Աբխազիայում ցուցարարները արտահերթ ընտրությունների պահանջով մտել են նախագահի նստավայր։ «Ընդդիմադիր ուժերի բլոկի» առաջնորդ Ասլան Բժանիան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ վարել նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ և հավաստիացրել, որ «իշխանության բռնի զավթում չի լինելու»։
Այսօր՝ հունվարի 10-ին, Աբխազիայում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայր։ Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Կիլբի փոխանցմամբ, ակտիվիստները մտել են նախագահականի զինանոց և զենքեր հափշտակել։
Նախօրեին մի քանի տասնյակ ցուցարարներ ներխուժել էին կառավարության շենք՝ պահանջելով նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները կոտրել են շենքի առաջին հարկի գրեթե բոլոր ապակիներն, իսկ այդ ընթացքում հարյուրավոր ցուցարարներ շենքին հարող հրապարակում վանկարկել են «Խաջիմբա, հեռացի՛ր» կարգախոսը: Իշխանությունները ներխուժումը որակել են որպես հեղաշրջման փորձ։ Ընդդիմության ներկայացուցիչները Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններ են պահանջում։ Նախագահը ցուցարարներին կոչ է արել «հանգստություն պահպանել և չտրվել սադրանքների»։ Հրաժարական ներկայացնելու պահանջը մերժվել է։
Ասլան Բժանիան ծանր հիվանդությունից հետո Մոսկվայից Սուխումի վերադարձել է հունվարի 9-ին։ «Կավկազսկիյ ուզելի» հետ հարցազրույցում ասել է, որ ցույցերը չեն դադարի, քանի դեռ նախագահը հրաժարական չի ներկայացրել և չեն նշանակվել արտահերթ ընտրություններ։
«Մենք պատրաստ ենք խոսել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է հաղթահարել այս ճգնաժամը։ Նախագահի կողմից «Ընդդիմադիր ուժերի բլոկի» հետ հանդիպման առաջարկ դեռևս չենք ստացել: Երեկ (հունվարի 9-ին) խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել, այսօր մենք օրենսդրական դաշտում կաշխատենք այդ հարցի լուծման շուրջ։ Իշխանության բռնի զավթում չի լինելու, մենք քաղաքակիրթ հասարակություն ենք», – հայտարարել է Բժանիան։
Այսօր նա ելույթ է ունեցել ցուցարարների առաջ ու հորդորել շարունակել հանրահավաքները մինչև իրավիճակի կարգավորում։
Ամբողջ գիշեր կառավարության շենքի մոտ ցուցարարներ են մնացել․ պատրաստվում են ակցիաները շարունակել մինչև նախագահի հրաժարականը։
«Գիշերը մոտ հարյուր հոգի կար, այժմ մարդիկ գալիս են նաև շրջաններից», – փոխանցել է «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան։
2019-ի ամռանը նախագահական ընտրությունների ժամանակ Կվիցինիան ձայների ընդհամենը 1,22% տոկոսով էր զիջում Ռաուլ Խաջիմբային։ Հունվարի 9-ին, ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել էր Աբխազիայի Գերագույն դատարանի դիմաց, որտեղ քննվում էր ընտրության արդյունքները վերանայելու Կվիցինայի հայցը։ Ընդդիմադիր գործիչը Խաջիմբայի հրաժարականի պահանջը բացատրում է վերջինիս թիկնապահի՝ Սուխումիում տեղի ունեցած հրաձգության մեջ մասնակցություն ունենալու կասկածանքով։