Home / Բանտ / Լրագրողին սպառնում են քսան տարվա ազատազրկմամբ

Լրագրողին սպառնում են քսան տարվա ազատազրկմամբ

«Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերի նախկին լրագրող Իվան Սաֆրոնով կրտսերը Մոսկվայում ձեռբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսից նա աշխատում էր որպես Ռոսկոսմոս կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խորհրդական՝ տեղեկատվական քաղաքականության գծով։ Գործատուն հայտնել է, որ գործը «Ռոսկոսմոսի» հետ կապ չունի։

30-ամյա Սաֆրոնովը «Կոմերսանտի» հատուկ թղթակիցներից էր։ Նույն թերթի ռազմական դիտորդ, 2007 թվականին մահացած Իվան Սաֆրոնովի որդին։ 2019 թվականի մարտին Սաֆրոնով կրտսերը զրկվում է «Կոմերսանտի» իր աշխատանքից՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հնարավոր պաշտոնանկության մասին հոդվածից հետո։ Սաֆրոնովի աշխատանքից ազատումը ճգնաժամ է ստեղծում խմբագրությունում․ քաղաքական ոլորտի բոլոր աշխատակիցները աշխատանքից դուրս են գալիս։

2019-ի հունիսին ՏԱՍՍ֊ը հայտնում էր «Կոմերսանտի» նկատմամբ վարչական գործի հարուցման մասին, որը հավանաբար վերաբերում էր Սաֆրոնովի գրառմանը։ Նախատեսվում էր թերթին պատասխանատվության ենթարկել պետական գաղտնիքի բացահայտման մեղադրանքով։ Գործի հարուցման պատճառները չէին նշվում, բայց «Կոմերսանտի» կայքից հեռացվեց Եգիպտոսին Սու֊35 կործանիչներով մատակարարելու համաձայնության պայմանագրի մասին հոդվածը։ Այդ հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Եգիպտոսին սպառնաց պատժամիջոցներով՝ ռուսական ինքնաթիռների գնման դեպքում։

«Կոմերսանտի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Ժելոնկինը հայտարարել է, որ թերթը վերջին շրջանում ռուսական կործանիչների հետ կապված նկատողություններ չի ստացել։ Ժելոնկինը նշել է, որ այդ տեքստի հետ կապված պետական գաղտնիքի բացահայտման մեղադրանք լինել չէր կարող։

Վերջին մեկ տարվա ընթացքում Սաֆրոնովը գրել է «Լոշարիկ» սուզանավի աղետի մանրամասների մասին, Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովի կողմից Ռուսաստանի հերոսի կոչման յուրացման և «Գռոմ֊2019» մարտավարական զորավարժություններում հաստատված ոչ կանոնակարգային հարաբերությունների մասին։

Առաջադրված մեղադրանքով Սաֆրոնովին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։