Աբխազիայի վարչական սահմանի վրացական Ռուհի գյուղում ինովացիոն կենտրոն է բացվել: Այն գտնվում է Ինգուրի գետից ընդամենը 600 մետր հեռավորության վրա՝ բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնի շենքում:
Նորարարական կենտրոնը կոչված է աջակցել բաժանարար գծի երկու կողմերում ապրող մարդկանց: Այն համակարգված դասընթացներ կկազմակերպի ծրագրավորման, նախագծման, արդյունաբերության և այլ բիզնես ոլորտներում:
Պետության աջակցությամբ տեղացիները կկարողանան իրենց նորարարական և նորաստեղծ(start-up) գաղափարները դարձնել իրական բիզնես ծրագրեր, խոստանում է նախաձեռնությունը: Նորարարության կենտրոնի բոլոր ծրագրերի մասին տեղեկատվությունը թարգմանված է աբխազերեն: Բացի այդ, կենտրոնի ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել նաև առցանց:
Ըստ «Sova» պարբերականի՝ 2016 թ.-ին նմանատիպ նորարարական կենտրոններ բացվեցին վրացական Խարագաուլի և Բաղդատի քաղաքներում, ինչպես նաև Չոպորտի գյուղում, իսկ մոտ ապագայում կբացվի նաև Ահմետում: