Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ տուժածի և այլ զինծառայողների նկատմամբ բռնանալու, նրանց պարբերաբար վիրավորելու և ստորացնելու համար, հայտնում է «Փաստինֆո»-ն։
2017թ․ հոկտեմբերի 20-ին զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի երկու զինծառայողներ՝ 19-ամյա Արամ Խաչատրյանը և 20-ամյա Հրաչ Ավետիսյանը, սակայն պաշտոնական աղբյուրները հստակ չէին հայտնում տեղի ունեցածի բոլոր մանրամասները։
Զինծառայողը՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ճակատի հատվածում։
Նախաքննության վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է. զինվորն ինքն է կրակել իր ճակատի շրջանին՝ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից։ Նրան փորձել էին անմիջապես տեղափոխել զինհոսպիտալ, սակայն զինծառայողը ճանապարհին մահացել էր։
Քննության տվյալներով՝ դեպքին նախորդած ժամանակահատվածում զինծառայողը համածառայակցի՝ Գևորգ Պետրոսյանի, կողմից պարբերաբար ենթարկվել է ծաղրուծանակի, բռնության։ Պարզվել է նաև, որ վերջինս պարբերաբար նվաստացրել է ոչ միայն Հրաչին։
Նախաքննական մարմինը Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի մի մանի մասերով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում), 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը)։
Զինծառայող Հայկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ եւ 2-րդ մասերով՝ երեք դրվագի համար, Արծրուն Ավագիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արայիկ Առուստամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Գործն արդեն ուղարկվել է դատարան։