Բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ թեկնածուների համար ստորագրություններ հավաքելն անհնարին է կորոնավիրուսով վարակման ռիսկերի պայմաններում։ Նրանց պնդմամբ, օգոստոսի 9-ին ընտրությունների իրականացումն անթույլատրելի է։
Խոսքը «Բելառուսական ժողովրդական ճակատի» (ԲԺՃ) և «Արդար աշխարհ» ձախական կուսակցությունների մասին է։ «Ընտրական քարոզարշավի իրականացումը համավարակի պայմաններում անպատասխանատու և վտանգավոր քայլ է, այն դեպքում, երբ եվրոպական երկրները ընտրությունների հետաձգման որոշում են կայացնում վարակվածների շատ ավելի փոքր թվերի դեպքում», – օնլայն խորհրդակցության արդյունքներն ամփոփելով հայտարարել է ԲԺՃ-ն։
Ձախ ուժերը ընտրություններ կազմակերպելու որոշումը որակել են որպես «հանցավոր»։
«Առաջիկա երեք ամսում ընտրական քարոզարշավ իրականացնելը՝ կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում, վտանգի տակ է դնում մեծ թվով մարդկանց կյանքն ու առողջությունը», – ասվում է «Արդար աշխարհ» կուսակցության կենտրոնական հանձնաժողովի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայությունը հայտնել էր, որ հինգ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մեկ թեկնածու էին պատրաստվում առաջադրել, կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել են մարզային «փրայմերիզից»։
Անցյալ շաբաթ Բելառուսի խորհրդարանի ներքին պալատը հայտարարեց, որ նախագահական ընտրությունները նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին։ Իրենց թեկնածության մասին արդեն հայտնածների թվում է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ղեկավարում է Բելառուսը սկսած 1994 թվականից։ Նախագահական ժամկետների սահմանափակումը վերացվել էր նրա առաջարկով։
Վերջին տվյալներով, երկրում COVID-19֊ով վարակվածության հաստատված դեպքերի քանակը մոտ 24 հազար է, մահացածների թիվը՝ 135։ Ամենամյա մահացությունների վիճակագրությունն ըստ տարածաշրջանների՝ չի հրապարակվում։
Մայիսի 9-ին Մինսկում շքերթ էր՝ նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 75-ամյակի առթիվ։ Քաղաքում ժողովրդական զբոսանքներ ու տոնական համերգներ էին։ Սրա հետ կապված ևս, ընդդիմադիր կուսակցություններն ու ակտիվիստներն իշխանություններին մեղադրում են բնակչության նկատմամբ անպատասխանտու պահվածքի մեջ։ Հիշեցնենք, որ երկրում մինչև հիմա կարանտին չի հայտարարվել։
Ձերբակալությունները Բելառուսում
Բելառուսի իրավապաշտպանները փոխանցում են, որ Հաղթանակի օրվա նախօրեին ավելի քան 100 ընդդիմադիր բլոգերներ, լրագրողներ, իշխանությունների մասին քննադատական կարծիք ունեցող ալիքների հետևորդներ են ձերբակալվել։ Ձերբակալվածները մասնակցում էին օնլայն սթրիմերի, որոնցում պատմվում էր երկրի տարբեր մասերում իրադրության մասին։
Ձերբակալվածներից մեկին՝ Սերգեյ Պետրուխինին, 15 օրով մեկուսարան են ուղարկել՝ չսպասելով դեպի դատարան կանչված շտապօգնության մեքենային։
Մայիսի 11-ին Բրեստ քաղաքի Լենինյան շրջանի դատարանը Պետրուխինին դատապարտեց վարչական ազատազրկման՝ շրջկենտրոնին մոտ մարտկոցների գործարանի կառուցման դեմ պայքարող ակտիվիստների ապրիլյան ցույցը օնլայն հեռարձակելու համար։ Պետրուխինին մեղադրանք առաջադրվեց զանգվածային միջոցառումների կազմակերպման խախտումների համար, հայտնում է Բի֊բի֊սին։
Դատական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ բլոգերի ջերմությունը բարձր է՝ 37,7։ Նիստի ընդմիջման ժամանակ Պետրուխինը լրագրողներին ու իրավապաշտպաններին պատմեց, որ մեկուսատանում իր հետ բարձր ջերմությամբ այլ մարդիկ էլ կային, մեկուսարանում իրենց մոտ շտապօգնություն է եկել։
Դատարանի դահլիճ շտապօգնություն կանչելու մասին դատարանին խնդրել էին Պետրուխինն ու իր փաստաբանը։ Դատավորը խնդրել էր, որ քարտուղարը կանչի բժիշկներին, բայց մինչև դատարանի ներկայացուցիչները դիմավորում էին շտապօգնության աշխատակիցներին, բլոգերին ծառայողական մուտքով տանում են մեկուսարան, հայտնում է Լրագրողների բելառուսական ասոցացիան։
Պետրուխինի հարազատները պնդում են, որ նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշեր կային, բայց թեստ չեն արել։