Home / ԼԳԲՏ+ / Մազերս կտրում եմ, պռոշներս հանում եմ, գնում եմ հերանցս տուն

Մազերս կտրում եմ, պռոշներս հանում եմ, գնում եմ հերանցս տուն

Ըստ բացատրական բառարանի, տունը բնակելի կամ ոչ բնակելի շինություն է, սեփական բնակարան, մշատական բնակավայր, ընտանիք, համատեղ տնտեսություն։ Երբեմն տունը հաստատություն է (մշակույթի տուն) կամ կոմերցիոն հիմնարկություն (առևտրի տուն), կամ ազնվական տոհմ, դինաստիա, ռեզիդենցիա, կամ «տեղ, որտեղ ապրում են ընդհանուր հետաքրքրություններ և համակեցության պայմաններ ունեցող մարդիկ» (հայրենիքը մեր տո՛ւնն է)։ Բառարաններում հիշատակվում են եկամտաբեր տները՝ կառուցված վարձով տալու համար, և բազմաթիվ դարձվածքներ՝ օրինակ, «ինքզինքը զգալ ինչպես տանը»։

Ի սկզբանե Կուկայի և Դիլայի հետ խոսում էին բնակարանային խնդրի մասին։ Մեզնից ոչ ոք տուն չունի, չնայած անտուն չենք համարվում։ «Տան զգացողությունը» գուգլել ենք միասին։ Հոգեբանական կայքերը տարօրինակ ձևակերպումներ էին տալիս․ «անվտանգության», «պատկանելիության», «ներդաշնակության» կոմպլեքս զգացողություն։ Ես նախընտրում էի խոսել էկոնոմիկայի մասին։ Ընկերներիցս լսել եմ, որ տրանսգենդեր կանայք վարձակալում են քաղաքի ամենաթանկ բնակարանները․ էժանների պահանջարկը մեծ է, տերերը նախապատվություն են տալիս ավելի նորմատիվ տնվորներին։ Պատմում էին, որ տրանսգենդերների մեծ մասը փողոցում է հայտնվում դեռ պատանի տարիքում՝ «ընտանիքը չի ընդունում կամ իրենք են փախնում», և բոլորի համար կա աղքատությունը հաղթահարելու պատրաստի ինֆրաստրուկտուրա՝ սեքս-աշխատանք։ Դիլան և Կուկան ծիծաղում էին հարցերիս վրա։ Ընդհանրացումներից նայիվության և մեծամտության հոտ էր գալիս։ Այդ մասին նրանք ինձ ասացին ավելի ուշ։ «Պատմությունները տարբեր են», «եկեք չխեղճանանք»։

***

Կուկա․ — Ես մեծացել եմ հանրակացարանում։ Սենյակը 18 քառակուսի էր, ապրում էին սկզբում երեքով, իսկ հետո չորսով։ 40 տարեկանում մամաս երեխա ունեցավ, և մեզ գումարվեց փոքր ախպերս։ Հիմնական խնդիրը ընդհանուր բակն էր և երկար միջանցքները․ երբ որ դու 15 տարեկան ես, հայաթի տղաները շատ վտանգավոր բան են աշխարհում։ Հանրակացարանում ապրում էին գործարանի նախկին աշխատողները, նախկին հանցագործները, հարբեցողներ, գյուղից եկած մարդիկ՝ նրանք, ովքեր նորմալ տան փող չունեին։ Ես էն ժամանակ սովորական գեյ էի։ Ադապտացում չէր լինում։ Մամաս ցերեկները գործի էր գնում, պապաս աշխատում էր հացի փռում գիշերային սմեն, փոքր ախպորս հիմնականում ես էի պահում։ Սպասում էի, որ մի քիչ մեծանա ու գնամ։ 14 տարի առաջ եմ գնացել։ 11 տարի առաջ դարձել եմ տրանս։ Երկար տարիներ ապրել եմ ընկերներիս հետ։
Զառա․ — Ի՞նչ ես վերցրել տնից գնալուց։
Կուկա․ — Շորերս, հոգևոր տետրս ու դպրոցական օրագիրս։ Առաջ Ավետարանչական եկեղեցի էի գնում։ Հիմա չեմ գնում։ Բայց Աստծուն հավատում եմ։

***

Դիլա․ — Պատմում եմ։ Ծնվել եմ գյուղում, ապրել եմ ընտանիքիս հետ, 16 տարեկանում եկել եմ Երևան, միշտ ապրել եմ վարձով։ Մամայիս տանը վատ չէր, ի միջի այլոց։ Ազատ չեմ եղել ու, քանի որ ազատ չեմ եղել, չեմ ունեցել խնդիրներ։ Զուտ ուզեցել եմ գալ Երևան։ Մամաս համարյա ամեն օր զանգում ա։ Մեկ-մեկ գնում եմ իրանց հյուր։ Նախօրոք մազերս կտրում եմ, պռոշներս հանում եմ, գնում եմ հերանցս տուն։ Առանձնապես պատմելու բան չկա։ Տան զգացողություն չունեմ։

Չորս տարի ապրել եմ Ռուսաստանի դեսպանատան։ Իմ տեսքից շատ չի երևում։ Ստեղի հարևաններն ու խանութի աշխատողները չգիտեն, որ ես տրանս եմ։ Նախորդ տան տերս էլ չգիտեր։

Մի անգամ իմ տուն հաճախորդ եկավ, ասեց, իբր թե վատ ա զգում իրան, կանչեց ընկերոջը։ Ծեծեցին ինձ ու հեռախոսս գողացան։ Ես դիմեցի ոստիկանություն։ Նենց ստացվեց, որ ոստիկանները եկան իմ տունը խուզարկելու։ Մատրասիս տակ տաս հազար դոլար ունեի․ քանի որ բանկում գրանցված չեմ, փողերս տանն էի պահում։ Ոստիկանն ասեց՝ որտեղի՞ց քեզ փող։ Ասեցի՝ աշխատել եմ։ Ասեց՝ ապօրինի եկամուտ։ Վերցրեցին փողերս, տարան բաժին։

Զառա․ — Հետ են տվե՞լ։

Դիլա․ — Մի քանի ամսից։ Տան տերը ինձ հանեց էն տնից։ Խաբեց, իբր ռեմոնտ ա անելու։ Ես էնտեղ էլ էի մենակ ապրում, բայց շենքում մի ուրիշ տրանս էլ կար։ Երբ որ հաճախորդն ինձ խփեց, գոռացի, ինքը առաջինն եկավ օգնելու։ Իսկ էս շենքում ուրիշ տրանսեր չկան։ Էստեղ լիազորն ա ապրում։ Հետևիցս նայում ա, բայց ոչ մի բան չի ասում։

***

Կուկա․ — Կլիենտս անընդհատ դուռը խառնում էր, գնում մտնում էր հարևանի տուն։ Էդ կնոջ դռներն էլ վեչնի բաց էին։ Ինքը բողոքեց, տան տերը հանեց։ Ավելի հաճախ շան համար են տնից հանել, ի միջի այլոց։ Եղել ա, որ մի երկու ամիս ենք մնացել՝ հանել են ու դեպոզիտը հետ չեն տվել։ Եղել ա, որ նույն տանը 5 տարի ապրել եմ։ Դա սովորական բան ա։

Էս տունը շատ եմ սիրում, աչքով չտամ։ Ապահով ա էն առումով, որ հարևաններ չկան։ Ապրում եմ ընկերոջս հետ։ Սենյակները իրար միջով են, ու քանի որ երկուսս էլ սեքս-աշխատանքով ենք զբաղվում, պետք ա անընդհատ պայմանավորվենք։ Մեկ-մեկ կռվում ենք իրար հետ։

Ես կուզեի մենակ ապրել, բայց մենակ վտանգավոր ա։ Մարդիկ գազազում են մեղքի զգացողությունից։ Ոչ ոք չգիտի նախօրոք՝ ինչ սպասել կլիենտից։

1-01
պատկերը՝ լուսինե թալալյանի

Դիլա․ — Երբ որ նոր էի եկել Երևան, աշխատում էի բուկլետ բաժանող, մատուցող պարսկական ռեստորանում ու Հեքիաթի կերպար։ Համացանցով ծանոթացա մի հատ տղայի հետ, որը գեյ էր։ Ես էլ էի գեյ։ Միասին տուն վարձեցինք Նար-Դոսի վրա՝ դագաղների փողոցում։ Փող չկար։

Հետո գնացի Տիգրան Մեծ՝ իմ ամենասիրած տունը։ Էնտեղի հարևանները չգիտեին։ Կապյուշոնը գլխիս քաշած իջնում էի պադյեզդով, գնում էի մի խուլ տեղ, ավտոյի մեջ քսվում էի։

Մի քանի տարի առաջ որոշել եմ, որ միշտ մենակ եմ ապրելու։ Չեմ ձանձրանում, որովհետև լիքը գործ ունեմ՝ մի օր սալոն, մի օր պեդիկյուր, մի օր էլոս։ Անընդհատ զանգում են։ Եթե կլիենտը քիչ փող ունի, գալիս ա իմ տուն, եթե շատ փող ունի, գնում ենք հյուրանոց։

Ես ահագին ուշ եմ տրանս դարձել։ Տրանս եմ դարձել, որովհետև վատ եմ ապրել։ Ուզեցել եմ սեքս-աշխատանքով զբաղվել։ Հայաստանում սիրում են տրանսերին։ Հայ տղամարդը չի գնում գեյի մոտ, չի գնում աղջիկ աշխատողի մոտ, ինքը գալիս ա տրանսի մոտ։ Մեկ էլ ռուսներին են սիրում։ Ինձ համար ավելի հեշտ ա սենց ապրել։ Շատերը ասում են՝ ստիպված էինք։ Ես ստիպված չեմ։ Արի չխաբեմ քեզ։

***

Կուկա․ — Առաջ տրանսերը ամենաթանկ բնակարաններն էին վարձում՝ 350 հազար դրամ, 400 հազար դրամ։ Տան տերերը գիտեին՝ ուրիշ տենց փող տվողի չեն ճարի, ու ձեն չէին հանում։ Հիմա էկոնոմիկան փոխվել ա։ Քանի որ սեքս-աշխատանքով զբաղվողները ավելի շատ են, սեքսի գներն ընկել են։ Լինում ա՝ 10 հազարով ենք անում, լինում ա՝ 40-50 հազարով։ Եթե առաջ ես օրական 100 հազար կարող էի աշխատել, հիմա դա հազվադեպ ա լինում։

***

Դիլա․ — Ռուս աղջիկներին 3 հազար դոլարով են տուն տալիս։ Իրանք էդտեղ օֆիսով գործ են անում։ Ասում են «էսկորտ», բայց դա նույն բանն ա՝ սովորական սեքս-աշխատանք։
Զառա․ — Էսկորտն ավելի թա՞նկ ա։
Դիլա․ — Ռուսները ավելի թանկ են։ Հայերը սիրում են ռուսներին։ Պահանջարկը մեծ ա։
Զառա․ — Ինչի՞ են սիրում։
Դիլա․ — Որովհետև ռուսները գաղտնապահ են։ Ասենք, որ հայը իրան կունի ա անում, ինքը չի էթում սաղ աշխարհին պատմում, ինքը էթում ա ու խմում ա։ Դա կոչվում ա «կոմերցիոն գաղտնիք»։
<․․․>
Դիլա․ — Իսկ դու ի՞նչ նկատի ունես, երբ որ ասում ես «տուն»։
Զառա․ — Չգիտեմ։ Ապահովության հետ ա երևի կապված։ Պետք ա բառարանում նայել։
Դիլա․ — Ես կուզեի տուն առնել։ Որովհետև հիմա ջահել եմ, ու փողը դեռ կա։ Որ մեծանամ ու չկարողանամ աշխատել, ո՞վ ա իմ տան վարձը տալու։
Զառա․ — Ի՞նչ տուն կուզեիր ունենալ։
Դիլա․ — Սովորական մի սենյականոց տուն։ Էս տան նման։ Կուզեի, որ բաքսի լինի։ Թող հարմար տուն լինի։
Զառա․ — Էս արջուկը քո՞նն ա։ Իրան տնավորելու համար ամենաքիչը երկու սենյականոց պիտի ուզես։ Երկու մարդու չափ ա։
Դիլա․ — Կլիենտս ա նվիրել։
Զառա․ — Սիրահարվա՞ծ էր։
Դիլա․ — Չգիտեմ։ Ինձ թվում ա՝ չէ։ Կլիենտին հնարավոր չի սիրահարվել։ Դա սուտ բան ա։
Զառա․ — Ինձ համար էնքան բարդ ա մենակ ապրելը։
Դիլա․ — Ինձ բարդի չի։ Ո՞ւմ հետ պետք ա ապրեմ։ Սիրածի հետ չեմ ապրի։ Որ հետը ապրեմ՝ շուտ կկռվենք։ Չէ, հետը չեմ ապրի։ Որ կլիենտ գա, հո չեմ ասելու՝ գնա զուգարանում սպասի։

***

Կուկա․ — Իմ գնալուց հետո մերոնք մնացին հանրակացարանում։ Մի տասը տարի ա սեքս-աշխատանքով եմ զբաղվում, ամենասկզբից էլ փող եմ հավաքում։ Չէի ուզում, որ պուճուր ախպերս մեծանա էդ շենքում։ Մաման արդեն տուն ա առել։ Իրա սենյակը ծախեց, մնացած փողը ես տվեցի։ <․․․> Հանրակացարանի մասին մենակ վատ բաներ եմ պատմում, չէ՞։
— Լավ բան չկա՞ր։
— Էնտեղ գտել եմ երկու ընկերների։ Իրանցից մեկը արդեն ամուսնացել ա, իսկ էն մյուսը Ռուսաստանում ա ապրում, ինքն էլ ա գեյ։ Էն տղան, որը ամուսնացած ա արդեն, իմ առաջին պարտնյորն ա եղել։ Բայց ինքը գեյ չի։ Բակի մասսային ինադու մենք քիփ ջինսեր էինք հագնում։
— Շփվո՞ւմ եք հիմա։
— Հա։ Երբ որ շենքում խոսակցություններ տարածվեցին, որ կոմայգում ինձ տեսնողներ են եղել, արդեն պարզ էր, որ պետք ա գնալ։ Մամաս ձևացրեց, որ ինքը բան չգիտի։ Իրանք բան չասեցին։

***

Դիլա․ — Էս տանս տերը գիտի իմ մասին։ Բրոկերին նախօրոք ասեցի՝ տրանս եմ, ասեցի՝ կարո՞ղ ա տան տերը չուզենա, որ ես ապրեմ։ Բրոկերը ասեց՝ կխոսամ։ Ասեց՝ պրոբլեմ չկա։ Ինքը հայտնի դերասան ա։ Անունը չգրե՛ս։ Ինձ ասեց՝ կապ չունի, դու ապրի ու ինչ ուզում ես արա։

2-01 (1)
պատկերը՝ լուսինե թալալյանի

Դիլա

Դիլա․ — Նոր պայուսակ եմ առել, ցույց տա՞մ։
Զառա․ — Ի՞նչ կա մեջը։
Դիլա․ — Պորտմանս ա, որը Վայլդբերիզից եմ պատվիրել։ Կախվածություն ունեմ մարկետփլեյսներից։ Իսկ սա զարյադըչնիկս ա։ Մի հատ ընկերուհի ունեմ՝ Լիլի, ինքը վեշնի վերցնում ա։ Սա թևատակի դեզոդորանտ ա, որ լողանամ ու փչեմ։ Դանակ էլ ունեմ։

(զանգ) Ալյո … Բարև … Լավ, դո՞ւ … Կյանք, 50 հազարով եմ հանդիպում՝ մեկից երկու հանգստացում, իմ տուն կամ հյուրանոց … Տրանս եմ … Ժամանակ չի դրվում … Հա, կարելի ա գնալ հոթել … Ավելի էժան չի լինի … Կյանք, փող հավաքի, նոր զանգի … Սեքս, մինետ, մասաժ … Հա, այո … Դու ստրո՞ւկ ես … 10 հազարով ուրիշին զանգի, սիրտ … Լավ։

Զառա․ — Գին էր գցո՞ւմ։
Դիլա․ — Հա։
Զառա․ — Դանակը կտա՞ս նայեմ։ Ի՜նչ մեծ ա։
Դիլա․ — Սեղմելով ա բացվում։ Զգո՛ւյշ։ Պետք ա մոտդ պահես, որ իրանց խելոք պահեն։ Իսկ սա լուբրիգել ա։
Զառա․ — Հայկական արտադրությա՞ն։
Դիլա․ — Չէ, բայց «Նոր սերունդն» ա տալիս։
Զառա․ — Վայ, իմ պռոշների բալզամից։
Դիլա․ — Միշտ հետս ման եմ տալիս։ Մատիտ եմ քսում ու վրայից իրան, որ մի քիչ փայլի։ Սա էլ դեղ ա՝ էռեկցիայի համար։
Զառա․ — Վիագրա՞։
Դիլա․ — Չէ, նոր սերնդի դեղ ա՝ Վիգարա։ Ամենալավ դեղն ա։ Վիագրան սրտին վնաս ա, ալկոհոլի հետ չի կարելի։
Զառա․ — Ինչքան բան իմացանք էսօր։
Դիլա․ — Էս իմ սիրած դուխին ա՝ ճամփորդական չափսի։ Հյուրանոց մտնելուց առաջ ցանում ես ու գնում։ Իսկ սա հայելի ա, որը ընկերուհիս ա նվիրել։ Իմը ջարդվել էր, ջարդված հայելի չի կարելի պահել, դա վատ նշան ա։
Զառա․ — Իսկ է՞ս ինչ ա։
Դիլա․ — Պահպանակներ։ Ամեն գործ անող ունի։

Զառա Հարությունյան