Զինապարտության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու, իսկ իրականում ակադեմիական տարկետումը վերջնականապես վերացնելու Վիգեն Սարգսյանի փորձը բախվել է մեր երկրի ազատ ու ըմբոստ քաղաքացիների վերջին բաստիոնի դիմադրությանը: Կառավարման խորհրդային ու արեւմտյան կրթություններից սովորած մեթոդներով, Սարգսյանն իր առջեւ դրված` Հայաստանի պաշտպանության հանրապետություն (ՀՊՀ) կառուցելու խնդիրը բարձրաստիճան կոմսոմոլի դիրքերից է փորձում լուծել: Օգնականի, տեղակալի կամ խորհրդականի` ողջ կյանքում շեֆի պաշտպանությունից օգտված գրասենյակային առնետը, այժմ էլ վարչապետի կողքին նստած հայտարարում է, թե սա մի օրենք է, որն ամենալայն հանրային քննարկումներով է անցել. է՛լ ուսխորհուրդ ու Բազե, է՛լ փորձագետներ, է՛լ կրթնախ, մնում էր ասի կթվորուհիների ու ջուլհակների հետ էլ են քննարկել, որ լեգիտիմության շղարշով վերջնականապես պարուրվեր այս անհասկանալի` տեսական փաստաթուղթը:
Պաշտպանության նախարարը սովոր է վերեւից ներքեւ` ինտրիգներով ու պետական համակարգի միջոցով խնդիրներ լուծել: Իր ողջ կյանքում չի մասնակցել, իսկ առավելեւս կազմակերպել բողոքի որեւէ ցույց, դե բողոքելու բան չի եղել ինչ արած: Դեռես ԽՍՀՄ տարիների պատանի Վիգենը, աշխարհի ու իր անելիքների մասին ընկալումները ձեւավորում էր Ղրիմի Արտեկ` ընտրյալների ճամբարում, որի մոդելավորմամբ հետո ինքն ու Արմեն Գեւորգյանը պիտի Բազեն ստեղծեին: Սովետը քանդվեց, բայց մնացին կապերն ու համակարգի որոշ հատվածներ, ուստի Պետերբուրգում կառավարման մանիպուլիացիոն հմտությունները յուրացնելուց հետո, երիտասարդ եւ հեռանկարային Վիգենը` Բաբկեն Արարքցյանի գրասենյակում առժամանակ ճեմելուց հետո տեղափոխվեց Բոստոն` Ֆլետչերի դիվանագիտության դպրոց: 2000-ականների Հայաստանում դեռեւս քչերն ունեին ամերիկյան լավ կրթություն, ուստի արդեն ինտելեկտուալի համբավ ունեցող, տաշված այս «գոհարը», վերադառնալուն պես ծառայության անցավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գրասենյակում` ընթացիկ լուծելով նաեւ զինվորական ծառայության խնդիրը:
Քաղաքացիական պայքարի ու իրավունքների պաշտպանության հետ որեւէ առընչություն չունեցող կառավարչի համար դժվար է հասկանալ անկախության ծնունդ Դավիթ Պետրոսյանի ներքին ազատությունն ու ըմբոստ տեսակը: Վիգենի համար կան թվեր ու տեսություններ, որոնց համադրությամբ գրվում են օրենքներն ու հաստատվում հանձնաժողովների գիշերային նիստերում: Ճիշտ այնպես, ինչպես մեկ գիշերում հայ-թուրքական արձանագրություններն ու Մաքսային միությանը միանալու որոշումներն էին կայացվում, որոնք պոստֆակտում հրապարակվում եւ ապա հետո միայն վնասի կառավարման նպատակով պարզաբանումներ էին տրվում: Այս ամենում անսպասելի ոչինչ չկա: Հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի ոճրագործություններով պետական իշխանությունը բռնազավթած կառավարիչները հետքայլի տեղ ու վախենալու առիթ չունեն, փորձված մեթոդը կա` անհրաժեշտության դեպքում գլխներիս գործ կսարքեն, կձերբակալեն, ծեծի պատվեր կտան, դե իսկ ծայրահեղ դեպքում գնդակահարելու ստալինյան ավանդույթը կիրառելուց չեն խորշի:
Բամբակների մեջ, տաքուկ գրասենյակներում կարիերա արած Վիգեն Սարգսյանի համար անհասկանալի է անկախ մտածող Դավիթ Պետրոսյանի տեսակը: Վարչապետի սենյակի թակարդում հայտնված տղաներին դեմագոգ պիտակավորող նախարարը սոցիալական արդարությունից է խոսում: Ամիսներ առաջ բանակը պահելու իր նոր` «1000 դրամի տեսլական»-ը ներկայացրած մարդը, ով 20 տարուց ավելի գողապետության չերեւացող անկյունաքարերից է եղել, այժմ արդարության քարոզ է կարդում: Օֆշորներում փող լվացող իր տերերի երեսը լվացող Վիգեն Սարգսյանը պրոֆեսորի դիրքերից սաստում է ընդդիմախոսներին: «Ուժեղների» հասարակություն կառուցելու, իսկ իրականում արդեն իսկ անդունդ դարձած հանրային բեւեռվածությունը է՛լ ավելի խորացնող արդարության փաթեթավորմամբ մոդելը փաստարկել չկարողանալով` ջղաձգվում ու ձայնն է բարձրացնում: Զարմանում է` ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ երկիրը գահավիժում է, որ անվտանգությունն ամեն ինչ է, որ սահմանին կրակում են, որ տնտեսություն չկա, որ վարկով վարկ են սպասարկում, որ, որ, որ… Որերի այս անվերջ շարանը որեւէ մեկին բացատրել պետք չէ պարոնայք, մենք այս ամենը շատ լավ տեսնում ու դրա մեջ ապրում ենք: Ավելին` լավ գիտակցում ենք, որ ձեր ու ձեր նմանների պատճառով ենք հասել այս վիճակին պարոն Սարգսյան, ուստի զարմանում ենք, որ զարմանում եք:
Տասնամյակներ շարունակվող կղերամիլիտարիստական պետություն կառուցելու քաղաքականությունը երկիրը դեմոգրաֆիական աղետի է հասցրել եւ այն ինչ հիմա փորձում են անել, էլ ավելի է մեծացնելու արտագաղթի ծավալները: 2040-ի հետ ծրագրեր կապող Սարգսյանների վերջը գալու է մի օր, երբ ոչ թե շողոքորթ, կարիերիստ կոմսոմոլները կլինեն մեր պետության ու քաղաքացիների ճակատագրի համար որոշում կայացնողները, այլեւ ազատ, պայքարող ու դժվարությունից չվախեցող 90-ականների անկախության առանցքը կրող` Դավիթ Պետրոսյանի սերունդը: Վազգեն Սարգսյանի` «սաղիդ բռնեմ տանեմ բանակ»-ի ժամանակներն անցել են, պարոն Վիգեն Սարգսյան: Մեր ունեցած խնդիրների առանցքում հենց Ձեր ու ձեր վարչակարգի կառավարման ոչ արդյունավետ, անարդար ու երկերեսանի համակարգն է, ուստի առնվազն ազնիվ չէ հետեւանքների վերացման փորձերը ներկայացնել որպես բարեփոխում կամ արդարության հաստատում: «Պատիվ ունեմ»-ի մակարդակի աղքատիկ սովետական երեւակայությունը համահունչ չէ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, քանի որ նախեւառաջ քաղաքացուն դիտարկում է որպես ռեսուրս եւ ոչ որպես արժեք:
Արսեն Խառատյան
տպագրվել է Lragir.am-ում
լուսանկարը՝ newspress.am-ի