Home / Բանակ / Գերևարված հայ զինվորի ճակատագիրն անհայտ է․ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել

Գերևարված հայ զինվորի ճակատագիրն անհայտ է․ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել

2019 թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի, նրան կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019 թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել: Ձրբակալվելուց ի վեր Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ պահվում է կալանքի տակ՝ Ադրբեջանի տարածքում, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։

Իրավապաշտպանների տեղեկություններով, ձերբակալման օրվանից Արա Ղազարյանը ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Վերջին նամակը ստացվել է 2020 թ. փետրվարի 20-ին: Ո´չ զինծառայողի  մայրը, ո´չ էլ ընտանիքի անդամները, Արա Ղազարյանի հետ անմիջական շփում չեն ունեցել: Գերության մեջ հայտնված զինվորի գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան:

Ձերբակալման օրը՝ օգոստոսի 12-ին youtube.com կայքում տեղադրվել էր տեսանյութ, որում զինծառայող Արա Ղազարյանը ցուցադրում էր իր մարմնական վնասածքները՝ ձեռքի վրայի այրվածքը, որն ամենայն հավանականությամբ առաջացել է ծխախոտը ձեռքի մատի վրա հանգցնելու պատճառով, գլխի շրջանում առկա հեմատոման և ոտքերի վրայի բազմաթիվ քերծվածքներն ու վերքերը: Հետագայում այլ տեսանյութեր չեն հրապարակվել։ Գերևարված զինվորի մասին այժմ գրեթե ոչինչ հայտնի չէ։

2020 թվականի փետրվարին Ղազարյանի մայրը դիմել է ՀՔԱՎ։ Ադրբեջանում պահվող զինվորի մոր դիմումի հիման վրա՝ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու  նպատակով։ Դիմումում հիմնավորվել է կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի սպառնալիքով։ Ի ապացույց գրասենյակը ներկայացրել է նաև Ադրբեջանում գերեվարված, խոշտանգումների ենթարկված և սպասնված այլ հայաստանցիների պատմությունները։

Ապրիլի 2-ին Եվրադատարանը կայացրել է միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ թիվ 15434/20 «Մնացականյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Դատարանը ցուցում է տվել Ադրբեջանի կառավարությանը՝ 39-րդ կանոնի համաձայն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու դիմումատուի որդու՝ Արա Ղազարյանի կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանների դիմումին որոշել է նաև առաջնահերթություն տալ՝ համաձայն Կանոն 41-ի և հայցել Ադրբեջանի կառավարությունից մի շարք  տեղեկությունների տրամադրումը՝ համաձայն Կանոն 54 §2(a)-ի, իսկ Կարինե Մնացականյանի շահերի պաշտպանների մինչև ապրիլի 30-ը  տրամադրել ժամանակ՝ գանգատ ներկայացնելու համար, ինչը և արվել է:

ՄԻԵԴ-ը հայցվող բոլոր փաստաթղթերն անգլերեն թարգմանությամբ ներկայացնելու համար Ադրբեջանի կառավարությանը մինչև 2020 թ. մայիսի 14-ը ժամկետ է տրամադրել: