Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության աշխատակիցները այցելել են «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն և պահանջել բացահայտել ավելի վաղ թերթի հրապարակած տեղեկատվության աղբյուրը։
«Հրապարակում» նոյեմբերի 16-ին լույս է տեսել «Ազգ-բանակն ու թելով տռուսիկը» վերնագրով հարցազրույցը, որտեղ Մարտակերտում տեղակայված զորամասի զինծառայողը պատմում է բանակում տրամադրվող հիգիենայի անորակ պարագաների և, հետևաբար, ծնողների կողմից անընդհատ պահանջվող գուլպաների, օճառի, ատամի մածուկի և այլ իրերի մասին։ Զինծառայողը նաև ասել էր, որ տնեցիքի ուղարկած իրերը ստնալաու համար հրամանատարները 1000֊ական դրամ են պահանջում իրենցից։
Հարցազրույցը տված զինծառայողի ինքնությունը պարզելու համար «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել նաև Հայաստանի կողմից չճանաչված Արցախի Հանրապետության դատախազության աշխատակիցներից կապիտան Խաչատրյանը։
«Եթե ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցը ըմբռնումով մոտեցավ աղբյուրի չբացահայտման մեր իրավունքին, ապա Արցախի Հանրապետության դատախազության աշխատակիցը պնդեց, որ մենք պարտավոր ենք բացահայտել զինվորի ով լինելը, հակառակ դեպքում «քրեական պատասխանատվության կենթարկվենք սուտ մատնության համար։ Ի դեպ, այսօր արդեն մեզ տեղեկություններ են հասել, որ ՊԲ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ անում է տվյալ զինծառայողին գտնելու համար, նույնիսկ շարել են Մարտակերտի գունդը, զրուցել զինծառայողների հետ՝ պահանջելով բացահայտել հարցազրույց տվող զինծառայողին։ Նման գործելաոճով, իհարկե, բանակում առկա արատավոր բարքերը արմատախիլ չեն անի, գուցե նման ցանկություն էլ չկա։ Ընդամենը՝ արտահոսքի աղբյուրները փակելն է եւ զինվորների շրջանում հարցազրույց տալու «ցանկությունը» արմատախիլ անելը», – ահազանգում է թերթը։
Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպանական կառույցները՝ մասնավորապես «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ահազանգել էր, որ Հայաստանում իրավապահները խախտում են տեղեկատվության աղբյուրի գաղտնիության սկզբունքը՝ պահանջելով ԶԼՄ֊ներից բացահայտել իրենց աղբյուրները։
Հատուկ քննչական ծառայությունը «Հրապարակ» և ilur.am լրատվամիջոցներից 2014 թվականին պահանջել էր հայտնել՝ որտեղից է տեղեկությունը, թե ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը ծեծի է ենթարկել Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ Լրատվամիջոցները հրաժարվել էին իրավապահներին տալ իրենց հրապարակած ինֆորմացիայի աղբյուրը և դիմել էին Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ բավական է լրագրողը թեկուզ մեկ անգամ բացահայտի իր աղբյուրը, նա կկորցնի ինֆորմացիայի աղբյուրների վստահությունը, իսկ հասարակությունը կզրկվի ինֆորմացված լինելու իրավունքից։
Հայաստանի Սահմանադրական դատարանը բավարարել էր ԶԼՄ֊ների բողոքը և ՀՔԾ գործողությունները համարել էր հակասահմանադրական։