Ժամը 17:05-ին՝ Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Հայաստանի ՊՆ-ն, միևնույն ժամանակ, հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ժամը 17:25-ի սահմաններում հայկական ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»։
Բաքուն մինչ այդ հայտարարել է, թե ժամը 15:10-ից 17:35-ը հայկական ստորաբաժանումները «հետագա սադրանքներին նախապատրաստվելու նպատակով փորձել են ամրակայման աշխատանքներ իրականացնել ադրբեջանական բանակի [Թովուզի շրջանում տեղակայված] դիրքերի դիմաց»։
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքն անմիջապես դադարեցվել է», – գրել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Այս պնդմանը Երևանը չի արձագանքել:
Ապրիլի 2-ին էլ հայկական կողմը հաղորդել էր, թե ադրբեջանական զինուժը Կութի և Տեղի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Բաքուն էլ պնդել էր, թե ապրիլի 1-ին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ Նախիջևանի հատվածում, ինչը հայկական կողմը հերքել էր:
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում Հայաստանի զորքերի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ է նկատում։ Երևանը այս մեղադրանքները հերքում են։ Հերքում է նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը։ Եվրոպացի դիտորնդերը երկու օր անընդմեջ հաղորդագրություն էին տարածում՝ պարեկություն են իրականացրել սահմանի հայկական կողմում, և ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։