«Սոցիոսկոպը» կազմակերպությունը մեկնարկում է «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացի 2-րդ շրջանը, որին հրավիրում է մասնակցելու Հայաստանի երիտասարդ հասարակագետներին և լրագրողներին: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 21-23-ը՝ Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում։
Դասընթացի նպատակն է երիտասարդների շրջանում մեծացնել պատերազմի և խաղաղության ժամանակակից տեսությունների իմացությունը և զարգացնել կոնֆլիկտի և անվտանգության արդի խնդիրների վերլուծության կարողությունները։
Դասընթացի հարցերի շրջանակը
– Ի՞նչ ազդեցություններ ունի ռազմականացումը հանրային և մշակութային կյանքի տարբեր կողմերի վրա:
– Ինչպե՞ս է ժառանգված ռազմականացումը դրսևորվում մեդիա դիսկուրսում, կրթական համակարգում, քաղաքական մշակույթում և այլն:
– Ի՞նչ հեռանկար է խոստանում անվտանգության գաղափարական քաղաքականությունը ապագայում։
– Ռազմականացման հաղթահարման ի՞նչ այլընտրանքներ են մեզնից առաջ մտածվել արվեստի, գիտակարգերի և տեսության մակարդակներում:
– Ի՞նչ կարող ենք մենք մտածել այսօր՝ այս պայմաններում։
Մասնակցության պայմաններ
Դասընթացին մասնակցությունն անվճար է․ բոլոր ծախսերը՝ կացությունը հյուրանոցում, սնունդը և ուղևորափոխադրումը, հոգում են կազմակերպիչները։
Կարող են մասնակցել մինչև 35 տարեկան անձինք, ովքեր համապատասխանում են ներքոնշյալ պահանջներից որևէ մեկին՝
– ունեն լրագրության, քաղաքագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի և հարակից մասնագիտություններ,
– սովորում են այս մասնագիտությունների 3-րդ և բարձր կուրսերում,
– առնվազն 3 տարի է, ինչ աշխատում են այս մասնագիտական ոլորտներում։
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://bit.ly/30O2pD0 մինչև սույն թվականի փետրվարի 11-ը:
Նախնական փուլն անցած դիմորդները վերջնական հաստատման համար կհրավիրվեն հանդիպման: Դասընթացի վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:
Լիարժեք և ներգրավված մասնակցության դեպքում կտրվեն վկայագրեր։
Դասընթացի կառուցվածքը
Դասընթացը վարելու են ընտրված տեսաբան-դասախոսներ, հետազոտողներ, արվեստագետներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության գործիչներ։ Դասընթացը բաղկացած է՝
– տեսությունների քննարկումներից,
– տեղական թեմատիկ հետազոտությունների ներկայացումներից,
– արվեստի գործերի դիտում-քննարկումներից,
– քննադատական մտքի աշխատարանից:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմեք Ագապի Իվանյանին +37499 366 403 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով։