«Քարոզարշավի ժամանակ որևէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել իշխանությանը», – այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կազմակերպված դրամահավաքի ժամանակ հայտարարեց՝ և՛ իր քաղաքական թիմը և՛ թե ինքը, կկտրեն իրենց ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեն տա։
«Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ, չգիտեմ, թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընձեռված հնարավորությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի։ Եթե որևէ մեկը, թե՞ հիմա դա կլինի հաճոյանալու համար, թե՞ ինքը կարծում է, որ էդպես ավելի ճիշտ է, ինքը հավասար է օրենքի առաջ և պատժվելու է հավասարապես բոլորի նման։ Այնպես չէ, որ այստեղ ես դա եմ ասում, բայց ենթատեքստում ուրիշ բան է, ես հիմա էլ եմ խնդրում իրավապահներին՝ աչալուրջ լինել ու նաև լրագրողներին նմանատիպ որևէ արձանագրում անելուց հետո մենք պատրաստ ենք համագործակցել և խնդիրը վեր հանել ու խստագույնս պատժել յուրաքանչյուրին», – ասաց Սուրեն Պապիկյանը։
Լրագրողները հիշեցրին տարածքային կառավարման նախարարին, որ Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ էլ նախընտրական շտաբը ղեկավարում էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, որը վերահսկում էր վարչական լծակները։ Պապիկյանը հակադարձեց՝ ինքն իր և Հովիկ Աբրահամյանի միջև որևէ նմանություն չի տեսնում։
«Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը, ավելին ասեմ՝ ի տարբերություն ձեր նշած գործչի կամ անձի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ Դրանից զատ ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ այլ բաների հետ», – նշեց Պապիկյանը։
Հարցին, թե ինչպե՞ս են ապրիլի 5-ին 650 հազար «այո» ապահովելու, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, թե կենաց մահու պայքար չեն մղելու, քաղաքացին ինքը կորոշի, թե ինչպիսի ընթացք պետք է ունենա երկիրը։ Ըստ նախարարի, «չկա ավելի ժողովորդավարական գործընթաց, քան հանրաքվեն է»։
«Եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, մենք պիտի հաշվի նստենք այդ իրականության հետ», – նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։