Քանի որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի գործում, իշխանությունը չի ձևավորվում քաղաքական սկզբունքներով, այլ բաց բաժնետիրական ընկերության նման․ ով շատ բաժնետոմսեր ունի, նա «իր մարդկանց» է նշանակում։ Նոր կառավարության մասին «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ այս կարծիքն է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
«Մասնավորապես, գաղտնիք չէ, որ բաց բաժնետիրական այս երկրի բաժնետոմսերի մեծ մասը Ռուսաստանի ձեռքին է, դրա համար Ռուսաստանը նշանակեց տնօրենների խորհրդի նախագահին՝ վարչապետին և նաև արտգործնախարարին։ Ռուսաստանը թույլ չէր տա, որ Հայաստանը անկախ արտաքին քաղաքականություն ունենա»,- նշել է Բադալյանը։
Նրա խոսքով, «Հայաստան» ընկերությունում շատ բաժնետոմսեր ունի նաև Արևմուտքը, որը բազմաթիվ վարկավորման ծրագրեր է իրականացնում այստեղ։ Արևմուտքը, ըստ Բադալյանի, ստացավ Պաշտպանության նախարարությունը (Վիգեն Սարգսյան) և Տնտեսական բարեփոխումների նախարարությունը (Վաչե Գաբրիելյան)։
«Այստեղ կան նաև ՏԻՄ ընտրություններ։ Եթե ուշադրություն դարձրեցիք, Վանաձորում և Գյումրիում բավական տոկոս ստացան այն ուժերը, որոնք իրենց ընդգծված արևմտամետ են անվանում։ Գյումրիում՝ ԳԱԼԱ֊ն էր, Վանաձորում՝ «Լուսավոր Հայաստանը»»,- ասել է Բադալյանը՝ խոսելով նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բաժնետոմսերի մասին․ նրա «մարդը» նշանակվեց գործող նախագահի աշխատակազմի ղեկավար (Արմեն Գևորգյան)։
«Պաշտպանության նախարարությունում կոմպլիմենտար որոշում կայացվեց։ Պաշտպանության նախարարը ամենայն հավանականությամբ կզբաղվի նախարարության քաղաքացիականացման գործընթացով։ Մի բան, որ ՆԱՏՕ֊ի բոլոր երկներում է․ ՊՆ֊ն՝ դա քաղաքացիական կառույց է, զինվորական կառույց չէ։ Զորքերը կգտնվեն Գլխավոր շտաբի հսկողության տակ, իսկ այդտեղ նշանակվեց մարդ, ով նախկին խորհրդային բանակին բնորոշ մտածելակերպ ունի (Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյան)», – ասել է Բադալյանը։