հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Վիգեն Սարգսյանը կանխում է արտագաղթը․ հաշմանդամություն ունեցող զինվորը չի բուժվի արտասահմանում

Վիգեն Սարգսյանը կանխում է արտագաղթը․ հաշմանդամություն ունեցող զինվորը չի բուժվի արտասահմանում

Պաշտպանության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանի ասուլիսի ժամանակ a1plus.am-ի լրագրող Ռոբերտ Անանյանը բարձրաձայնել է բանակից հաշմանդամությամբ վերադարձած, գերատեսչության կողմից անուշադրության մատնված զինծառայողներից մեկի՝ Մայիսյան գյուղի բնակիչ Դավիթ Հակոբյանի հարցը։

Ի պատասխան նախարարը փորձել է արժեզրկել նախկին զինծառայողի առողջական տառապանքները՝ մեղադրելով նրան արտասահմանում բուժվելու պատրվակով Հայաստանից արտագաղթել ցանկանալու, հանցագործ և երախտամոռ լինելու և իր վիճակը մամուլում շահարկելով, բանակի նկատմամբ անվստահություն տարածելու մեջ։

Նախ՝ Սարգսյանը սպառնացել է «մանրամասներ հրապարակել»։ «Դավիթը ձեզ ասել ա, որ ուզո՞ւմ ա, որ ես հրապարակեմ մանրամասները։ Որովհետև ես հիմա հրապարակելու եմ մանրամասները»։

Վիգեն Սարգսյանը սկսել է նրանից, որ Դավիթ Հակոբյանը հաշմանդամություն է ձեռք բերել ոչ թե մարտական գործողություններում, այլ պայմանագրային զինծառայության ընթացքում։ Հիշեցնենք, որ, ըստ ՊՆ-ի, իրենք արտասահման բուժման ուղարկում են բացառապես այն զինվորներին, ովքեր հրազենային վնասվածք են ստացել հակառակորդի գնդակից։

«Մենք չունենք հնարավորություն Դավիթին արտերկիր բուժման ուղարկելու, եթե հասարակությունը որոշի համախմբվի և միջոց հավաքի, ես ինքս անպայման դրան կմասնակցեմ», – ասել է պաշտոնյան։

Սարգսյանը հիշեցրել է, որ «նախարարությունը շատ է օգնել Դավիթին․ նրա մորը տեղավորել է աշխատանքի, արտաբյուջետային միջոցներից շատ է գումար տվել»։

Նախարարը հրապարակել է խոստացված մանրամասները, թե իբր Դավիթ Հակոբյանը մի քանի անգամ կատարել է ահաբեկչության մասին սուտ ահազանգեր, և ինքը միջնորդել է նախագահ Սերժ Սարգսյանին ներել Դավիթին, ինչը նախագահը արել է «մի օրվա մեջ»։

Նա ասել է նաև, որ հաշմանդամության կարգավիճակի «շահարկումը» սխալ է համարում։ «Դա բանակի նկատմամբ անվստահության խորը պրոցես է ձևավորում», – ասել է նա։

Վերջում նախարարը ևս մեկ «մանրամասնություն» է հրապարակել․ «Ինքը ուզում է գնա արտերկիր ապրելու, ես չեմ կարող տենց փող տալ իրեն»։

Դավիթ հակոբյանի դեպքի մասին մանրամասն գրել է Հետքը։ Դավիթ Հակոբյանի հայրը պատմել է, որ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում, «Մուրացան» հոսպիտալում, Բաղրամյան 26-ում ռումբ կա: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգերով ցանկացել է իր վրա ուշադրություն սևեռել: «Հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու, նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն Դավիթ Հակոբյանին ուղարկում են բանտ»:

Ամեն ինչ սկսվել է 2012թ., երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: