Home / Բանակ / Բաքուն պատասխանում է «Արևմուտքին»՝ գնդակոծելով Հայաստանի արևելքը

Բաքուն պատասխանում է «Արևմուտքին»՝ գնդակոծելով Հայաստանի արևելքը

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը «ոչ նպատակային և անկանոն» կրակ է բացել միաժամանակ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ առավոտյան հաղորդել է պաշտպանության նախարարությունը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Տավուշի մարզում հրակոցներից քաղաքացիական օբյեկտներ են տուժել։ Սահմանային սադրանքների ֆոնին Երևան-Բրյուսել-Վաշինգտոն բանակցություններն են և Բաքու-Մոսկվա մեղադրանքները։

ՆԳՆ-ից տեղեկացրել են՝ սահմանամերձ Մովսես գյուղում ադրբեջանական կրակոցներից տներ և գերեզմանաքարեր, Ներքին Կարմիրաղբյուրում՝ քաղաքացիական մեքենա է վնասվել։ Մովսեսի համայնքապետ Արեմն Փոլադյանի խոսքով, գյուղն ամբողջությամբ թիրախավորվել է, կրակոցները տևել են մինչև ապրիլի 6-ի լուսաբաց․ «5 տուն և, նախնական տվյալներով, 2 գերեզմանաքարեր են վնասվել»։ Թեև կրակոցների պահին բնակիչները տանն են եղել, մարդիկ չեն տուժել։

«Ազատության» տեղեկություններով, Մովսեսի բնակիչ Սլավիկ Բաբայանի տան ապակին է կոտրվել, բեկորը մտել է տուն, իր երկու անչափահաս երեխաները հենց այդ սենյակում են եղել։ Սլավիկ Բաբայանը Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է անցած տարվա սեպտեմբերին, հինգ հոգուց բաղկացած նրա ընտանիքը կես տարի է՝ Մովսեսում է ապրում։ «Կրակը մեր հետևից է գալիս», – ռադիոկայանի հետ զրույցում ասել է տղամարդը։

Պաշտպանության նախարարությունը առավոտյան հաղորդել է, որ ադրբեջանական զինուժը «տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ» կրակ է բացել՝
— ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում՝ Սոթքի, 23:15-ին՝ Վերին Շորժայի, 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ),
— 23:15-23:20-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ),
— 23:05-23:20-ին՝ Չինարիի և 00:15-01:20-ին Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կրակոցների գերակշիռ մասը, ըստ հայկական ՊՆ-ի, «եղել է ոչ նպատակային և անկանոն»։

Չնայած պաշտոնական հաղորդագրությունում Տավուշի մարզի Այգեպար գյուղը չի հիշատակվել, Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանի փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմը խախտվել է նաև այդ ուղղությամբ։ Մովսեսցիները ասում են՝ իրենց մոտ կրակոցները գիշերը ժամը 11-ի կողմերն են սկսվել և շարունակվել են մինչև լուսաբաց։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը Ադրբեջանի այս գործողությունները որակել է որպես սադրիչ և հայտարարել, որ ադրբեջանական զորքերի նպատակը «Հայաստանի ԶՈԻ ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելն ու վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալն» է եղել։ Հայկական զորքերը, ըստ հաղորդագրության, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը հանդարտվել է։

Բաքուն էլ հայտարարել է, թե հայկական ստորաբաժանումներն են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երևանից հերքել են։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները։ Բաքուն ի պատասխան խոսել է Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» ինչ-որ փորձերի մասին՝ ներկայացնելով դրանք որպես «Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքներ»։

(լրացում) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ուշ երեկոյան հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ շեշտելով՝ Հայաստանը ակնհայտորեն շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ․ «Անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և նույնիսկ հասկանալի էլ չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում, […] ադրբեջանական կողմն էլ գալիս, միջնորդներին կամ մեզ հավաստիացնում է, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակներ էսկալացիայի համար»։

կոնտեքստ

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները ակտիվացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ապրիլի 5-ին նախատեսված (և արդեն կայացած) եռակողմ հանդիպման նախաշեմին։ Պաշտոնական Բաքուն և Մոսկվան դեմ էին այս հանդիպմանը, Երևանը, Վաշինգտոնը և Բրյուսելը արդարանում էին՝ բանակցությունները մասնակիցների փոխհարաբերություններին են նվիրված և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։

Քաղաքական այս ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ էր տարածում՝ մեղադրելով Հայաստանին մեկ հրադադարի ռեժիմի խախտման, մեկ սահմանին զորքեր կուտակելու մեջ։ Երևանը այս մեղադրանքները հերքում էր՝ պարբերաբար հաղորդելով նաև ադրբեջանական կրակոցների մասին։

Երեկ՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Չնայած Միացյալ Նահանգների և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերի՝ իրենց նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցներում փորձում էին մեզ համոզել, որ [Հայաստանի վարչապետի հետ] հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ ուղղված, մենք գիտենք՝ այն Ադրբեջանի դեմ է, Հարավային Կովկասում համագործակցության դեմ է, այն բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը նույն օրը հաղորդել էր, թե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բանակցությունները դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ․ «Մոսկվային հայտնի է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը»։

Մինչ այդ ռուսական արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է նրանից, թե Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին և ԱՄՆ-ին «քայքայիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում՝ երկու երկրների հարաբերությունների վրա»։

Անդրադառնալով ռուս պաշտոնյայի այս հայտարարությանը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում նշել էր․ «Դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ սրումը ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան թե Ադրբեջանից։ Կարող ենք այս հայտարարությունից հենց դա ենթադրել, և դա մտահոգիչ է շատ»։