Home / Կրթություն / 3 արծաթ, 8 բրոնզ Մաթեմատիկայի, Քիմիայի և Կենսաբանության օլիմպիադաներից

3 արծաթ, 8 բրոնզ Մաթեմատիկայի, Քիմիայի և Կենսաբանության օլիմպիադաներից

Հայաստանցի դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ են նվաճել Մաթեմատիկայի, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Քիմիայի, և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային օլիմպիադաներում։ 

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադան 2 տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի՝ 589 աշակերտ (521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի)։

Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, մեկը՝ «Քվանտ» վարժարանից:

Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմային հաշվարկում Հայաստանը 26-րդ հորիզոնականում է։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։

Քիմիա

Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան 1 փուլով և առցանց ձևաչափով անցնում էր հուլիսի 10-ից 18-ը՝ Չինաստանում։ Յուրաքանչյուր երկիր առավելագույն 4 աշակերտ կարող էր ներկայացնել․ ընդանուր առմամբ օլիմպիադային մասնակցում էր 83 երկրներից 326 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացնում էին «Քվանտ» վարժարանից Լեոնիդ Ասատրյանը (11-րդ դասարան) և Սոնա Սաղեյանը (12-րդ դասարան), ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցից Հայկ Աղեկյանը (12-րդ դասարան) և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցից Տիգրան Հարությունյանը (12-րդ դասարան)։

Չորս էլ մեդալներ են նվաճել․ Ասատրյանը՝ արծաթե, Հարությունյանը, Աղեկյանն ու Սաղեյանը՝ բրոնզե։

Հայաստանի թիմը ղեկավարում էին Անդրանիկ Դավինյանը (ԵՊԲՀ) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ)։

Կենսաբանություն

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան այս տարի անցնում էր Հայաստանում՝ հուլիսի 10-ից 18-ը, առկա ձևաչափով։ 65 մասնակից երկրներից յուրաքանչյուրը ներկայացնում էր առավելագույնը 4 աշակերտ։

Հայաստանի թիմում էին «Հերացի» ավագ դպրոց աշակերտներ Մանե Կուրղինյանը (12-րդ դասարան), Արման Հայրապետյանը (12-րդ դասարան), Սյուզի Սահակյանը (11-րդ դասարան), Վանաձորի մաթ․ և բնագ․ առ․ խորացված ուսուցմամբ դպրոցի աշակերտ Յանա Մկրտչյանը։

Արման Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել։

Թիմը ղեկավարում էին Աստղիկ Ղազարյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը (ԵՊԲՀ):

Նախօրեին ավարտվել են նաև ֆիզիկայի և աշխարհագրության միջազգային օլիմպիադաները․ արդյունքները դեռևս չեն հրապարակվել։