Վրաստանը երբեք չի հրաժարվի իր տարածքներից ու «ռազմավարական համբերության» շնորհիվ անպայման դրանք հետ կվերադարձնի: Այս մասին վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Վրաստանի ղեկավարի ելույթը հնչել է Հարավային Օսիայի սահմանի՝ Ցխինվալիի շրջանում փոփոխության ենթարկվելու ֆոնին։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է սահմանի բաժանարար գծի ինքնակամ տեղափոխման մեջ․ Թբիլիսիի դիրքորոշումը սատարել է Եվրամիությունը։
«Մենք չենք ընդունի ու չենք համակերպվի մեր տարածքների բռնազավթման հետ ու անպայման կվերամիավորենք մեր երկիրը։ Սա ցավոտ թեմա է բոլորիս համար»,֊ ասել է Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ հարևան երկրի կողմից վրացական տարածքների օկուպացիային վերջ կդրվի միջազգային հանրության ճնշման տակ։
«Ռազմավարական համբերություն՝ ահա այն բարեհարմար հարթակը, որը մեծացնում է մեր աջակիցների թիվը․ ու հենց այդ համբերության, այլ ոչ՝ ռազմատենչ կոչերի միջոցով մենք կվերականգնենք մեր քաղաքացիների խախտված իրավունքները»,֊ ընդգծել է Վրաստանի ղեկավարը։
Վրաստանի իշխանությունների կողմից Մոսկվային ուղարկված պաշտոնական բողոքի նոտայի մեջ ասված է, որ հուլիսի 10֊ին Ցիտելուբանի և Օրչոսանի գյուղերի, ինչպես նաև Թբիլիսի֊Գորի ավտոմայրուղու մոտակայքում հայտնվել են նոր, այսպես կոչված, սահմանային ցուցանակներ։ «Վրաստանի ԱԳՆ֊ն դատապարտում է Ռուսաստանի այս սադրիչ քայլերը՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը»,֊ ասված է փաստաթղթի մեջ։
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Դոնդուան իր ռուսաստանցի գործընկեր Գրիգորի Կարասինի հետ զրույցում նույնպես դժգոհություն է հայտնել նոր սահմանների վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, պատասխանել է, որ այդ բողոքներն «սխալ հասցեով» են ուղղված։
Դոնդուայի խոսքով, վերոհիշյալ ցուցանակները տեղափոխվել են 300 մետրով, ինչի հետևանքով «օկուպացված գոտում է հայտնվել Բաքու֊Սուփսա նավթամուղը»։ «Ինձ պատասխանեցին, որ ռուսաստանյան կողմն այստեղ կապ չունի, ու որոշումն ընդունվել է Ցխինվալիի իշխանությունների կողմից»,֊ պարզաբանել է վրաստանցի դիվանագետը։