Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Գեղարքունիքի Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները, և պարտավորեցրել Ադրբեջանին 3-ամսյա ժամկետում Սարիբեկյանների ընտանիքին վճարել 62.000 եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի և դատական ծախսերի համար:
«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելք) հոդվածները․ Սարիբեկյանը մահացել է Ադրբեջանում՝ բռնության հետևանքով։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե Սարիբեկյանը ինքնասպան է եղել (կախվել է), դատարանը ընդունելի չի համարել։
20-ամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերին։ Ըստ հարազատների՝ նա մոլորվել է մառախուղի պատճառով և սխալմամբ հատել սահմանը: Ադրբեջանական կողմը նրան գրեթե անմիջապես որակել է դիվերսանտ․ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաընկերությունը ռեպորտաժ էր ցուցադրել, որում Մանվել Սարիբեկյանը «խոստովանում է», որ Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեության համար հատուկ պատրաստություն է անցել:
Սարիբեկյանը մահացել է 2010 թվականի հոկտեմբերին՝ Բաքվի ռազմական ոստիկանությունում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ նա կախվել է:
Հայաստանում արված դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա վզին, գլխին և մարմնի այլ հատվածներում եղել են բազմաթիվ բռնության հետքեր: Ադրբեջանում իրականացված հետաքննությունը դրանք չի գտել, փոխարենը փաստել է՝ ձերբակալության ընթացքում Սարիբեկյանը բռնության չի ենթարկվել, ինքնասպան է եղել խցում։