հեղինակ՝ Վադիմ Դուբնով
հրապարակվել է «Նովայա գազետա»֊ում
Կյանքը նորից բացահայտեց հիմնադիրներին։ Հեղափոխության գլխավոր հարցը նրանում չէ, թե որքանո՞վ է այն ունակ պաշտպանել իրեն, այլ նրանում, թե ո՞վ և ինչպե՞ս իր վրա կվերցնի պատասխանատվությունը՝ փոխելու ուղենիշերը, դեպի որոնց այն ճանապարհ է բացում։ Սաակաշվիլին, ինչպես էլ հետագայում չտնօրինեց այն, ամեն դեպքում այդ պատասխանատվությունը ստանձնեց։ Ուկրաինայում բոլոր փոփոխությունները հանգեցրեցին փողային զանգվածի վերախմբավորման, որոնք [փողային զանգվածները] ևս հաճույքով մասնակցեցին այդ պատասխանատվությանը։ Հիմա մենք գիտենք երրորդ՝ հայկական, ճանապարհը․ ուղիղ ժողովրդավարություն։
Հրապարակը գերագույն դատավորն է, հատկապես երբ նախկին իշխանությունը տապալված է, բայց ջախջախված չէ, պատժված չէ և գլխավորը՝ շարունակում է վերահսկել ֆինանսական հոսքերի, մամուլի՝ հատկապես եթերային, իշխանական գրասենյակների՝ հատկապես դատական, էական մասը։ Նմանատիպ սյուժեներում հեղափոխական ու ձևական օրենքների հարաբերակցությունը միշտ խճճված մատերիա է։ Հայկական հեղափոխական իշխանության ու Սահմանադրական դատարանի առճակատումը գրեթե Ելցինի ու 1993 թվականի Գերագույն խորհրդի միջև հարաբերությունների է նմանվում։
Հայկական հաղթողները ևս համարում են՝ և ոչ առանց հիմքի, որ Սահմանադրական դատարանը նախկին ռեժիմի բաստիոնն է։ Բայց օրինականության շրջանակներում, որի շնորհիվ էլ իշխանություն են դարձել, նրանք դրա դեմ ոչինչ չեն կարող անել։ Եվ ահա հանգուցալուծումը՝ կայծակնային ու ջախջախիչ․ խորհրդարանում մեծամասնություն ունենալով, իշխանությունը տապալում է սահմանադրական դատավորների հեռացմանը վերաբերող իր իսկ ներկայացրած օրինագիծը, որպեսզի անմիջապես հանրաքվեի հանի դրան վերաբերող սահմանադրական փոփոխությունները։ Խորհրդարանում ընդունված օրենքը կարելի է քննադատել, իսկ ժողովրդի ձայնը կասկածի ենթակա չէ։
Նախկինում ուղիղ ժողովրդավարության մարմնավորում էինք համարում հենց Մայդանը՝ նպատակի ու միջոցների ներդաշնակության ունիկալ պահը։ Բայց հաջորդ օրը հրապարակը ցրվում է, որովհետև արդեն միայն խանգարում է՝ խոսք գնա բարեփոխումների, թե հեղափոխական արժեքների սովորական սղոցման մասին։ Քանի որ Հայաստանի դեպքում ոչ մեկը, ոչ էլ մյուսը դեռ չի նշմարվում, իսկ Մայդանը զորահավաքված ու զինվորագրված է, փորձարկումը լրիվ գիտական ճշգրտություն է ձեռք բերում։
Հայկական երրորդ ճանապարհը Օլեշայի ու Ջաննի Ռոդարիի հեքիաթների շարունակությունն է, որոնք, ինչպես պարզվում է, ընդհատվել էին ամենահետաքրքիր պահին։ Հրապարակը չի ցրվում, և երբ մեկ տարի անց հարցնում են՝ արդյոք հիշո՞ւմ է Սինյոր Պոմիդորին, այն նորից միասնական պոռթկմամբ բռունցք է անում ու իրեն պիտանի զգում, չպատկերացնելով անգամ, թե որքան է ճիշտ։
Թավշյա հեղափոխությունից անցած մեկուկես տարին իշխանության՝ փողոցին ուղղված չդադարող դիմումների կամ այդ դիմումների սպառնալիքի պատմություն է։ Դա ոճ էր։ Այժմ կարելի է խոսել քաղաքական կառուցվածքի մասին և կշռադատորեն ուսումնասիրել, թե կոնկրետ ի՞նչն է առաջարկվում ինստիտուցիոնալիզացնել։
Չէ որ խոսքը բոնուսների մասին է, որոնց կնախանձեր ցանկացած իշխանություն, բայց դեռ միայն հայկականի բախտն է բերել։
Նախևառաջ, հրաշքի նույն ժանրով, որով հեղափոխությունը կատարվեց։
Չէ որ մեր այս պատմությունը տարատեսակն է հին սյուժեի՝ այն մասին, թե ինչի են վերածվում թունավորված հողի վրայի ավերակները։ Նախկին իշխանություններն այնպիսի մերժում էին առաջացրել, որ ամբողջ երկիրն էր հանկարծ հրապարակ դարձել։ Դրա համար էլ հաղթողների՝ ամեն ինչ ժողովրդի հետ խորհրդակցելով անելու գայթակղությունը հասկանալի է։
Դա պարզապես ներկայումս մոդայիկ գաղափարազուրկ պոպուլիզմ չէ՝ հանուն ապագա ընտրությունների բարեհաջող թվաբանության։ Դա պոպուլիզմ է հենց «պոպուլիզմ» բառից, կարելի է ասել՝ քառակուսի բարձրացրած։ Ուղիղ ժողովրդավարությունը, գուցե, հրապարակին իր համար տհաճ հարցերը վերահասցեավորելու լավագույն ձևը չէ, հարցերը, որոնք հրապարակը միշտ՝ անգամ հեքիաթից հետո, տալիս է, բայց դրանից լավը դեռ չեն հորինել։ Հենց ինքը՝ հրապարակն է հաղթողներին իշխանության բարձրացրել, ինքն է իր խանդավառ համաձայնությունը հայտնել ամեն բանի վերաբերյալ, որի մասին հարցնում էր իշխանությունը։ Բայց դա ժողովրդի՝ խորհրդարանի նկատմամբ և ուղիղ ժողովրդավարության՝ ներկայացուցչականի նկատմամբ հիմնական առավելությունը չէ, և չի կարելի ասել, որ այն Երևանում են բացահայտել, բայց Երևանում առաջինն են դրանից այնքան անդառնալիորեն օգտվել, որքան թույլ էր տալիս հեղափոխության պատմությունը։
Դատելով նրանից, թե ինչպես զուտ նախկինների գողության ծավալը կճրատելով հաջողվեց լցնել բյուջեն, նրանց տալու շատ հարցեր կան, և ավելի ծանր քրեական գործեր իրենց քննությանն են սպասում։ Իշխանությունն էլ լիիրավորեն զեկուցում է հաղթանակների մասին։ «Ինչպե՞ս» հարցի այլ, ավելի կոնցեպտուալ պատասխանների ակնհայտ դեֆիցիտ կա իշխանությունների մոտ, բայց հրապարակը հենց նրանով է լավ, որ «ինչպե՞ս» հարցը նրան ևս բացարձակապես չի հետաքրքրում։
Հրապարակն իշխանությունների համար իդեալական գործընկեր է, որի հետ՝ ի տարբերություն խորհրդարանի՝ նույնիսկ մեծամասնությամբ, ընդհանուր լեզու կա, միշտ կարելի է ընդհանուր դարձնել նպատակը, և որն՝ ի տարբերություն խորհրդարանի, ցանկացած միջոցի հավանություն կտա։ Իսկ ով դեմ է հանրաքվեին, ասաց հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա դեմ է պետությանը, և ոչ ոք չզարմացավ։
Նենգափոխությունների ու խորամանկ ածականների ժամանակաշրջանում ուղիղ ժողովրդավարությունը ոչ թե պարզապես ներդաշնակորեն ներհյուսվում է զարդանկարի մեջ, որտեղ իրեն սպասում էր մեր երբեմնի ինքնիշխանը կամ, ինչպես Օրբանն է այն կոչում, իլլիբերալը։ Այն ավելի հեռանկարային է, հենց թեկուզ որովհետև, նախ՝ այդ երկուսին բոլորովին չի հակասում, երկրորդ՝ ցանկացած պահի կարող է վերածվել դրանցից յուրաքանչյուրի, եթե այդպես ցանկանա ժողովուրդը՝ իշխանության աղբյուրը, որն աննկատ ձևով վերածվել է ամենատարատեսակ օրենքների անսպառ աղբյուրի։ Իսկ քանի որ հեղափոխությունը շարունակվում է, և դա ուղիղ ժողովրդավարության անհերքելի պայմանն է, դրա անգամ ազատամիտ պաշտպանն անպայմանորեն կհիշի, որ, ինչ էլ լինի, միևնույն է՝ չի համեմատվի նախկինում եղածի հետ։