Home / Հայաստան / Քարտեզի վրա մատիտի գիծը հողի վրա ունի հարյուր մետրի լայնություն

Քարտեզի վրա մատիտի գիծը հողի վրա ունի հարյուր մետրի լայնություն

Կառավարությունը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։ Քանի դեռ ներպետական ատյաններում կանոնակարգերը չեն հաստատվել, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացման գործընթացը չի շարունակվի՝ հայտարարել է նախագծի հիմնական զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կանոնակարգով ընդունվում են լրացուցիչ մեխանիմզներ, օրինակ՝ սահմանագծման օպտիմալացման կարգավորումներ։ Այսինքն, որոշ դեպքերում կարող են տեղի ունենալ հողատարածքների փոխանակումներ` սահմանամերձ բնակչության անվտանգության ու տնտեսական գործունեության ապահովման նպատակով։

«Քարտեզի վրա մատիտի գիծը հողի վրա ունի հարյուր մետրի լայնություն։ Երբ մենք Տավուշում անցկացրել ենք սահմանազատումը, սահմանի որևէ օպտիմիզացիա տեղի չի ունեցել։ Սահմանը անցել է ուղիղ մեջտեղով՝ 50 մետր էս կողմ, 50 մետր էն կողմ։ Բայց Կիրանցի փորձը ցույց տվեց՝ որպեսզի մարդկանց շահերը ավելի պաշտպանված լինեն, օպտիմիզացիայի ինստիտուտը պետք է կիրառենք։ Իհարկե, փոխհամաձայնությամբ և, իհարկե, դա պետք է ամրագրվի միջպետական համաձայնագրով», – ասել է Գրիգորյանը, որը համակարգում է սահմանի դելիմիտացմանը վերաբերող բանակցությունները։

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ, ըստ նրա, չկա։ Այս պահին սահմանազատման հիմքում 1974-ից 1978-ը հաստատված՝ Խորհրդային միության Գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք 1979-ին մտել են ուժի մեջ։ Բայց այդ քարտեզներում, ըստ փոխվարչապետի, կան բաց հատվածներ, ուստի օգտագործվելու են նաև «բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, նորմատիվ իրավաբանական և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը»։

Քարտեզի ընտրությունը բանակցությունների հիմնական ինտրիգն էր։ Հայաստանը պնդում էր, որ սահմանազատման հիմքում խորհրդային վերջին՝ 74-78-ի քարտեզները պետք է լինեն, Ադրբեջանը առաջարկում էր այլ մոտեցում որդեգրել․ համադրել դարի սկզբից մինչև Միության փլուզումը հաստատված բոլոր քարտեզները։ Երկկողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարություններում ամիսներ առաջ ամրագրվեց, որ գործընթացի հիմքում 70-ականների քարտեզներն են լինելու․ Հայաստանի կառավարությունը դա ներկայացնում էր որպես ձեռքբերում։

Մհեր Գրիգորյանը մանրամասնել է՝ եթե Տավուշում օգտագործվում է 1976 թվականի քարտեզը, ապա Սյունիքի համար օգտագործվելու է 1978-ինը։

«Տավուշի մարզում 12.7 կիլոմտեր սահմանի վերականգնումն ամրագրված է իրավական բազայով, ավելի կոնկերտ՝ Խորհրդային Միության իրավական բազայով և Խորհրդային Միության վավեր տոպոգրաֆիկ քարտեզներով։ Սահմանազատումը իրավական է, քանի որ տոպոգրաֆիկ քարտեզները կազմվել են Գերագույն Շտաբի կողմից, ում ակտերը իմպերատիվ էին այն ժամանակ և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար», – ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետը հայտարարել է նաև, որ ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստերը դադարեցվել են, քանի որ «կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա»։ Խոսքը, ըստ ամենայնի, Սյունիքով անցնող՝ Ադրբեջանը հիմնական մասը Նախիջևանի էքսկլավին կապող ճանապարհի մասին է, որի համար Բաքուն հատուկ կարգավիճակ, իսկ Մոսկվան՝ մենաշնորհային վերահսկողություն են պահանջում։ Տարաձայնությունների պատճառով ճանապարհի ապաշրջափակմանը վերաբերող դրույթները հանվել են խաղաղության պայմանագրի նախագծից։