Երեխաների պաշտպանության օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից լավ լուրով է կիսվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ երկարատև բուժումից հետո 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։
«Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին:
Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված:
Ի դեմս նրա՝ մեր բոլոր մանուկներին մաղթում եմ անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ:
Իսկ մենք՝ մեծահասակներս, կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։ Շնորհավորում եմ», – ասված է Մարությանի ուղերձում։
Հիշեցնենք, որ 28-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել անչափահասին և նրա մորը, ով ծեծից մոտ 8 ժամ հետո մահացել է իր տանը։ Բռնարարի մայրը շտապօգնություն էր զանգահարել 43-ամյա կնոջ մահվանից հետո միայն։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել էին կնոջ մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան գանգուղեղային փակ վնասվածքներով տեղափոխել Գյումրու բշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են։
Մարտի 8-ին Երևանում անցկացված ցույցը նվիրված էր սպանված կնոջն ու նրա աղջկան։
Մարտի 9-ին տասնյակ կանայք պաստառներով և վանկարկումներով Գյումրիի կենտրոնական հրապարակից քայլերթով գնացին քաղաքի դատախազության շենքի, այնուհետև՝ օրեր առաջ դաժան ծեծից մահացած Մարինեի տան մոտ։ Երթն ավարտվեց Մարինեի 13-ամյա դստեր դպրոցի դիմաց։