հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Եզդիական Ֆերիկում վերընտրվել է 14 տարի անփոխարինելի գյուղապետը

Եզդիական Ֆերիկում վերընտրվել է 14 տարի անփոխարինելի գյուղապետը

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքի ընտրություններում հաղթել է ինքնառաջադրված և միակ թեկնածու Ռուստամ Հասանյանը։ Նա երրորդ անգամ անընդմեջ դառնում է համայնքի ղեկավար։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցել է 91 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցողների 34.60%-ը: Հասանյանի օգտին քվեարկել է 88 ընտրող, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Մուրազ Շամոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նախորդ երկու ընտրություններին մրցակցություն է եղել։ Այս անգամ առաջադրված մյուս թեկնածուն քվեարկությունից երկու շաբաթ առաջ ինքնաբացարկ է ներկայացրել։

«Գյուղում բոլորը իրար շատ լավ գիտեն։ Գուցե թեկնածուի մոտ եղել է այն գիտակցումը, որ ընտրվելու հավանականությունը շատ ցածր է, ու չի ցանկացել անիմաստ պայքարի մեջ մտնել», – ասել է Շամոյանը։

Եզդիական կենտրոնի նախագահը նշում է, որ մասնակցայնության ցածր տոկոսը պայմանավորված է սխալ տվյալներով։ Ընտրացուցակներում ներառված են նաև դրսում ապրողները․ «ԿԸՀ-ի կայքում մեծ թիվ է նշված՝ մոտ 300 ընտրող։ Փաստացի գյուղում 140-150 ընտրող է ապրում»։

Ֆերիկը Արմավիրի մարզի միակ եզդիաբնակ գյուղն է, որը չի խոշորացվել և մնացել է որպես ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին համայնք։ Մոտ 14 տարի է համայնքապետը եզդի է։

«Դրանից առաջ ազգությամբ հայ ղեկավար են ունեցել՝ Հայթաղ գյուղից։ Նրա պաշտոնավարման տարիներին ապօրինի աճուրդով օտարվել են գյուղի 200 հա արոտավայրերը։ Մինչև հիմա գյուղացիներն ու համայնքը փորձում են դատական կարգով հետ վերադարձնել համայնքային նշանակության հողերը, որոնք իրենց համար կենսական կարևորություն ունեն․ գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Գործող գյուղապետի օրոք է խնդիրը ի հայտ եկել։ Մինչ այդ բնակիչներն ու ավագանու անդամների մեծ մասը տեղյակ չեն եղել։ Շուրջ վեց տարի է դատական պրոցես է գնում», – պատմել է Շամոյանը։