Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:
Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին 9 ամիսներին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 50 դեպք։
35 դեպքից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ սպանության, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ՝ 57%-ով, նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը, 33%-ով` առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը, 20%-ով՝ սպանության հետեւանքով մահացության դեպքերը, 15%-ով՝ ավտովթարի հետևանքով դեպքերը և 75%-ով՝ դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը։
Ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահվածում։
Մահացության 35 դեպքերից 24-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։
23-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից տեղեկատվության հաստատում կամ տրամադրում լրատվամիջոցներին:
6 դեպքի մասին տեղեկատվություն տարածվել է միայն ԶԼՄ-ից, որից 2-ի դեպքում՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։
6 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել ո՛չ պաշտոնական աղբյուրներով, ո՛չ պաշտոնատար անձանց սոցիալական էջերի հրապարակումներում և ո՛չ էլ լրատվամիջոցներով։ Դրանց մասին Կազմակերպությունը տեղեկացել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից՝ ի պատասխան հարցումների։
Պաշտոնական նախնական տվյալներով՝ 35 դեպքից 15-ը կապված է զինծառայության հետ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:
23 դեպքի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ