Մի օր՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայելուս ժամանակ, հրամանատարը մեկ առ մեկ իր մոտ էր կանչում զինծառայողներին, հարցուփորձ անում ու հարցաթերթիկ լրացնում։ Հարցնում էր մասնագիտության, կրթության ու կրոնի մասին։
– Հավատացյա՞լ ես։
– Չէ։
– Աղանդներին ո՞նց ես նայում։
– Նորմալ։
– Բայց կնքվա՞ծ ես։
– Դե, մանուկ հասակում կնքել էին։ Աթեիստ եմ։
– Ուրեմն, «Հայ առաքելական եկեղեցի», – համապատասխան տողը լրացնելով, ասաց նա։
Մեր դասարանի Վ-ն պատմում էր, որ իր ծառայելու ժամանակ հրամանատարը մասսայական բոլորին կնքել էր։ Կապ չուներ՝ արդեն կնքված ես, թե չէ, եզդի ես, թե մոլոկան։ Դե փոքր գունդ էր, սաղին կնքահայր էր կանգնել։ Կնունքի խաչի փոխարեն էլ, բոլորին ոսկի փոքր թելեր էր բաժանել։
Զինակոչիկիներին տրվող հարցաթերթիկների 6-րդ կետը կրոնական պատկանելիության մասին է․ նշել, եթե պատկանում եք կամ հարում եք որևէ կրոնական աղանդի, դավանանք կամ խմբակցության կամ կազմակերպության, նշել է նաև որ թվից, ինչպես նաև ընտանիքի անդամներից ովքեր են դավանում նշված կամ այլ հավատքի, եթե ոչ մի կրոնական կազմակերպության չեք պատկանում, նշել հայ առաքելական եկեղեցուն դավանող։
6-րդ կետում զորակոչիկը պետք է նշի նաև, թե որ բնավորության գծերն ունի․ համարձակ, վճռական ինքնավստահ, մեծահոգի, կասկածամիտ, եսասեր, վրեժխնդիր։ Կամ տրամադրության որ ձևը․ եռանդուն, լավատես, չպատճառաբանված բարձր /վատ/, փոփոխական, դժգոհ։
Լուսանկարը Armen Tsirunyan-ի ֆեյսբուքյան էջից։