հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Բանակից խուսափելու մեղադրանքը անհիմն էր․ 2017-ին դատապարտվածը արդարացվել է

Բանակից խուսափելու մեղադրանքը անհիմն էր․ 2017-ին դատապարտվածը արդարացվել է

Զինծառայությունից խուսափելու մեղադրանքով 2017 թ․-ին ազատազրկման դատապարտված Ռ․ Դ․-ին Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ․ նոյեմբերի 21-ին արդարացրել է։

Ռ․ Դ․-ի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, գործերի ծանրաբեռնվածությունից ելնելով, ներգրավել էր Փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Ռևազյանին։

Ռ․ Դ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել 2016թ․ փետրվարի 23-ին և կարճ ժամանակ անց հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Ավելի ուշ՝ 2017 թ․ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանը վերացրել էր քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, և Ռ․ Դ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսվել էր։

Արդյունքում 2017թ․ օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ռ․ Դ․-ին դատապարտել էր ազատազրկման՝ 1 տարի, 6 ամիս ժամկետով։

Դատարանն այս վճիռը կայացնելիս թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ, դատավճիռ կայացնելու համար հիմք է ընդունել միայն մեղադրական ապացույցները, ավելին՝ որպես մեղադրական ապացույցներ է դիտարկել անգամ անմեղությունը հաստատող ապացույցները։ Դատարանը չի ստուգել վկաների ցուցմունքների միջև եղած հակասությունների պատճառները, անտեսել է վկաների կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը։ Կանխակալ մոտեցում է ցուցաբերել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը մեկնաբանելիս։ Չփարատված կասկածները ամբաստանյալի օգտին մեկնաբանելու փոխարեն՝ դրել է դատավճռի հիմքում որպես մեղադրական ապացույցներ։

Այս հիմնավորումներով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներգրաված փաստաբան Ռևազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ 2017թ․ օգոստոսի 10-ի դատավճռի դեմ։ Ավելի քան մեկ տարի քննելուց հետո՝ 2018թ․ նոյեմբերի 21-ին, Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռն ու արդարացրել Ռ․ Դ․-ին։

Վերաքննիչն արձանագրել է, որ դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով։ Այն պետք է բխի դատարանի համոզմունքից, որը չի կարող կամայական կամ սուբյեկտիվ լինել։

Վերաքննիչը եզրակացրել է, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Ռ․ Դ․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը վերագրելու համար։ Այս համատեքստում վերաքննիչ բողոքում նշված մյուս փաստարակներին անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսել։