Home / Բանակ / ՔԿ-ն զինվորականների «ներողությունն» է տարածում, Կիրանցում կան վիրավորներ

ՔԿ-ն զինվորականների «ներողությունն» է տարածում, Կիրանցում կան վիրավորներ

Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել Տավուշի մարզի սահմանային Կիրանցից, որում երևում էր՝ ցուցարարները ողջունում են իրենց ուղղությամբ շարժվող զինվորականներին։ Տեսանյութը տելեգրամյան ալիքները ներկայացնում էին որպես ապացույց՝ մոտ 20 զինծառայող իջել է դիրքերից և միացել սահմանազատման դեմ բողոքողներին։

Պաշտպանության նախարարությունից անմիջապես արձագանքնել էին՝ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ։ «Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»։

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, որում Իջևանի զորամասում ծառայող զինվորականները՝ Ասատուր Չոբանյանն ու Ֆելիքս Բալինյանը, տեսախցիկի առաջ ներողություն են խնդրում «պահի ազդեցության տակ այնտեղ գնալու» համար և հերքում, որ իրենք միացել էին ցուցարարներին։

«Ես իմ զինակից ընկերների հետ միասին մեկնել էի Կիրանց գյուղ, այնտեղ մեզ դիմավորել են մի շարք լրագրողներ և ցուցարարներ, և իբր մենք՝ զինվորականներս, գնացել ենք այնտեղ և միացել ենք ցուցարարներին։ Ուստի հայտնում եմ ձեզ, որ այդ ամենը սուտ է։ Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք։ Խնդրում ենք այս ամենը չքաղաքականացնել», – քննչականի տեսանյությում ասում է զինծառայող Չոբանյանը։

«Ուզում եմ ասել երեկվա դեպքերի վերաբերյալ, որ մենք կապ չունենք էտ ցուցարարների հետ, ոչ մի քաղաքական հայացքներ չկան մեր մեջ։ Մեր այնտեղ գտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք։ Մեր արածների համար խնդրում եմ ձեր ներողամտությունը», – հավելում է Բալինյանը։

Թե ինչ հանգամանքներում է ձայնագրվել այս տեսանյութը և ինչու է Քննչական կոմիտեն որոշել այն հրապարակել՝ պարզ չէ։

Զինվորական համազգեստով մարդիկ, որոնց մեջ էին նաև Չոբանյանն ու Բալինյանը, ակցիայի վայր էին ժամանել երեկ գիշերը՝ ցուցարարների և իրավապահների միջև բախումից հետո: Ներկաները պատմում էին՝ նրանք ողջունել են բողոքողներին և գրեթե անմիջապես հեռացել։

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեից հաղորդել են՝ «մի խումբ զինծառայողների կողմից առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու առերևույթ դեպքի» առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հիշատակված տեսանյութը հրապարակվել է այս հաղորդագրությանը կից։

Քննչականից նշել են, թե նախաքննությամբ պարզվել է, որ «ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց։ ․․․Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից»:

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը դեռ պարզվում են:

կան վիրավորներ

Կիրանցի հատվածում արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են։ Տեղացիներից բացի՝ դրանց մասնակցում են նաև ընդդիմադիր (հիմնականում դաշնակցական) պատգամավորները, ակտիվիստները, հոգևորականները, երևանյան և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչները։ Փակվում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ցուցարարներն այսկերպ բողոքում են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացման ծրագրի դեմ, որը հաստատվել էր անցած շաբաթ։

տե՛ս Ի՞նչ է լինելու, եթե սահմանազատման պայմանավորվածությունը կյանքի կոչվի

Ցույցերին զուգահեռ սակրավորները ականազերծում են սահմանակից գոտին, Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը՝ հստակեցնում կոորդինատները և սահմանային /փոխհամաձայնեցված/ սյուներ տեղադրում։

տե՛ս Տավուշում չեն հաշտվում սահմանազատման հետ

Կիրանցի հատվածում իրավիճակը կտրուկ լարվել է, երբ Վրաստան տանող ճանապարհին հավաքված ցուցարարները նկատել են, որ ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի մեքենաներ են փորձում դուրս գալ։ Մտածել են՝ այնտեղ սակրավորներ են, որոշները ենթադրել են, որ ներսում ադրբեջանցիներ են։ Լրատվամիջոցները գրել են, թե մեքենայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որը համակարգում է սահմանազատման աշխատանքը։ Այս տեղեկությունը հերքվել է։

Ցուցարարները շրջափակել են այս մեքենաները ու արգելել նրանց երթը։ Ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին, քաշքշուկ է սկսվել։ Ցույցի առաջնորդներից՝ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, իրավիճակի լիցքաթափումից հետո բարձրախոսով ողջունել է ցուցարարներին՝ սադրանքների չտրվելու, ճիշտ կերպով վարվելու և այլնի համար։

Լրատվամիջոցներից որոշները գրել են, թե ուժայինները լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ ՆԳՆ-ից այս տեղեկությունը հերքել են։

Քննչական կոմիտեից հաղորդել են՝ ստացված երկու հաղորդումների հիման քրեական վարույթ են նախաձեռնել և պարզում են միջադեպի հանգամանքները։

«Կիրանցում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: ․․․Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկաններին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն: Միևնույն ժամանակ, ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց», – ասված էր Քննչականի հողարդագրությունում։