Սերժ Սարգսյանի հրաժարականից ուղիղ մեկ տարի հետո ամենակարևոր փոփոխությունն ազատ և արդար ընտրությունների անցկացումն էր։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ դեռևս վաղ է ասել, որ ընտրությունների ինստիտուտն ամբողջությամբ կայացել է, բայց, այնուամենայնիվ, շատ լուրջ հիմքեր դրվել են։ «Հավանականությունը, որ այդ ինստիտուտը կկայանա, շատ մեծ է», ֊ ասել է նա։
Ըստ նրա՝ առաջին քայլն արդեն իսկ արված է։ Քաղաքագետը հիշատակել է խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ կարևորելով այն փաստը, որ դրանք արդար են համարվել ոչ միայն իշխանությունների, այլև վերջինների մրցակիցների և միջազգային հանրության կողմից։
Վարդանյանը մեկնաբանել է նաև հայտարարություններն այն մասին, որ, չնայած խոսվում է համակարգային կոռուպցիայի արմատախիլ արված լինելու մասին, իշխանության ամենաբարձր էշելոններում կան կոռուպցիոն դրսևորումներ և համապատասխան քրգործեր․ «Համակարգային կոռուպցիայի բացակայությունը չի նշանակում, որ վերին ատյաններում չի կարող կոռուպցիա լինել։ Դա նույնիսկ չի նշանակում, որ համար մեկ պաշտոնը զբաղեցնող անձը նույնպես անպայման պետք է կոռուպցիայից զերծ լինի, և միայն այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ չկա համակարգային կոռուպցիա։ Միջազգային պրակտիկայում բազմաթիվ օրինակներ կան, երբ նույնիսկ համար մեկ պաշտոնը զբաղեցնող անձը մեղադրվել է կոռուպցիայի համար, բայց այդ դեպքում որևէ մեկը չի ասել՝ ձեր երկիրը կոռումպացված, հակաժողովրդավարական երկիր է, այլ ինչ֊որ տեղ նաև հակառակը»։
Քաղաքագետը հարց է բարձրացնում՝ այդ դեպքում ո՞րն է համակարգային կոռուպցիան և ի՞նչ է նշանակում դրա բացակայությունը, և պատասխանում․ դա նշանակում է, որ իշխանության որևէ մակարդակում չկա կոռուպցիոն սխեմաներով գործելու համաձայնություն։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է՝ հեղափոխությունն այն է, որ նախկին նախարարները, պատգամավորները, նախկին նախագահը «մեղադրանքների տակ են»։ Մինչդեռ, ասել է նա, նախկին իշխանությունները խոսում էին կոռուպցիայի հետ պայքարի մասին, բայց նույնիսկ բաժնի վարիչի տեղակալի մակարդակով ոչ֊ոքի պատասխանատվության չէին ենթարկել։ Դրա հետ մեկտեղ, նկատել է․ ընթացող «լուրջ գործընթացի» հաջողության համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։
Նա ծիծաղելի է համարել այն փաստը, որ երկրում խորհրդարանական համակարգ է գործում, որտեղ «մեզ մտցրեցին ՀՀԿ պարագլուխներն» այն դեպքում, երբ «չունենք կուսակցություններ»․ «Շտապ պետք է նոր օրենք ընդունվի, որտեղ պետությունը կստանձնի իրենց ֆինանսավորելու պարտավորությունը, պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, որ կուսակցությունները հասկանան, թե վաղն ինչ ընտրությունների են գնալու։ Շատերը գիտեն, որ ռեյտինգային համակարգը խայտառակ է, ես չեմ կրկնի։ Բայց դուք գիտե՞ք, որ ունենք ռեյտինգային համակարգ, որի համաձայն, պատգամավորների թիվը ֆիքսված չէ։ Գիտե՞ք, որ 105 պատգամավորի փոխարեն ունենք 132 պատգամավոր ու դրա համար բյուջեից լրացուցիչ 20-30 տոկոս փող ենք մուծում»։
Բանախոսները մեկնաբանել են նաև վերջերս հնչած քննադատությունն այն մասին, թե նախորդ իշխանություններից ժառանգված սուպերվարչապետական մոդելի ներքո նորը չի ցանկանում կտրուկ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։ Վարդանյանը կարծում է, որ սուպերվարչապետական համակարգը փորձագիտական հետազոտության չի ենթարկվել․ «Նախկինների շահերից բխում էր այդպիսի համակարգը։ Այո, միանշանակ համաձայն եմ։ Բայց արդյոք ինքնին այդ մոդելը հակասահմանադրական է։ Չգիտեմ։ Կարծում եմ՝ կարող է և չլինել հակասահմանադրական։ Իսկ ընդհանրապես լա՞վ մոդել է։ Ժամանակը պետք է ցույց կա։ Իհարկե, կարող ենք հետազոտություն անել, տեսնել՝ ինչպիսի արդյունքների են բերել նման համակարգերն այլ երկրներում, բայց դա չի արվում Հայաստանում։ Այն, որ մարդիկ խոսք են տվել [փոխել] և հիմա նրանցից պահանջում են, որ էդ խոստումը կատարեն, լեգիտիմ պահանջ է, անկախ նրանից՝ ճի՞շտ էիք մտածում, սխալ էիք մտածում, անկախ նրանից՝ հետազոտությունն ինչ ցույց կտա։ Ասել էին՝ վատ բան է, պետք է հրաժարվենք սրանից, հիմա ասում են՝ չէ։ Սա արդեն խնդրահարույց է»։
Մյուս կողմից քաղաքագետը ենթադրում է, որ կադրային ջարդից խուսափելու համար որոշվել էր պահպանել այն գործիքները, որոնք կարող են սուպերվարչապետական համակարգի միջոցով ապահովել կառավարումը․
«Այն խնդիրները, որոնք կարող են ծագել ու ծագում են այսօր՝ որպես նախկին ռեժիմից մնացած բեռ, դրանք չեզոքացնելու համար օգտագործվում են սուպերվարչապետական լիազորությունները։ Այլընտրանքը՝ խնդիրները վերացնելն է։ Այս դեպքում անհրաժեշտ է լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել»։