Նոյեբմերի 6-ին ժամը 8:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Էդուարդի Ազատյանը։ Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագորւթյուն տարածեց, որ Ազատյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդված 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
«Նոյեմբերի 6-ին, ժամը 8:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում», – ասված է հաղորդագրությունում:
Քրեական գործը հարուցվել է առաջին կայազորային քննչական բաժնում, կատարվում է նախաքննություն: