ԱԱԾ. մեղավորը հովվի հետևից Ադրբեջան գնացած հայ սահմանապահն է
Սահմանային Ներքին Խնձորեսկի միջադեպից 2 օր անց Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է՝ հայ զինծառայողներն են խախտել սահմանապահ ծառայության կանոնները:
Ամփոփելով ծառայողական քննության արդյունքներն՝ ԱԱԾ-ից այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, թե սահմանապահ ծառայության պարտադիր ժամկետային զինծառայող, վերակարգի ավագ Յ․Ք․-ն և նրա համածառայակիցները փորձել են հատել Հայաստանի պետական սահմանը և վերադարձնել Ադրբեջանի տարածք անցած հովվին ու նրա հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, ինչն անզգուշությամբ պատճառել է էական վնաս:
«Նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ», - ասված է հաղորդագրությունում:
Տեղի ունեցածի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է վիրավորվել։ Հայաստանի ԱԱԾ-ն այդ առնչությամբ ափսոսանք է հայտնել և վստահեցրել, թե համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ծառայության կանոնները խստագույնս պահպանելու և այդպիսի դեպքերը բացառելու ուղղությամբ:Ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկի հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև հրաձգությունը, ըստ հայկական կողմի, կենցաղային պատճառներով է սկսվել․ հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նույն օրը հայտարարել է՝ պատրաստ է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննություն իրականացնել։ Միջադեպից ժամեր անց տեղեկացրել են՝ ադրբեջանական կողմը վերադարձրել է և՛ հովիվին, և՛ մոլորված հոտը։
Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի բնակիչներից մեկն էլ պատմել է, թե մոլորված հովիվը Տեղ գյուղից էր․ «Նա շատ շներ ունի, շները հարձակվել են էդ պահին թուրքերի վրա, կրակոցներ են եղել»։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ սահմանապահ ծառայության կանոնները խախտելու հոդվածով քրեական վարույթ են նախաձեռնել: Այս պահին գործով մեղադրյալ չկա: