Մանհեթնի Յեյլ Ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նախօրեին Երևանում տեղի ունեցած ընտրությունների մասին և շեշտել, որ ինչպես ինքը նախապես առաջարկել էր, «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողները քվեարկեցին նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին։
Վարչապետը նշել է նաև, որ վերադառնալուն պես բանակցություններ կհրավիրի՝ քննարկելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները։
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հանգամանքների բերումով մի ինչ֊որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը։ Մարդը, քաղաքացին զգաց, որ իր դիրքորոշումն է վճռական գործոնը Հայաստանի այսօրը և ապագան որոշելու ճանապարհին, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ըստ էության, որոշել են իրենց ձեռքը վերցնել Հայաստանի ապագայի պատասխանատվությունը։
Ամենևին էական չէ, թե ով կլինի Հայաստանի վարչապետի կարգավիճակում։ Ամենակարևորն է (և այսօրվա ընտրություններով այս իրողությունը ես կարող եմ արձանագրել անշրջելիորեն)՝ ամենակարևոր արձանագրումն այն է, որ այլևս միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով չլինի պատգամավոր։ Եվ ես կարող եմ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ասել, որ այս իրողությունը որևէ պարագայում չի փոփոխվի։
Իհարկե նաև այսօր արդեն մենք հենց օդանավի մեջ քննարկում էինք, որ մի փոքր կարող է տարօրինակ և այդքան էլ ոչ ցանկալի թվա, երբ որ իշխող՝ պայմանականորեն քաղաքական ուժը, ընտրություններում ստանում է 81 տոկոս ձայն, բայց դուք գիտեոք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական իմաստ և կոնտեքստ էր հաղորդվել, և ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ Երևանի բնակիչներին առաջարկել էի, խնդրել էի, որ քվեարկեն ոչ միայն Երևանի քաղաքապետ ընտելու օգտին, այլև քվեարկեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա և ըստ այդմ այս քաղաքական ընտրությունը ուներ հետևյալ նշանակությունը և կոնտեքստը․ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողները պիտի ըստ էության քվեարկեին նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին և, ինչպես պայմանավորվել ենք, ես Երևան վերադառնալուն պես արդեն իսկ բանակցությունների կհրավիրեմ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ այդ թվում ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ նարնց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները։
Ընդհանուր առմամբ, էդպիսի տրամադրություններ կար, որ ընտրությունները անցկացվեն հունիսից սկսած մեկ տարվա ընթացքում, այսինքն մինչև մյուս տարվա հունիսը, բայց ըստ էության իրադարձությունները և այն սպասողական դրությունը, որ ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողություններ չեն փոխվելու և նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ․․․ Ըստ էության տնտեսական և ներդրումային միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք, թերևս, պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման գործընթացը, որովհետև մեր տնտեսությունը, գիտեք, վերջին ամիսներին չեմ կարող ասել, որ վատ վիճակում է, բայց մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս և ակնհայտ է դարձնում, որ մենք այդ կառուցվածքը պետք է փոխենք»։