մարտի 12 — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ասուլիսում հավատացրել է՝ 40+10 հազարական դրամների կրճատում չի լինելու, սոցաջակցության ծրագիրը կշարունակի առնվազն մինչև տարեվերջ։
մարտի 6 — Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ ահազանգում են՝ եթե բնակարան վարձակալելու համար հատկացվող օգնությունը կտրեն, իրենք պարզապես փողոցում են հայտնվելու։
Խոսակցություններ են շրջանառվում, որ 40 + 10 հազարական դրամը, որը մինչ այս հատկացվում էր բնակարանային հարցերը հոգալու համար, չափահաս արցախցիներն այլևս չեն ստանա։ Աջակցության ծրագիրն այս ամսվա վերջին ավարտվելու է։ Սոցապ նախարարությունում նոր նախագիծ է քննարկվում։ Օրեր առաջ փակ հանդիպում էլ է եղել։ Նախարարությունը նախագիծն առայժմ չի հրապարակում։ Տեղահանվածներին ասել են, որ աշխատունակ քաղաքացիները գումար չեն ստանալու, աջակցությունը կբաշխվի միայն երեխաների հաշվարկով, 20 հազար դրամի օգնություն էլ թոշակառուներին և հաշմանդամներին են նախատեսում տալ։ Եթե այս ծրագիրն ընդունվի, հազարավոր մարդիկ զրկվելու են տուն վարձելու հնարավորությունից։
Մարզերում տների վարձակալության գները կտրուկ աճել են։ Էջմիածնում, Չարենցավանում, Հրազդանում, օրինակ, անգամ տարրական հարմարություններ չունեցող բնակարանները 100 հազարից ավել արժեն։ Աբովյանում վարձի գներն էլ ավելի բարձր են։ Երևանը շատերի համար ուղղակի անհասանելի է։ Մայրաքաղաքից հեռու գնալ էլ չի ստացվում՝ աշխատանք չկա։
Սոցապ նախարարությունը, ըստ տեղահանված ղարաբաղցիների, հղում է անում զբաղվածության հատուկ ծրագրերին՝ թող չափահասներն աշխատեն ու հույսները չդնեն պետությունից ստացած փողի վրա։ Մինչ այժմ զբաղվածության այդ ծրագրերով մոտ հազար փախստական է հետաքրքրվել։ Տեղահանմանը հաջորդած կես տարվա ընթացքում Հայաստանում գործ է գտել ընդամենը 12 հազար արցախցի։
Մարդիկ ինքնուրույն էլ աշխատանք գտնել չեն կարողանում։ Երևանում կամ Երևանին մոտ բնակավայրերում ապաստանած տղամարդկանցից շատերը տաքսի են քշում՝ Յանդեքսի գները տեղահանությունից հետո ահագին ընկել են։ Ավելի մշտական աշխատանք գտածներն էլ բողոքում են՝ ընդամենը 80-ից 150 հազար դրամ են ստանում, որը չի բավականացնում նույնիսկ ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար։
Epress.am-ի հետ զրուցում արցախցիները բողոքում էին՝ մի կողմից, 40+10 հազար դրամները, որոնք դուրս են գրվում փախստականների անունով, հարստացնում են տեղացի ռանտյեներին (տների սեփականատերերը՝ իմանալով, որ տեղահանվածները պետությունից փող են ստանում, շարունակ բարձրացնում են վարձակալության գները), մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առանց այս աջակցության մարդիկ չեն կարողանալու վարձ տալ և մնալու են անտուն։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից մանրամասներ դեռ չեն հրապարակում։ Առաջիկայում նախագիծը կներկայացնեն կառավարության հավանությանը, ասում են՝ ծրագրի թիրախում խոցելի խմբերն են լինելու։ Ենթադրվում է՝ մյուսներն էլ թող աշխատեն, իրենց հարցերը ինքնուրույն լուծեն։
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փախստական է համարում։ Փախստականների հանդեպ Հայաստանը՝ միջազգային և ներպետական մակարդակում, ունի ստանձնած մի շարք պարտականություններ։ Ւնչպես է այս մոտեցումը հարաբերվում այդ պարտականությունների հետ։
Կառավարությունում զուգահեռաբար փախստականների բնակապահովման նոր ծրագիր է քննարկում։ Նախատեսում են մեկ անձի հաշվարկով 3 միլիոն դրամ հատկացնել՝ տուն կառուցելու կամ գնելու համար։ Ավելին՝ գումարը ոչ բոլորի համար է անհատույց լինելու։ Շահառուների համար սահմանվելու են նաև մի շարք հավելյալ պարտավորություններ։ Փախստականները վստահ են՝ այս ծրագիրն էլ չի աշխատելու։
տե՛ս նաև «Մի քիչ փող տանք՝ պրծնենք»․ Հայաստանը փախստականների համար տուն կառուցողը չէ