Շատ կուզեմ տեսնեն՝ ինչ վիճակի է ինձ հասցրել անարդարությունը
Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչ, 21-ամյա զորակոչիկ, 6 ամիս ծառայած Սերյոժա Խաչատրյանի մայրը կաթված է ստացել՝ իմանալով տղայի վիճակի մասին։ Վիճակահանության արդյունքներով՝ Խաչատրյանը նախ տեղափոխվել էր Ղարաբաղում գտնվող Մարտունու 5-րդ, 6 ամիս հետո՝ 3-րդ գումարտակ։
43-ամյա Թամարա Հովհաննիսյանը վախենում է, որ բողոքները կարող են բացասական հետևանքներ ունենալ Սերյոժայի համար, բայց հարցը լուծելու այլ հնարավորություն չի տեսնում․ «Եթե իմ էրեխու գլխից մեկ մազ անգամ պակասի իմ բողոքների պատճառով, ես չգիտեմ, խաղեր չխաղան, իրանց մոտ դա լավ կստացվի՝ մարդկանց գլխին սարքելը․․․ Մենք շատ բան գիտենք բանակից, շատ֊շատ բաներ»։ Epress.am-ի զրուցակիցը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ հարցը կարող է արդար լուծում ստանալ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում։ Մոր պահանջն է՝ որդուն տեղափոխել Երևանի Մուրացան զինվորական հոսպիտալ և լիարժեք հետազոտել․ «Թող պատկերացնեն՝ իրանց էրեխեն ա էդ վիճակում»։ Տարկետումներ ստացած երիտասարդի մայրը պնդում է, որ ծառայության պիտանելիության հարցը պետք է կրկին քննվի։
Խաչատրյանը՝ ոտքերի հետ կապված խնդիրների պատճառով 3 անգամ տարկետում ստանալուց հետո 2019 թվականին, այնուամենայնիվ, զորակոչվում է բանակ․ զինվորական կոմիսարիատը հաշվի չէր առել, որ 3 բժշկական հաստատությունները տվել են հիվանդության տարբեր ծանրության աստիճաններ։ Նա դեռ փոքր հասակից ունի երկկողմանի հարթաթաթություն, ոտքերի մատների դեֆորմացիա և ծնկահոդի հետ կապված հիվանդություն։ Հետազոտություններից մեկի արդյունքներով՝ ծնկահոդերի բնածին արատ ևս։ Մայրը հղում է անում այն հանգամանքի վրա, որ Սերյոժային զորակոչեցին 3 տարի ուշացումով։ Ինչպե՞ս էր դա հնարավոր, եթե նա ենթակա էր ծառայությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հովհաննիսյանը պարբերաբար լրագրողի ներողամտությունն է հայցում․ հիվանդությունից հիշողության հետ խնդիրներ են առաջացել։ Հիշեցնում է խմբագրություն ուղարկված լուսանկարի մասին․ «Դուք տեսաք, էդ վիճակն է իմ մոտ։ Հիմա մի քիչ բերանս ուղղվել է։ Ահավոր վիճակ է»։
Սերյոժայի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը կինն ուղարկել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, զինվորական դատախազին, վարչապետին և պաշտպանության նախարարություն․ «Բայց իրանք ոնց որ ձեռ առնեն։ Վարչապետն ուղարկել էր պաշտպանության նախարարություն, նրանք էլ ուղարկել էին ինձ իմ երեխայի բոլոր բժշկական․․․ իբր ես չգիտեի՝ իմ երեխեն ինչ խնդիրներ ուներ։ Գրել, ուղարկել են ինձ, թե Կենտրոնական բժշկական հանձնաժողովը չի համաձայնել Գիտական ինստիտուտում հետազոտած 5 դոցենտ-պրոֆեսորի հետ և սահմանափակումներով ծառայության համար պիտանի է ճանաչել»։
Թամարա Հովհաննիսյանի խոսքով՝ կեղծում է տեղի ունեցել, այսինքն՝ քայլքի չափավոր խանգարումը բերում է ծառայությանը ոչ պիտանի եզրակացության, սակայն տվյալ մասը փոփոխվել էր։ Կինը չի հասկանում՝ ինչ իրավունքով է դա արվել․ «Էս Կենտրոնական հանձնաժողովի մարդիկ փոփոխել են բառերը, գրել՝ և՛ ծնկահոդի մասով ֆունկցիայի աննշան խանգարում, և՛ ոտնաթաթի մասով ֆունկցիայի աննշան խանգարում, որը տալիս է՝ սահմանափակումներով ծառայության ենթակա։ Հանձնաժողովը չի համաձայնել եզրակացությունների հետ։ Ո՛չ ռազմական դատախազի ասածն է արել ԿԲՀ-ն, ո՛չ ՊՆ հանրային հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանի ասածը։ Իմ երեխուն առանց հետազոտելու, մեզ խաբեցին, տարան, թե զինկոմիսիա ա, տրամադրել են իրավաբան, ասում են՝ կամ պիտի տղեդ ծառայի, կամ դատվի»։
Նկարագրվածը հունվարի 31-ի հավաքին էր տեղի ունեցել։ Հովհաննիսյանին ոչինչ չէր մնում անել․ «Էրեխես էդ օրը ահավոր վատ էր։ Ես իրան վերցրեցի, ասի՝ թող դատվի, ես էս վիճակում իմ էրեխուն չեմ կարա տամ, դուք տանեք»։ Ավելի ուշ պարզվեց, որ հավաքը հետաձգվել էր․ Սերյոժային տարան փետրվարի 7-ին։ Մոր խոսքով՝ չցանկացավ՝ որդին օրենք խախտի, մանավանդ, որ դատարան արդեն իսկ դիմել էին, համապատասխան լուսանկարներն ուղարկվել էին դատաբժշկական փորձաքննության, սակայն դատավարությունը շատ երկար է տևում։
Նախկինում օրենքն այսքան խիստ չէր, 404 որոշման փոփոխությունից առաջ ոտնաթաթի շեղվածության ախտորոշման համար անհրաժեշտ նորմն ավելի ցածր էր, ծառայությունից ազատվելն ավելի հեշտ գործընթաց էր ենթադրում․ «Ո՞նց է հնարավոր 44 աստիճան շեղված ոսկորները դառնան 37-38։ Էդքան բանից հետո երեխային տարել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն, պարզվել էր, որ թերի էին հետազոտել, միայն մեկ ծունկն են հետազոտել զորակոչվելուց։ Բժիշկն ինձ ասեց, որ տղես չպիտի նույնիսկ արագ քայլի։ Բնածին արատն էլ չի կարելի վիրահատել, վիրահատելու դեպքում էլ՝ խնդիրը կկրկնվի։ Ինչքան գիտեմ, բժիշկի գրվածը ոչ-ոք փոփոխելու իրավունք չունի, կարա համաձայն չլինի, բայց փոփոխե՞լ»։
Այժմ էլ երիտասարդը ջերմություն ունի, ասում է մայրը, բուժկետում է պառկած։ Կինը, սակայն, հատուկ շեշտում է հրամկազմի վերաբերմունքը․ Սերյոժան զինվորական կոշիկ է կրել միայն երդման արարողության օրը․ «Դրանից հետո իմ էրեխեն ո՛չ սապոգ ա հագել, ո՛չ օրապահ ա կանգնել, ո՛չ շարային ա եղել»։
Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Հովհաննիսյանը միայնակ է ապրում։ Դուստրերն ամուսնացած են։ Ամբողջ հույսը դնում է Սերյոժայի վրա։ Դիմել էր թոշակ ստանալու համար և մերժվել․ «Ասեց՝ գնա, դեղերդ առ, բուժվի։ Որտեղի՞ց պիտի առնեմ, խմեմ, երբ միակ խնամակալն էդ մեկ էրեխեն ա, աշխատանք չունեմ, այրի կին եմ»։
Հովհաննիսյանը չի պատմում որդուն առողջական խնդիրների մասին։ Ասում է՝ Սերյոժան չգիտի, որ ձախ կողմը կաթվածահար է եղել։ Զրույցի վերջում Հովհաննիսյանին չի հաջողվում զսպել արցունքները․ «Ինքն իրան վատ ա զգում, հոգեբանորեն ճնշված ա, էդ ավելի սարսափելի ա, քան իրա բուն հիվանդությունը։ Քանի անգամ տարել են հոսպիտալ, բերել, նորմալ մասնագետ չէր եղել։ Ասել են՝ նյարդաբան է պետք։ Հոգեկա՞ն սարքեն, բերեն, տան ինձ։ Ես էդ մեկ էրեխու հույսին եմ։ Ինձ էլ առողջ չթողեցին, որ ես իմ էրեխուն պահեմ»։