Home / Համայնքներ / Տավուշի սահմանը դելիմիտացված է․ «լավագույն ձևն» ու Կիրանցի խնդիրը

Տավուշի սահմանը դելիմիտացված է․ «լավագույն ձևն» ու Կիրանցի խնդիրը

Տավուշ-Ղազախ հատվածում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված՝ հայտարարել են Հայաստանի վարչապետի աշխատակազմից։

Սահմանազատումն իրականացվել է 1976 թվականի քարտեզով, Ոսկեպար-Բաղանիս հատվածով անցնող ճանապարհն ամբողջությամբ մնալու է Հայաստանի տարածքում, Կիրանցում, սակայն, ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջանալու, որը նախատեսվում է լուծել առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Դելիմիտացված սահմանի երկայնքով առաջիկա 8-9 օրերի ընթացքում սահմանապահներ կտեղակայվեն, Կիրանցի «առավել զգայուն հատվածում» սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ՝ «որոշ մանրամասների լրացուցիչ ճշգրտումից» հետո։

1135197
քարտեզը՝ ըստ Արմենպրեսի

պաշտոնական

Մայիսի 15-ի երեկոյան Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպումը։

Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումներով հստակեցված կոորդինատները, «ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-Նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»: Հանդիպման արդյունքում համատեղ Արձանագրություն է ստորագրվել։

Կիրանցի խնդիրը

Վարչապետի աշխատակազմից պարզաբանել են՝ սահմանազատման արդյունքում Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջացել։

«Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ:

Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով:

Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում», – Արմենպրես պետական լրատվական գործակալության հարցին ի պատասխան ասել են Կառավարությունից։

Առաջիկայում կհիմնանորոգվի նաև Կիրանցի համար այլընտրանքային՝ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, հավելել են վարչապետի աշխատակազմից։

Կիրանցի վարչական ղեկավարն ու գյուղացիներն ավելի վաղ ահազանգել էին, որ այս երեք կոորդինատներից մեկը գյուղի դպրոցի հատվածում է (դպրոցը մի քանի տասնյակ մետրի վրա է Ադրբեջանի հետ խորհրդային սահմանից), մյուս երկուսը կամրջի ու մի քանի մասնավոր տների հատվածներում են, որ ենթադրաբար Ադրբեջանին կանցնեն։

Կառավարությունը վստահեցրել է՝ գույքային խնդիրների ծավալը մեծ չի լինելոը, և պետությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության՝ գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:

Ոսկեպար և Բերքաբեր

Ոսկեպարում նախորդ օրերին ահազանգում էին՝ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանազատումից և ադրբեջանական ուժերի տեղակայումից հետո անհասանելի է դառնալու։ Խոսակցություններ էին տարածվում, թե Հայաստանը կորցնելու է նաև Ոսկեպար-Բաղանիս հատվածող անցնող ռազմավարական նշանակության ճանապարհը։

Կառավարությունից հերքել են՝ «ոչ միայն եկեղեցու, այլև Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հարցը լուծվել է լավագույն ձևով», ճանապարհն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է, եկեղեցին՝ նույնպես։ Սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից և թե եկեղեցուց բավականին հեռու:

«Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա», – հավելել է վարչապետի աշխատակազմը:

ինչո՞ւ 1976-ի քարտեզներով

Սահմանազատումն իրականացվել է 1976 թվականի քարտեզներով․ սա արդեն պաշտոնապես հաստատված իրողություն է։

Վարչապետի աշխատակազմից պարզաբանել են՝ այս քարտեզները Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցողն են․ «Հայաստանի կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը։ Այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել, և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված»:

զորքի փոխարեն՝ սահմանապահներ

Կառավարության փոխանցմամբ, առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են համաձայնեցված սահմանի վրա։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները տեղակայվելու են ավելի ուշ․ «Այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»:

«Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ», – հավելել է Փաշինյանի աշխատակազմը։

ի՞նչ է սա նշանակում

Անդրադառնալով մեղադրանքներին, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, որը հղի է անվտանգային սպառնալիքներով Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի համար, Կառավարությունից հայտարարել են․

«Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը»։ Ինչ վերաբերում է զիջմանը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատումը, ըստ նույն աղբյուրի, «չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է»:

տե՛ս Ի՞նչ է լինելու սահմանազատումից հետո

«Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և սկզբունքներով նաև սահմանի մնացած հատվածներում», – հավելել է Կառավարությունը:

Հիշատակված մեղադրանքները հնչում էին Տավուշի հոգևորականների և Երևանից ժամանած ընդդիմադիր գործիչների գլխավորած բողոքի ցույցերին։ Մայիսի 9-ից այդ ցույցերը շարունակվում են արդեն Երևանում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։

տե՛ս

Ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ․ տերտերը հանրահավաքով մտավ Երևան

Բացառել հակառուսականությունը. հանրահավաք Երևանում