Home / ԼԳԲՏ+ / Էլթոն Ջոն․ Հարգելի Պուտին, Դուք երկերեսանի եք

Էլթոն Ջոն․ Հարգելի Պուտին, Դուք երկերեսանի եք

Երաժիշտ Էլթոն Ջոնն Instagram-ում բաց նամակ է հղել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանում ԼԳԲՏ+ համայնքի մասին նրա երկերեսանի հայտարարության մասին:

Financial Times-ին տված հարցազրույցում Պուտինն ասել է, որ լիբերալ գաղափարախոսությունը սպառել է իրեն և հակասում է երկրի բնակչության ճնշող մեծամասնության շահերին: Նրա խոսքով, ցանկացած տեսակետ, այդ թվում լիբերալիզմի կողմնակիցներինը, գոյություն ունենալու իրավունք ունի, բայց պետք չէ մոռանալ մեծամասնության կարծիքը: Այդ դեպքում, նախագահի կարծիքով, ներքաղաքական ցնցումներ չեն լինի: Պուտինը նաև նշում է, որ Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց դեմ ոչինչ չկա:

Սրան ի պատասխան Էլթոն Ջոնը հիշեցնում է «Ռոքեթմեն» ֆիլմի գրաքննությունը Ռուսաստանում, երբ կինոյի վարձույթով զբաղվող «Ցենտրալ Պարտներշիփ» ընկերությունը ջնջել էր ոչ միայն ֆիլմի էրոտիկ տեսարանները, այլ նաև եզրափակիչ տիտրերն այն մասին, որ Էլթոն Ջոնը վերջապես գտել է իր երջանկությունը ամուսնու՝ Դեյվիդ Ֆերնիշի և իրենց երկու երեխաների հետ: «Ցենտրալ Պարտներշիփ»-ի նման պահվածքն երաժիշտն արդեն քննադատել էր, իսկ այս անգամ նա ուղիղ դիմում է ՌԴ նախագահին.

«Հարգելի նախագահ Պուտին,

Ինձ խորապես վշտացրեց Financial Times-ին տված ձեր հարցազրույցը: Կտրականապես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, որ քաղաքականությունը, որը մշակութային և սեռական բազմազանություն է ենթադրում, հնացել է մեր հասարակության մեջ: Ես երկերեսանի եմ համարում ձեր մեկնաբանությունը, որում «երջանկություն» եք մաղթում ԼԳԲՏ համայնքին և ասում, որ «ձեր մոտ դրա հետ խնդիր չկա»: Միևնույն ժամանակ ռուսական դիստրիբյուտորները որոշում են խիստ գրաքննության ենթարկել իմ «Ռոքեթմեն» ֆիլմը, ջնջելով ցանկացած հիշատակում այն մասին, որ ես իմ իրական երջանկությունն եմ գտել Դեյվիդի հետ 25-ամյա հարաբերությունների և երկու հիանալի որդիների դաստիարակության մեջ: Դա երկերեսանիություն է:

Հպարտանում եմ, որ ապրում եմ երկրագնդի այն մասում, որտեղ կառավարությունը էվոլյուցիա է ապրել և ընդունել մարդու ունիվերսալ իրավունքը սիրել նրան, ում ցանկանում ես: Եվ ես անկեղծ շնորհակալ եմ այն քաղաքականության առաջխաղացման համար, որը թույլ տվեց իրավականորեն ամրագրել իմ ամուսնությունը Դեյվիդի հետ: Դա մեզ մեծ հարմարավետություն ու երջանկություն տվեց:

Հարգանքներով,
Էլթոն Ջոն»:

Հարցազրույցից հետո նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պուտինին առաջվա պես մոտ են լիբերալիզմի գաղափարները, նա պարզապես հանդես է գալիս դրանք ստիպողաբար ուրիշներին պարտադրելու դեմ:

«Ես նրան իրոք հարգում եմ, տաղանդավոր երաժիշտ է, բոլորս էլ հաճույքով լսում ենք, բայց կարծում եմ՝ նա սխալվում է, – Էլթոն Ջոնի նամակին ի պատասխան ասում է Պուտինը: – Ես ոչինչ չեմ աղավաղում: Մեր մոտ իրոք հավասար վերաբերմունք է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Իրոք, միանգամայն հանգիստ, առանց նախապաշարմունքների»:

Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինն ավելի ուշ ելույթ է ունեցել Օսակայի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ ոչ միանշանակ է խոսել ԼԳԲՏ իրավունքների թեմայով. «Վեց թե հինգ սեռ են հորինել: Տրանսֆորմերներ, տրանս… ես նույնիսկ չեմ հասկանում, թե դա ինչ է»: