Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է հայկական «Արարատ» ֆուտբոլային թիմին չմեկնել Աբխազիա՝ ռուսական «Վոլգա» թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնելու նպատակով։ Հանդիպումը պետք է կայանար հունվարի 27-ին, սակայն «Արարատը» խաղին չի ներկայացել։
«Մենք Աբխազիան որպես առանձին միավորում չենք ճանաչում, և, հետևաբար, առարկել ենք, որ տեղի ունենա ընկերական ֆուտբոլային հանդիպումը Սուխումիում», – Epress.am -ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ «Էխո Կավկազա» կայքը գրել էր, որ ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության ԱԳՆ-ն Հայաստանի քայլը համարել է ոչ բարեկամական։
«Հայաստանի ղեկավարության գործողությունները կարելի է որակել որպես ոչ բարեկամական Աբխազիայի Հանրապետության նկատմամբ։ Մեր ժողովուրդների միջև վաղեմի պատմական կապեր կան, իսկ Աբխազիայում բնակվում է խոշոր հայկական համայնք, որը Աբխազիայի բազմազգ ժողովրդի անբաժանելի մասն է», ֊ հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ֊ի ներկայացուցիչ Իրակլի Տուժբան։
Ի պատասխան այս հայտարարությանը՝ Բալայանն ասել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն Աբխազիայի հետ պաշտոնական հարաբերություններ չունի․ «Մենք մեր որոշումներում և քայլերում առաջնորդվում ենք միայն մեր ազգային, պետական շահերով»։