Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը որոշել է ստեղծել տվյալների բազա, որում ներառված կլինեն այն անձինք, որոնք «մասնակցել են բռնությանը, սպառնալիքներին, շանտաժին», նաև նրանք, ովքեր «հանրայնորեն հավանություն են տալիս նման գործողություններին»։ Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Այդ տվյալների բազան կտեղադրվի հատուկ կայքում և հասանելի ու թափանցիկ կլինի Վրաստանի քաղաքացիների համար։ Այդ անձանց նկատմամբ կկիրառվեն բոլոր միջոցները՝ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, որպեսզի օրինախախտումները, բռնությունը և սպառնալիքները չմնան առանց պետության կամ հասարակության արձագանքի», ֊ ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի ղեկավարը հայտարարել է սպորտսմենների և արվեստի գործիչների նկատմամբ «ճնշումների» մասին, նշելով, որ դա հատուկ արշավ է՝ կազմակերպված ընդդիմադիր «Ազգային շարժման» կողմից։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հետևում է ավտորիտար առաջնորնդների լավ փորձարկված մեթոդներին, որոնց նպատակն է ահաբեկել բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիներին և վախի մթնոլորտ ստեղծել ակտիվիստների շրջանակներում», ֊ նոր տվյալների բազայի մասին Epress.am-ի հարցին ի պատասխան ասել է լրագրող Գիորգի Բասխաջաուրին։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդդիմախոսները, մասնավորապես՝ բողոքի ցույցերի մասնակիցները, վերջին օրերին ահազանգում են հեռախոսազանգերի մասին. իրենց զանգում են անծանոթ համարներից և անվայել բառապաշարով պահանջում են հիմնավորել, թե ինչու է «Վրացական երազանքի» կողմից առաջ տարվող օրենքը վատը, սպառնում են գտնել և ծեծել։
«Երեկ նրանք զանգել են մեզնից շատերին, հայհոյել ու սպառնացել։ Նրանք հեռախոսահամարների բազաներ ունեն և, հավանաբար, զանգում են բոլոր նրանց, ովքեր ակտիվ են սոցիալական ցանցերում կամ մասնակցում են բողոքի ակցիաներին։ Երբ ինձ էին զանգել, հեռախոսազրույցի ընթացքում ասացին իմ բնակության հասցեն», ֊ պատմում է Բասխաջաուրին։
Սոցիալական ցանցերում տասնյակ օգտատերեր հրապարակում են այդպիսի հեռախոսազանգերի ձայնագրություններ, մեկնաբանություններում շատերը նշում են, որ իրենք էլ են նման հարձակումների զոհ դարձել անհայտ անձանց կողմից։
Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրական նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։ Օրենքով նախատեսվում է, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնց շահույթի 20%-ից ավելին ապահովվում է արտասահմանյան ֆինանսավորմամբ, գրանցվելու են հատուկ ցուցակում։ Գրանցումից կամ ֆինանսավորման աղբյուրների բացահայտումից խուսափած կազմակերպությունների համար սահմանվել է տուգանք։ Նախաձեռնության ընդդիմախոսները այն համեմատում են 2012 թվականին Ռուսաստանում ընդունված համանման օրենքի հետ։ Վրաստանի իշխանություններն այս մեղադրանքները չեն ընդունում՝ պնդելով, որ այն հիմնվում է ամերիկյան իրավական փորձի վրա։
Թբիլիսիում և վրացական այլ քաղաքներում օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Ոստիկանությունը ակցիայի մասնակիցների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառում։
Օրենքը վերջնականապես ընդունելու համար դեռ սպասվում է երրորդ ընթերցումը, որը նախատեսվում է մայիսի 17-ին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է օրենքի վրա վետո դնել և վերադարձնել խորհրդարան։ Իշխող կուսակցությունը, սակայն, ունի բավականաչափ ձայն՝ վետոն հաղթահարելու համար։