Հանրահայտ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ով անցյալ շաբաթ ձերբակալվել էր Թեհրանում, ազատազրկվեց 6 տարով։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Փանահիին ձերբակալել են Էվին բանտում․ նա գնացել էր կալանավորված ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի մասին տեղեկություններ իմանալու։
Կինոռեժիսորը ձերբակալվել է հակակառավարական գործունեության և անվտանգության խախտումներ կատարելու իր հասցեին ուղված մեղադրանքների ֆոնին: Փանահին պարբերաբար քննադատում էր երկրում արվեստագետների ձերբակալությունները։
«Փանահին 2010 թվականին դատապարտվել էր ընդհանուր առմամբ վեց տարվա ազատազրկման… և այդ պատճառով նրան տեղափոխել են Էվինի կալանավայր՝ այնտեղ կրելու իր պատիժը», – լրագրողներին է ասել դատախազության խոսնակ Մասուդ Սեթայեշին:
Փանահին այս ամիս Իրանում կալանավորված երրորդ ռեժիսորն է։ Մյուս երկու ռեժիսորները՝ Մուսթաֆա Ալեահմադը և Մոհամադ Ռասուլոֆը, ձերբակալվել են իրանական իշխանություններին ուղղված բաց նամակի (կոչ էր արվում ուժ չկիրառել երկրով մեկ պարբերաբար ծագող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ) հրապարակումից հետո։
Կաննի փառատոնն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «խստորեն դատապարտում է այս ձերբակալությունները, ինչպես նաև Իրանում բռնաճնշումների բացահայտ աճող ալիքը արվեստագետների նկատմամբ»:
62-ամյա Փանահին մի շարք մրցանակների է արժանացել միջազգային փառատոներում ժամանակակից Իրանը քննադատող ֆիլմերի համար․ Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը 2015 թվականին «Տաքսի» ֆիլմի համար և լավագույն սցենար Կաննի փառատոնում 2018 թվականին «Երեք դեմք» ֆիլմի համար։
2010-ին Փանահին ձերբակալվել էր հակակառավարական հանրահավաքների մասնակցելու համար։ Դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Պատիժը փոխարինվել էր տնային կալանքով․ կալանքի տարիներին նկարել է իր հանրահայտ «Սա ֆիլմ չէ» կինոն։