Home / Մշակույթ / Սեքսիզմ կա, փող չկա․ ԿԻՆոփառատոն Հայաստանում

Սեքսիզմ կա, փող չկա․ ԿԻՆոփառատոն Հայաստանում

Կինոարտադրությունում իշխանությունը դեռևս պատկանում է տղամարդկանց։ Բայց եթե դուք հարուստ եք՝ կարող եք ֆիլմ նկարել անկախ նրանից՝ կին եք, թե տղամարդ։

2004-ին ստեղծված «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնն այս տարի անց էր կացվում Երևանում՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը։ Փառատոնին մասնակցում էր 51 ֆիլմ՝ 19 երկրից։ Ֆիլմերն արդեն հասանելի են օնլայն հարթակում։

«Ընդհանուր կոնցեպտը փառատոնի ինձ դուր ա գալիս, որովհետև կրթական համակարգում, կինոյի ոլորտում շատ ա սեքսիզմը։ Ինձ նաև դուր ա գալիս, որ էս անգամ օֆլայնն ու օնլայնը համատեղվեց ու նաև մարզերում ա լինելու կինոդիտումներ։ Լավ ա, որ հայկական ֆիլմերն են ցուցադրելու, որովհետև երբ առաջին անգամ ֆիլմ ես նկարում, չգիտես` ոնց ու որտեղ ցույց տաս մարդկանց», – Epress.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի մասնակից, վանաձորցի երիտասարդ կինոռեժիսոր Լուսինե Զաքարյանը։

Փառատոնը կոչված է խթանելու «կանանց ստեղծագործական գործունեությունը», ստեղծելու համագործակցության հարթակ՝ աշխարհի տարբեր մասերում ապրող կին կինոգործիչների համար, նաև հնարավորություն՝ բարձրաձայնելու բռնության, անհավասարության, խտրականության և կանանց իրավունքների հետ կապված խնդիրները։

Ռեժիսորի դերը մշակութային, ստեղծագործական և ֆինանսական իշխանություն է իրենից ներկայացնում։ Երբ ստեղծագործական գործընթացում գերակշռում են տղամարդիկ, դա նաև արդյունք է ձևավորում՝ Epress.am-ի հետ զրույցում փաստում է կինոփառատոնի ժյուրիի անդամ, ամերիկացի կինոարտադրող  Լյուսիան Քերրին։

«Ինձ թվում ա՝ էդ խնդիրը մենակ Հայաստանում չի, ամբողջ աշխարհում ա։ Թեկուզ էդ մեծ փառատոնները, Օսկարը օրինակ, փորձում են ավելի ներառական դառնալ։ Երբ կանայք են սկսում իրենց պատմությունները նկարել, պատմել, նոր տեսանկյուններ են առաջ գալիս, որ մեզ առաջ ծանոթ չէին, որովհետև կինոարտադրությունում անընդհատ միանման կինոներ են նկարվել ու հիմա կարիք կա նոր պատմությունների, որովհետև մարդիկ հոգնել են նույնատեսակ ֆիլմեր նայելուց», – ասում է Լուսինե Զաքարյանը կինոյում կանանց տեսանելիության մասին։

Լյուսիան Քերրիի կարծիքով՝ հայկական կինոյի ամենամեծ խնդիրներից մեկը կինոարտադրության կապիտալիզացիան է և ֆինանսների հասանելիությունը։

«Ինձ թվում ա՝ էդ շատ կարևոր ա, որ դու նկարես ֆիլմ էն կանոններով, որ կա, այսինքն, օրինակ, ֆինանսավորում ստանաս քո կառավարությունից, ազգային կինոընկերությունից։

Ինձ դուր ա գալիս, որ իմ էներգիան ծախսեմ ինչ-որ մեծ պրոյեկտի մեջ, որ հասնի հանդիսատեսին, փառատոնների գնա։ Էս ֆիլմը շատ փոքր թիմով ենք նկարել, բայց մինչև էդ ես ինչ նկարել եմ՝ եղել ա իմ տանը, իմ սենյակում ու տարբերությունը մեծ ա», – ասում է Լուսինեն։

Լյուսիանը իր հետազոտական աշխատանքի համար հարցազրույց է վերցրել Հայաստանում գործող կին կինոգործիչներից։ Նրանցից մեկն իր գործունեության սկզբից աշխատել է թոփ կինոընկերություններից մեկում, հասել հաջողությունների։ Դա մասնավոր դեպք է, բայց մյուս կանայք, ում հետ նա զրուցել է, շատ դժվարությունների պատճառով անգամ հրաժարվել են իրենց կարիերան շարունակելուց։

Լուսինե Զաքարյանը մրցանակը ստանալիս

«Ես էս տարի եմ ավարտում ու մտածում եմ դրսում կրթություն ստանամ, որովհետև իմ կրթությունը Վանաձորի թատերական ինստիտուտից ա ու բացը շատ եմ զգում, շատ բաներ չգիտեմ։ Ես վախում եմ խաղարկային ֆիլմ նկարելուց, որովհետև չգիտեմ՝ ոնց ա պետք աշխատել դերասանների հետ։ Բայց ինձ միշտ դուր ա գալիս, որ ինչ-որ անձնական պատմություններ եմ պատմում, ու էդ պատմությունների մեծ մասը Հայաստանի հետ ա կապված, որովհետև կյանքիս մեծ մասը էստեղ եմ ապրել։ Դրա համար մտածում եմ՝ ինձ Հայաստանում մնալը ավելի ա դուր գալիս», – ասում է Լուսինեն իր մասնագիտական ապագայի մասին: