիմության վերջին միտինգների ժամանակ։ Արցախցիներից մի քանիսը ասում էին, որ սովորաբար չեն մասնակցում նման միջոցառումների, այսօր որոշել են գալ, քանի որ անոնսի մեջ կազմակերպիչները շեշտը դրել էին սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային և փասթաթղթային խնդիրների վրա։
Մարտի սկզբին խոսակցություններ էին շրջանառվում, որ Կառավարությունը ապրիլից կրճատելու է փախստականներին հատկացվող՝ 40+10 հազար դրամի սոցաջակցությունը, որը տրամադրվում է բնակարան վարձակալելու և կոմունալ ծախսերը հոգալու համար։ Մարտի 12-ի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացրել էր՝ գումարը բաշխումը չի դադարեցվի, սոցաջակցության ծրագիրը կշարունակվի մինչև տարեվերջ։ Եթե բնակարանի վարձակալության համար պետությունը փող չհատկացնի, հազարավոր մարդիկ մնալու են փողոցում։ Ցույցի մասնակիցները անհանգստացած էին՝ պետական գերատեսչություններից մեկ մի բան են ասում, մեկ լրիվ ուրիշ բան։
տե՛ս Արցախցիները կարող են փողոցում հայտնվել
Մտահոգություններ կան նաև բնակապահովության նախագծի հետ կապված, որը կառավարության ներկայացուցիչները արցախյան կազմակերպություններին էին ներկայացրել շաբաթներ առաջ՝ փակ հանդիպման ժամանակ։ Մեկ շնչի հաշվով 3 միլիոնի սերտիֆիկատ էին նախատեսում տալ, բազմազավակներին՝ առաջնահերթ, մնացածներին՝ հերթով։ Ընդ որում, գումարն աշխատունակներին նախատեսում էին տալ պարտքով՝ նախապայմանով, որ այն կվերադարձվի ամենուշը տասը տարիների ընթացքում։ Եթե ծրագիրն ընդունվի՝ անշարժ գույքի գները թռնելու են նաև մարզերում, զգուշացնում են փախստականները։ Շատերը վախենում են, որ սերտիֆիկատը սահմանված ժամկետներում օգտագործել չեն կարողանալու և մնալու են անտուն։ Առաջարկում են այդ գումարներն ուղղել նոր բնակֆոնդի կառուցմանը, ինչպես Արցախում է ժամանակին արվել։
տե՛ս «Մի քիչ փող տանք՝ պրծնենք»․ Հայաստանը փախստականների համար տուն կառուցողը չէ
Ղարաբաղյան 32 կազմակերպություններից ձևավորված՝ «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը» բաց նամակով դիմել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ պահանջելով վերանայել մշակված նախագծի սկզբունքները։ Այսօրվա հանրահավաքը հենց այս նախաձեռնության կանչով էր հրավիրվել։
Մեջբերումներ հանրահավաքի զրույցներից և ելույթներից․
– Դուք հայտարարել եք, որ 120 հազար արցախցի եք ընդունել։ Է՞ս ա ձեր ընդունածը։
– Ինչ վերաբերում է Փաշինյանին՝ մենք դրան չենք խառնվում։
– 4 անչափահաս ունենք, 12 միլիոնով դժվար թե կարանանք բնակարան գնել։
– Մինչև 2020-ը 070 կոդով անձնագրերով աշխատում էին Հայաստանի պետական մարմիններում։ Ի՞նչ պատահեց հիմա։
– Կաբինետից կաբինետ են մեզ քշում։ Ոչ թուղթ են կարողանում հանել, ոչ կարգավիճակ ստանալ։ Պայքարում ենք, որ գոնե փախստական ճանաչվենք։
– Մենք արդեն կործանված ժողովուրդ ենք։
– 50 հազարները հազիվ վարձի են հերիքում։
– Բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել զինված ուժերում, էտ դուք չեք թույլ տալիս։
– Եթե չեք ուզում, որ մենք մնանք այստեղ, քաջություն ունեցեք և ուղիղ ասեք։
– Մենք խղճահարություն չենք խնդրում, մենք պահանջում ենք հարգել մեր իրավունքները։
Ըստ կազմակերպիչների՝ ժողովրդի գլխավոր պահանջը հավաքական վերադարձն է Ղարաբաղ․ Հայաստանի ղեկավարությունը Բաքվի հետ բանակցություններում նաև իրենց վերադարձի հարցը պետք է բարձրացնի:
«Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության» անդամ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ մարդիկ պատրաստ են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ միայն միջազգային բարձր երաշխիքների պայմաններում․ «Իմ պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու մենք այնտեղ կարողանանք ինքնիշխան կյանք վարել»։