Գիտեմ, որ այս մասին շատ է խոսվել։ Բայց մի անգամ էլ կասեմ։ Մայիսի 9-ը մոտենում է, ավելի հաճախ են թեմատիկ հոլովակներ ու լուսանկարներ հանդիպում, որոնցում գեղեցիկ երեխաներ են՝ զինվորական շորերով։ Ամեն տարի շուկան պայթում է առաջարկներով․ գեորգիևյան ժապավեններ, կոստյումներ, օդաչուի գլխարկներ, սաղավարտներ, «Կարող ենք կրկնել» (Можем повторить) պիտակներ։ Եվ ահա տղա է անցնում այդ պիտակով, ուզում ես հարցնել․ «Ի՞նչը կարող ես կրկնել։ Ի՞նչը»։
Ու նկարները՝ սոցցանցերի երջանիկ լուսանկարները։ Պատերազմից բեխաբար, օդաչուի գլխարկներով երեխաներ։ Այսօրվա՛ երեխաներ, որոնք կյանքի ու խաղաղության մասին են։ Երբ հինգ տարեկան երեխային զինվորական պարագաներով են պատում, մեծերը մտածո՞ւմ են, թե ինչի մասին է դա ընդհանրապես։
Կարևոր է հասկանալ մի բան․ պատերազմը թրենդ չէ։ Հաղթանակը դիմակահանդես չէ։ Երբ երեխային զինվորական շորեր եք հագցնում, ո՞ւմ կերպարն եք ստանում․ զինվորի՞, տանկիստի՞, դաշտային բուժքրո՞ջ։ Պատերազմի ժամանակ մարդիկ էին մահանում։ Պատերազմը սարսափելի է․ արյուն է, արցունքներ, բռնություն, մահ՝ հրամանով կամ առանց, սխրանքներ, գոյատևում, ծայրահեղ պայմաններ, սով, դավաճանություններ, ատելություն ու պայքար։ Սրանցից որի՞ շորերն եք հագցնում երեխային, որն այդ կոստյումի էությունը չի հասկանում։
Համավարակի պատճառով մենք հիմա դժվար պայմաններում ենք։ Իսկ մեր բժիշկները՝ ինչպես զինվորները պատերազմում։ Ոմանք՝ կամավոր, ոմանք՝ հրամանով։ Ու բոլորս սպասում ենք «կորոնավիրուսային վարակի» նկատմամբ հաղթանակին։ Ապրիլի 28-ին Քիմիական վտանգի դեմ մարդու իրավունքների օրն էր, որը նախագահը հայտարարեց Շտապ օգնության աշխատակցի ամենամյա օր։ Համավարակը միևնույն է կվերջանա։ Մարդիկ ամեն տարի երեխաներին քիմիական պաշտպանության շորեր կհագցնե՞ն տոնակատարության համար։ Իսկ ի՞նչ․ չէ որ դա «հաղթածների հագուստն է»։
Երբ մանկապարտեզի զգեստավորված անկյունում երեխաները փորձում են զինվորականի, բժշկի, հրշեջի, վաճառողի, արքայադստեր կամ ասպետի կոստյումը, դա սյուժե-դերային խաղի զարգացման նորմալ փուլ է։ Երեխան ինքն է հետաքրքրություն ցուցաբերում, կոստյում է ընտրում, ուզում է դրա նշանակությունն իմանալ։ Բանալի բառերն այստեղ խաղն ու զարգացումն են։ Հասունացած երեխան ինքը կորոշի՝ զինվորական դառնալ, թե նկարիչ։
Երբ երեխաներին շարք են կանգնեցնում, բոլորի գլխին պիլոտկա են դնում, ռազմական երգեր սովորացնում՝ քանի որ այդպես է նախատեսված ծրագրով, ուզում եմ հարցնել․ ինչո՞ւ եք այդպես անում։ Ուշադիր նայե՞լ եք երգող երեխաներին։ Նրանք տեքստերի իմաստը չեն հասկանում, ուղղակի տողանով կանգնում ու բացում են բերանները։ «Կատյուշայի» գորշ արծիվը (Сизый орёл) պարզապես թռչուն է, իսկ «մերձսահմանը»՝ (пограничье) Նարնիան։ Անգիտակից ենթակայություն։ Բայց ինչի՞ն, և կարևորը, ինչո՞ւ։
Այստեղ ոմանք ինձ կասեn․ ախ դու (էստեղ թունդ հայհոյանք), անշնորհակալ, իսկ ո՞ւր մնաց հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը մեկնաբանում են որպես ինչ-որ հասարակական զգացմունք՝ հիմնված հայրենիքի նկատմամբ սիրո, հպարտության և անձնազոհության պատրաստակամության վրա, այսինքն՝ հայրենիքի համար զոհվելու։ Ինչպես մեր պատերազմող տատիկներն ու պապիկները։ Նրանք պատերազմին չէին պատրաստվում։ Եվ ես նրանց անսահման երախտապարտ եմ։ Հիմա, երբ հասկանում ու գիտակցում եմ, թե ինչ է պատերազմը։ Ոչ երեք, ոչ էլ ութ տարեկանում չէի հասկանում։
Ես պարզ մարդ եմ։ Երկու որդի ունեմ։ Մենք ապրում ենք այսօր, հիմա։ Այն հայրենասիրությունը, որով լցոնում են մեր երեխաներին, այս բոլոր երիտբանակները ինչի՞ համար են։ Հայրենիքին ծառայելու և հանուն հայրենիքի մեռնելու պատրաստություննե՞ր են։ Այսօր հայրենիքի համար զոհվելը Մարսի համար մեռնելու նման է հնչում՝ մի տեսակ անորոշ։ Անձամբ ես չէի ուզենա, որ երեխաներս ինչ-որ մեկի գաղափարի համար մեռնելու գնային՝ առասպելական պարտքերը հայրենիքին վճարելու։ Բայց կուզենայի, որ ուժեղ ու պաշտպանելու ընդունակ լինեին, իսկ դրա համար պետք չէ օդաչուի գլխարկ հագնել ու «Կատյուշա» երգել։
Զինվորական կոստյումը երեխաների մոտ տոնակատարության ու հրավառության հետ ասոցացնելով, մենք խեղաթյուրում ենք այդ հագուստի իրական նշանակության մասին իրենց պատկերացումը։ Մենք կարծես նրանց ասում ենք, որ հաղթանակը ծնունդի պես տոն է՝ ուրախ ու անվտանգ։ Բայց հաղթածները պատերազմից արդուկած համազգեստով չեն վերադառնում։ Վերադառնում են ցնցոտիներով, արյան հետքերով ու կոտրված հոգով։ Պատվել նախնիների հիշատակը, հարգել ու երախտապարտ լինել պահապաններին, երեխաներին պատմել նրանց սխրանքների մասին՝ այո, իհարկե։ Հագցնել նրանց շորերից՝ պետք չէ։ Երբ պատերազմը սկսվի, բոլորս այդպես կհագնվենք, բայց միևնույն է դրան պատրաստ չի լինի ոչ ոք։
Ալիսա Կոլեսովա, Էխո Մոսկվի (Эхо Москвы)