Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) իրավունք չուներ «Հրապարակ» օրաթերթից և Ilur.am կայքից աղբյուրի բացահայտում պահանջել։ Սա պարզ է դարձել այսօր հրապարակված Սահմանադրական դատարանի վճռից։ ՍԴ֊ն բավարարել է «Հրապարակ» օրաթերթի փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի ու ILur.am փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի դիմումները, որոնցով վիճարկվում էր քրեական դատավարության օրենսգրքի 279֊րդ հոդվածի և ԶԼՄ֊ների մասին օրենքի 5֊րդ հոդվածի (լրագրողների իրավունքները) սահմանադրականությունը։
ՀՔԾ֊ն երկու ԶԼՄ֊ներից պահանջել էր բացահայտել աղբյուրը՝ Շիրակի մարզի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին հրապարակման հետ կապված։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը։
ՍԴ֊ի այսօր կայացրած որոշմամբ, սակայն, սահմանվել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 279֊րդ հոդվածը սխալ է կիրառվել և գործը պետք է վերանայվի։ Վիճարկվող հոդվածը սահմանում է դատական որոշմամբ կատարվող քննչական գործողությունների շարքը, որի մեջ, ի թիվս փոստային, հեռագրական խոսակցությունների գաղտնիության սահմանափակման, թույլատրված է նաև քննիչի կողմից «այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակում»։ Քննչական մարմինը հիմնվել է «այլ» եզրույթի վրա՝ «Հրապարակ»֊ից և Ilur.am֊ից պահանջելով բացահայտել նյութի հիմք հանդիսացած անանուն աղբյուրը։
Ինչպես լրագրողներին ասել է Արտակ Զեյնալյանը, իրենք եռամսյա ժամկետում դիմելու են Վճռաբեկ դատարան՝ գործի վերաբացման պահանջով։ Արա Ղազարյանն էլ հավելել է, որ ՍԴ֊ի որոշումը օրենքի ուժ ունի և խորհուրդ է տվել լրագրողներին որոշումը վկայակոչել, եթե իրենց քննչական գործողությունների մեջ ներգրավելու փորձեր արվեն ապագայում։
Զեյնալյանը տեղեկացրել է, որ, համաձայն միջազգային իրավունքի, լրագրողը տեղեկատվության աղբյուրը պարտավոր է բացահայտել այն դեպքերում, երբ խոսքը գնում է նախապատրաստվող ծանր հանցագործությունների մասին և այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումը միակ ելքն է, որով կարելի է ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդուն արդարացնել։ Քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքում է, դրա սահմանափակման ուղղությամբ արված որևէ քայլ անթույլատրելի է, և աղբյուրի բացահայտում պետք է պահանջվի ծայրահեղ դեպքերում։ Ղազարյանը հավելել է, որ անգամ այդ ծայրահեղ դեպքերում պետք է հիմնավորվի, որ աղբյուրի բացահայտում կենսական անհրաժեշտություն է։
«Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունն անգամ այնքան չի ազդի լրագրողներից հասարակություն գնացող լրատվության հոսքի ծավալի վրա, որքան լրագրողական աղբյուրի բացահայտման պարտադրումը։ Բավական է լրագրողը թեկուզ մեկ անգամ բացահայտի իր աղբյուրը, նրա մյուս բոլոր աղբյուրները կցամաքեն։ Այլևս այն ինֆորմացիան, որը բացի լրագրողից ոչ մեկը չի հրապարակի, հասարակությունը չի ստանա»,֊ասել է Արա Ղազարյանը։
Իրավաբանը հավելել է, որ վերջին շրջանում Հայաստանում ոչ միայն աղբյուրի բացահայտման պարտադրանքն է ճնշում լրագրողի նկատմամբ, այլև նրան քննչական գործողությունների մեջ ներգրավելը։
«Քննիչները նաև սովորություն են դարձրել [լրագրողին] հրավիրել որպես վկա։ Սա ժողովրդավարության դեմ է», ֊ ասել է Ղազարյանը։