Հայաստանի վարչապետի համար լավ, իսկ ԱԺ խոսնակի համար վատ լուրերի մասին ֆեյսբուքում գրում է ղարաբաղյան «Աշխարհ» հետազոտությունների մարտավարական կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը․
«Երեկ մի օրով Հադրութի մթնոլորտի մեջ խորացա։ Կարելի էր և նույնիսկ անհրաժեշտ էր մեծ տեքստ գրել, և այն հետաքրքիր կլիներ, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել մի քանի կետերի վրա։
- Սկսեմ լավից։ Նիկոլ Փաշինյանի անունն այլևս չի կապվում Արայիկ Հարությունյանի հետ։ Դա իհարկե լավ է Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի համար։ Արայիկ Հարությունյանի ու նրա կողմնակիցների տարածած ապատեղեկատվություններն ու կեղծ կուրերը մեկով պակասեցին։
- Վատ լուրեր Արարատ Միրզոյանի համար։ Այժմ նա աջակցում և առաջ է տանում Արայիկ Հարությունյանը թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում։ Դա ոչ թե վատ, այլ շատ վատ լուր է ԱԺ խոսնակի համար։ Երբ հասարակության մեջ քո անունը կապվում է Արցախի գլխավոր օլիգարխներից մեկի հետ, ում պաշտոնավարման ժամանակ երկիրը թալանվել է ու ապրիլյան պատերազմն է եղել, Արցախի պայքարի ցանկացած ելքի դեպքում դու խորը մինուսներով ես մնում։
ա) Արայիկ Հարությունյանի հաղթանակի դեպքում Արցախում ռևանշիստական ուժերի հաղթանակը միանշանակ կապվելու է Արարատ Միրզոյանի հետ։ Ինչը Վանեցյանին չհաջողվեց Երևանում, Միրզոյանին Ստեփանակերտքւմ կհաջողվի։ Այդպիսի գնահատականների կսկսեն հնչել Արցախի ապակայունացումից հետո, եթե Արայիկ Հարությունյանը հաղթի։ Իսկ այդպիսի ապակայունացումն անխուսափելի է, ինչպես փողոցային ժողովրդավարության ու հեղափոխության շրջանակներում անխուսափելի է զանգվածային կաշառումներով ու շանտաժով իշխանությունը գրաված առաջնորդի հեռացումը։ Այն, որ Արայիկ Հարությունյանի անունը կապվում է Արարատ Միրզոյանի հետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, հեշտացնում է ապագա հեղափոխականների գործը։
բ) Արայիկ Հարությունյանի պարտության դեպքում Արարատ Միրզոյանը լույսից էլ մեծ արագությամբ դառնում է ձախողակ, որ խաղադրույք էր կատարել նախկին ռեժիմի օլիգարխի վրա։ Ինչպես խոսել լուրջ քաղաքականության մասին, երբ նա ի վիճակի չեղավ հաշվարկել նման պարզ իրավիճակն ու Արցախի ժողովրդի կողքին կանգնել, ոչ թե հեռացող իշխանության, որը ռևանշի իր մտադրությունը չի թաքցնում ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում։ Ո՞ւմ կողքին եք, պարտված Արարատ Միրզոյան։
Հասկանում եմ, որ Արարատ Միրզոյանի համար անհեթեթ իրավիճակ է, բայց դեռ ոչ միայն դիստանցավորվելու ժամանակ կա, այլև կարելի է Արայիկ Հարությունյանին ստիպել չօգտագործել իր անունը նախընտրական քարոզարշավում։ Իսկ այն օգտագործվում է բոլոր հնարավոր ձևերով։ Արարատ Միրզոյանի խնդիրը այդ կեղծ լուրն ու ապատեղեկատվությունը վերացնելն է, քանի այն չի վերացրել իր քաղաքական ապագան։ Իմ կարծիքով։
- Եվ երեկվա խոսակցություններից ու տպավորություններից վերջինը։ Սիրտս կպել է զրուցակիցներիցս մեկի բառերին։ «Ժամանակները փոխվել են, իշխանությունն էլ պետք է փոխվի։ Խորհրդային միություն էր, կյանքն ինչ որ տիպի էր, բայց ամեն ինչ վերջացավ ու ստիպված էինք նորից ու նորովի ապրել։ Հիմա էլ է ամեն ինչ փոխվել ու ուրիշ է լինելու։ Այսինքն, նոր մարդկանց ու նոր իշխանություն է պետք ընտրել։ Հների ձեռքը մենք կվերանանք»։ Մեկ էլ մեր նստած հիմնարկության տնօրենի ասածը հավանեցի․ «Պետք է հարկ վճարել, բանակը, ծերերին ու երեխաներին պահել։ Բյուջեում որտեղից փող կլինի, եթե չվճարենք»։
Չեմ կարծում, թե զրուցակիցներս գրառումներս կարդում են․ մտքերս օդում են ու իրականում ձևակերպման կարիք չունեն։ Մենք առողջ, ճիշտ ժողովուրդ ենք։ Պետք է ուղղակի ընտրել ու նոր կառավարություն կառուցել Արցախում, հետո քայլ առ քայլ ավարտել Միացումը [Ղարաբաղի Միացումը Հայասըանին] և առաջ շարժվել։ Մեզ մոտ ամեն ինչ կստացվի․ երեկ համոզվեցի»։