Կապիտուլյացիայի հաղթանակը
հեղինակ՝ Վադիմ Դուբնով, հոդվածի սկզբնաղբյուրը՝ «Էխո Կավկազա»
Սա շատ վրացական պատմություն է։ Ինչպես նաև ադրբեջանական, մոլդովական․․․ քիչ էր մնում ասեի՝ իսպանական։ Չէ, իսպանական չի։
Խոսքը Դոնբասի մասին է։ Եվ այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ ամեն ինչ ավարտվի ու Մարիուպոլը մոռացվի։ Եվ արժե՞ արդյոք սպասել, որ ամեն ինչ ավարտվի։ Ու ո՞վ և ինչպես կարող է վերջակետ դնել։
Խնդիրը ատելության մակարդակի մեջ չէ։ Ֆրանսիացիներն ու գերմանացիները նույնպես ժամանակին Էլզասում միմյանց այնքան էին ատում, որ ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող հետագա համատեղելիության ինչ֊որ ձև։ Ատելությունը, ի հեճուկս տարօրինակ համոզմունքի, թռուցիկ երևույթ է, եթե, իհարկե, այն չվերականգնես։
Խնդիրը պատմության մեջ էլ չէ։ Դրա տարեգրություններում արդարություն փնտրելուց ավելի տրագիկոմիկ ոչինչ չկա։
Խնդիրն այն օբյեկտիվ իրականությունն է, որը ստեղծվել է՝ հողին հավասարեցնելով յուրաքանչյուր տեսակի արդարությունը։ Այստեղ և հիմա։ Իսկ իրականության պատկերը Դոնեցկի օդանավակայանի համար պայքարն է։ Որը վաղուց արդեն ոչ ոքի պետք չէ։ Ոչ ռազմամարտավարական, որ ռազմավարական տեսանկյունից։
Դոնբաս՝ խորհրդային֊հետխորհրդային անջատողականության՝ տրամաբանական աբսոլյուտի հասցված մարմնավորում, որ Կրեմլը հիմնել էր կործանվող կայսրության շրջագծի վրա։ Այն ժամանակ, սակայն, այդ ջանքերը հիմնված էին օբյեկտիվության վրա․ ինչ֊որ տեղ ավելի մեծ՝ ինչպես Աբխազիայում և Ղարաբաղում, ինչ֊որ տեղ ավելի կասկածելի՝ ինչպես Հարավային Օսիայում և Մերձդնեստրում, ինչ֊որ տեղ՝ ի սկզբանե դատապարտված՝ ինչպես, օրինակ, հյուսիս֊արևելյան Էստոնիայում, որտեղ ոչինչ չստացվեց։ Ավելի քան քսան տարիների ընթացքում բոլոր նմանությունները կորցրել են իրենց իմաստը, քանի որ բոլոր ինքնորոշվել ցանկացողներն ինքնորոշվել են, իսկ Դոնբասը ցանկացողների ցուցակում չկար ոչ այն ժամանակ, ոչ էլ նույնիսկ մի տարի առաջ։ Այնպես որ, այստեղ ունենք մաքուր ու անարատ փորձ, որն այս պատմությունը չի դարձնում պակաս վրացական կամ ադրբեջանական։ Բայց, հատկապես, մոլդովական, քանի որ դեռևս միայն այստեղ են հասկացնել տալիս, որ պատրաստ են գլոբալ հեղափոխության։ Այսինքն՝ հանուն հետաքրքիր հեռանկարների երկիրը որոշակի պայմաններում պատրաստ է Մերձդնեստրը տրամադրել ինքն իրեն։ Եվ հետաքրքրությամբ մյուս ափից՝ թե աշխարհագրական, թե պատմական, հետևել դրա երջանիկ անկախ լողին։
Խորհրդանիշների համար պայքարն իր օրենքներն ունի։ Հանուն միասնական տարածքի ֆետիշի բերված զոհաբերությունները, սակայն, չպետք է ծառայեն որպես նոր զոհաբերությունների արդարացում։ Այո, ամեն ինչ բանալ է․ միայն անսիրտը չի հասկանա Սուխումիից փաստականի՝ վերադարձի երազանքները, ու միայն անխելքը կարող է այսօր հավատալ, որ Սուխումին կարող է վերադառնալ։ Անջատողականությունը, անկախ դրա արդար լինելու մակարդակից, դաժան է ու անհիմն․ այն դեպքն է, երբ վերջակետը պետք է դնի հենց ուժեղը։ Որպեսզի ստուգի հավակնությունների հիմնավորվածությունը։ Անկախությունը հաջողվեց՝ նշանակում է՝ հիմարություն էր նման մարդկանց իրենց մոտ պահելը։ Անկախությունը չհաջողվեց՝ դե ինչ, բարի գալուստ տուն։ Փոխադարձ ատելության աստիճանի նվազման հետհաշվարկը, սակայն, կսկսվի անմիջապես, ինչը ոչ միայն մարդկային, այլև քաղաքական հետևանք է։ Բացի դա, սեփական ուժի ապացույց, քանի որ միայն հզոր իշխանությունը կարող է հավերժական առասպելներից վեր բարձրանալ։
Դոնբասը ցանկանում է հեռանա՞լ։ Ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, 90֊ականներին ևս Կրեմլին պետք չէին անկախ Ղարաբաղ կամ ինքնիշխան Աբխազիա։ Խոսքը փշի, պատերազմի մասին էր, որի մեջ Վրաստանն ու Ադրբեջանն անկասկած մտնելու էին, ցանկալի է՝ ընդմիշտ, նույնիսկ այն բանից հետո, երբ ամեն ինչ ավարտվի։ Ու մտան՝ ի ուրախություն սցենարի հեղինակների։ Իրական անկախ Դոնբասը, որի հանդեպ Կիևն անտարբեր է, Ռուսաստանի համար պակաս մղձավանջ չէ, քան պատերազմը՝ Ուկրաինայի։ Կիևն իր կապիտուլյացիայով Մոսկվային այնպիսի վնաս կհասցնի, որ անգամ ի վիճակի չէ հասցնել որևէ տանկային ճեղքում։ Դե իսկ հանուն սեփական զարգացման նման ձեռնարկությունը շատ ավելի օգտակար է, քան Դոնեցկի օդանավակայանում «կիբորգների» ամենաաննախադեպ սխրանքը։
Իհարկե, ուտոպիա է։ Պորոշենկոն հուսահատ ռոմանտիկի տեսք չունի, որը պատրաստ է նետվել կասկածելի հետևանքներով կատաստրոֆիկ մասշտաբի ներքաղաքական ճգնաժամի մեջ։ Փաստ չէ, որ ներկայիս Ուկրաինան պատրաստ է նման երկխոսության։ Բացի դա, ոչ ոք չի կարող օբյեկտիվորեն կանխատեսել, թե ինչի են ընդունակ իրենց «Դոնեցկի անկախ հանրապետություն» և «Լուգանսկի անկախ հանրապետություն» կոչող մարդիկ, որոնք ոչնչի համար պատասխանատվություն չեն կրում ու որոնց հետևում կանգնած է գերտերություն, որը վաճառում է ամեն ինչ, այդ թվում՝ միջուկային բաղադրիչներ։
Բայց մենք, կրկնվեմ, խոսում ենք Կովկասի մասին։ Նկարագրված մղձավանջներն այստեղ ակտուալ չեն․ առավելագունը՝ կթալանեն զբոսաշրջիկներին ու կբաժանեն ռուսաստանյան օգնությունը։ Անջատողականների ստացած կրթությունը կարելի է տարբեր կերպ անվանել։ Այնուամենայնիվ, նրանք հասել են այն մակարդակին, երբ նախկին կենտրոնին վերադառնալու մասին խոսակցությունները ծիծաղելի են, ու դա չտեսնել կարող են միայն ֆանատիկները կամ հումորի զգացումից բոլորովին զուրկ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները։
Եվ նույնիսկ պարտադիր չէ Սուխումիին շնորհավորել անկախության կապակցությամբ։ Պետք է պարզապես ընդունել, որ ավելի քան քսան տարին՝ ավելի քան քսան տարի է, ու ինչ֊որ բան պետք է սկսել ինչ֊որ այլ կերպ։ Եվ ում է, եթե ոչ Վրաստանին, ավելի շատ հետաքրքրում Աբխազիան, որն այլևս դատապարտված չէ միայն Ռուսաստանին։ Միգուցե այդ ժամանակ զորքերի միավորված խմբավորման գազազած դիրքերն Ինգուրիի վրա հենց աբխազներին էլ անհեթեթություն թվան։
Թվում է՝ ի՞նչ կապ ունի Դոնբասը։