Ազգային Ժողովում Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասաց, որ իրենք միշտ էլ դեմ են ցանկացած հանցավոր գործունեությանը, սակայն իրենց կարծիքով մարդուն պետք է դատել կատարած հանցանքի համար և առանց հանցանքի դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։
«Մենակ մի հուշում տամ, էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարեք», ֊ ավելացրեց Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքերին արձագանքեց Արման Բաբաջանյանը։ Նա հույս հայտնեց, որ Բարգավաճ Հայաստանի անունից որևէ մեկը ներողություն կխնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար և ԱԺ նախագահին կոչ արեց արձագանքել այս «անթույլատրելի պահվածքին»։ Դահլիճում լեզվակռիվ սկսվեց, ԲՀԿ պատգամավորները փորձեցին հաշիվ պահանջել Արման Բաբաջանյանից։
Դահլիճում խառնաշփոթ էր, պատգամավորները միմյանց քաշքշում էին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չէր կարողանում լռեցնել դահլիճը։
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ պատգամավորները ԱԺ դահլիճում խոսում են մեկ ձևով՝ հերթագրվելով ,և որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր ելույթների համար․ «Ով որ էս նորմերը չի գիտակցում, թո՛ղ հրաժարվի իր պատգամավորական մանդատից ու գնա հայաթում՝ բիսեդկեն լռվի»։ Որից հետո ԱԺ նախագահը սանկցիաներ կիրառեց մի շարք պատգամավորների նկատմամբ․
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 52 հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները․ պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքայանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքներից։»
Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը, անդրադառնալով խնդրին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա:
Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում, օրինակ, փակ հաստատություններում։ Ուրեմն ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով»։