ԽՍՀՄ պատմության աբխազական վերջաբանը
հեղինակ՝ Վադիմ Դուբնով
հրապարակվել է «Էխո Կավկազա»-ում
Իրանի, Բրեքսիթի և նույնիսկ Վինդզորների ընտանիքի ֆոնին, աբխազական սկանդալները կարող են զուտ տեղական նշանակության իրադարձություններ թվալ, ինչն իհարկե տրամաբանական է, բայց իզուր։ Աբխազական սյուժեն աբխազական է ձևանում այնպես, ինչպես 90-ականներին մենք Լուկաշենկոյին էինք զուտ բելառուսական ֆենոմեն համարում։ Աբխազիան դերի է արժանացել հիմնավոր դասագրքերում, օրինակ՝ ԽՍՀՄ պատմության։ Գոնե որպես վերջաբան։
Իհարկե եթե տրագիկոմեդիա ու տրագիֆարս կա, ուրեմն պետք է տրագիանեկդոտ էլ լինի, և այդ ժանրում Աբխազիան իր առաջնորդությամբ կարող է փոխհատուցել աութսայդերություններն այլ ոլորտներում։ Չկայացած պետության թեմայով բոլոր բացահայտումներն անում են իբր նորագույն պատմության նկարագրության համար, որի մաս է կազմում հեղափոխական զանգվածների թվաբանությունը։ 2004 թվականին Սերգեյ Բագափշի հաղթանակի առիթով դիմակայությանը միացել էր շուրջ 15 հազար մարդ՝ մոլի երկրպագուներին չհաշված։ Տասը տարի անց Ռաուլ Խաջիմբային նախագահական պալատ բերելու համար հազար կողմնակիցն էլ լրիվ բավարար էր։ Այժմ նրա գահընկեցության համար դրա կեսն էլ էր հերիք, ընդ որում՝ պակաս ոգևորությամբ։ Հեղափոխական միջարկման պսակը․ մի քանի տասնյակ մարդիկ պատմություն են կերտում։ Ինչո՞ւ ոչ։
Քանի որ ամեն ինչ նույնքան պարզ է, որքան ծիծաղելի, պարզ են նաև հարցերն ու պատասխանները։ Ինչո՞ւ են այդքան հեշտությամբ ու պարբերաբար տապալվում աբխազական իշխանությունները։ Որովհետև թույլ են։ Ոչ հասարակությանը կաշառելու փող ունեն, ոչ՝ էլիտան առնելու։ Ինչո՞ւ է ամեն ինչ այդքան աներես ձևով արվում։ Որովհետև իշխանությունները թույլ են, ոչ փող ունեն, ոչ ճանաչում, այսինքն, ամաչելու բան էլ չկա։
Այդպես է։ Պետության բացակայությունը արտասովոր ցածր ճնշման գոտի է ստեղծում, որին ձգտում են ուժի, խարիզմայի ու վաշխառության հնարավոություն ունեցողները․ դաշտային հրամանատարներ, ավազակներ, մեծ ճանապարհի մարդիկ, հարմարված պաշտոնյաներ, եկվոր հեղինակություններ, տեղական ընտանիքների գլուխներ։ Ինչո՞ւ են բոլորը դա արդար համարում միայն Աբխազիայի համար։ Կամ Ղարաբաղի, կամ Հարավային Օսիայի, կամ Կոսովոյի։
Աբխազիայում մի քիչ խառնված են վերջին դեպքերն անվանելու հարցում․ «հեղափոխություն» բառից խրտնում են։ Հեշտ է հեղափոխությունը շփոթել «ավելի լավ է գոնե սա, ոչ թե՝ նա» պայմանական անվանմամբ պոռթկման հետ։ Ուկրաինայում այդպիսի նախագիծ առաջին անգամ առանց հեղափոխության իրականացրեցին․ ինչ պետություն, ավելի լավ է «Квартал 95», ավելի վատ չի լինի, գոնե կծիծաղենք։ Այդ դիրքորոշումը ձգում է անեկդոտի, այսինքն այն տրագիանեկդոտին, քանի որ ծիծաղելին ամեն նոր պտույտի հետ ավելի վատն է դառնում, ավելի վատը դառնալով՝ ավելի ծիծաղելի։ «Սա ի՞նչ է․ ավելի լավ է ոչինչ»․ այս դիրքորոշումն ավելի ու ավելի հաճախ է հեղափոխության կարգախոսի նմանվում մեր անծայրածիր տարածությունում, քանի որ ինչ որ ավելի լավ բան ստեղծելու հույսերը նվազում են, մնում է միայն քանդել այն, ինչը կարող էր վատանալ։ Այս թեզը հասկանալի է նախկին ԽՍՀՄ բոլոր լեզուներով, պարզապես ինչ որ մեկը միշտ թրենդի վերևում է հայտնվում։ Հիմա, օրինակ, Աբխազիան դարձել է հետսովետական ավերակների վրա կառուցված ու նրբանկատորեն fail state անվանված երևույթի խորհրդանիշ։ Ընդ որում, հենց fail բառի մեջ ինչ որ լավատեսական բան կա․ դե մարդիկ փորձեցին՝ չստացվեց։ Ուղղակի դա մեր մասին չէ։ Մեր դեպքում հենց ամենասկզբից, Բրեստից մինչև Վլադիվոստոկ ու Կուշկայից մինչև Իգարկա, պետություն կառուցել ոչ ոք չէր պատրաստվում ու ոչ ոք դրան չէր սպասում։
Ավերակների վրա մի պետության, որն իր միակ գործառույթն ու սուրբ նախասահմանումը տեսնում էր հասարակության ճնշման մեջ, ոչ մի կարգին բան հիմնականում չի առաջանում։ Ու դրանում իր տրամաբանությունը կա։
Բրեքսիթը Բրեքսիթ, և ընդհանրապես, ժողովրդավարության մեջ կասակածելու սիրահարները չարախնդության առիթների պակաս երբեք չեն ունենա։ Բայց փորձն ու պատմական վիճակագրությունը ցույց են տալիս, որ ամեն դեպքում ոչնչանում են հենց նման հակապետական տիպի պետությունները։ Գուցե հենց այդ պատճառով էլ վերանում են․ տարբեր խենթ գաղափարների ու ուսմունքների ողջ վեհությամբ, առանձին մոլագարների ողջ սնափառությամբ, միևնույն է, այդ շարժառիթները չեն պատասխանում Կամպուչիայի հանրապետության կամ ԽՍՀՄ֊ի նման կազմավորումների գոյության պրակտիկ իմաստի մասին հարցին։ Նրանց ճակատագիրը հավերժական էքզիստենցիալ ճգնաժամն է, որի լուծման հույս բոլորն ամեն անգամ ունենում են, հիմնականում՝ իզուր։ ԽՍՀՄ֊ը՝ դրա ավերակների վրա եկածների տեսանկյունից, անիմաստ էր առաջին հերթին նրանով, որ այնտեղ թալանել հիմնականում կարելի էր պահակություն անելու չափով։ Այդ պատճառով էլ առանձին իդեալիստների որոշ դիմադրությունից հետո, պետությունը՝ որպես հասարակության հետ պայքարի գործիք, արագ բարեփոխվեց էլիտայի, որն իրեն զսպելու անհրաժեշտություն չուներ։ Վերջ։ Այլ գործառույթ չկա, իսկ մնացածը՝ ներառյալ օտար աշխարհի ու սեփական հասարակության հետ շփումը, երկրորդական են, պահի տակ որոշվող և հետևաբար՝ փոփոխական։ Կա Աբխազիա, ու կա, ասենք, Ուզբեկստան։ Կամ Չեչնիա, որի վրա օպտիմիստներն այդքան անզգուշաբար ծիծաղում են զուտ որովհետև չգիտեն, թե ինչպես էին մի ժամանակ ծիծաղում Լուկաշենկոյի Բելառուսի վրա։ Մի տեղ հասարակության հետ ստիպված են պայմանավորվել, մի տեղ, որպեսզի ոչ ոք այդ հավերժ մութ սենյակում պետություն չփնտրի, իշխանությունն այն [պետությունը] խորն է ներկայացնում։ Բայց անպայման հայրենիք։ Այն կարող է բոլորին վերևից հետևել, կարող է մի կողմ քաշվել․ դա գողության տեխնոլոգիայի ու հասարակական պայմանավորվածության հարց է, որն էլի կարող է գրված լինել իրավունքների ու ազատությունների հռչակագրի ոգով կամ ճամբարային կարգապահությամբ։ Բարեփոխումներն ու առաջընթացը պատմության պարտադիր պահանջներից չեն, ինչպես ընդունված է մյուս՝ կայացած աշխարհում։ Առաջնորդի կամքի ու քմահաճության հարցն է, որը շուտ անցնում է, ինչ հեղափոխություն ուզում ես կազմակերպիր՝ նարնջագույն, վարդագույն, թավշյա, հատկապես՝ կակաչների։ Կամ հիմիկվա մանդարինագույնը՝ երրորդ շրջանից։
Յուրաքանչյուր հեղափոխություն սկսվում է որպես պահանջ գործող իշխանությունից, ավարտվում որպես հերթական խնդրի լուծում էլիտաների համար, ում ոչ մի պետություն պետք չի եղել ու չի էլ լինի։ Հեղափոխությունը ձեռնարկում է պարտված էլիտան, անում է հասարակությունը, պտուղներից օգտվում է իրեն հաղթած համարող էլիտան։ Հարցը հերթական հաղթողների ձեռքերին հետևելը չէ, այլ այն, որ նրանք օբյեկտիվորեն ունենան պետության կարիքը, ինչը ոչ մի կերպ չի լինում։
Փողերը կապ չունեն, պետության փոխարեն խաբեությունը նույն կերպ է կատարվում, թեկուզ Ռուսաստանում, թեկուզ Լեռնային Ղարաբաղում, քանի որ փողերը պետք են զուտ որ մեծ մասը գողանան, փոքր մասը տան նրան ումից գողացել են, ու այդ փոքր մասից էլի ինչ որ բան գողանան։ Դա կոչվում է պետություն այն ողջ տարածքում, որում մի ժամանակ արևը երբեք մայր չէր մտնում, անկախ արմավենիների ու ծովի առկայությունից ու ՄԱԿ֊ի անդամակցությունից։ Ի դեպ, այն մասին, որ միջազգային իրավունքը հերթական ատկատներում ստորակետից հետո մի քանի զրո էլ չարժե, վերջերս հպարտորեն Սուխումիու՛մ չեն հայտարարել։
Իշխանության թուլությունը կապ չունի։ Դա միֆ է։ Մեր լայնություններում ուժեղ կամ թույլ իշխանություններ չկան։ Կան, կրկնենք, հասարակական պայմանագրի գրման ու էլիտայի ախորժակի տարբեր ձևեր։ Ավանդույթն, իհարկե, կարևոր է։ Միայն ավանդույթներն են, ընդ որում որպես կանոն ամենագարշելիները, որ պետությանը փոխարինում են այնտեղ, որտեղ այդ պետությունը չէր կայացել, որովհետև չէր էլ պատրաստվում կայանալ։ Էլ ի՞նչն է Աբխազիան սկզբունքորեն առանձնացնում անիծյալ ժառանգության մյուս բենեֆիսավորներից։
Մի խոսքով, ապրել ենք առանց պետության, ինչ որ բանի հարմարվելու կարիք էլ չկա։ Ուղղակի ցանկալի է հենց այդպես էլ ասել, ոչ թե ծիծաղել նրանց վրա, ովքեր հանգամանքների բերումով մի քանի պատմական վայրկյանով առաջ են ընկել ժամանակից։ Չնայած, իհարկե, ամեն դեպքում հրապարակ դուրս գալու հնարավորությունն այդ հնարավորության բացակայությունից լավ է։ Եթե մի տեղ մի բան մի քիչ հաջող դասավորվի, սովորությունը պետք կգա։
Բայց կարող է նաև պետք չգալ, հենց դա է վատ։