Սահմանադրական դատարանն այսօր հրապարակած որոշմամբ վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։
Ազգային ժողովի պատգամավորները ամիսներ առաջ դիմել էին դատարան՝ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ (բժիշկ) Արմեն Չարչյանի, (Մեղրիի նախկին քաղաքապետ) Մխիթար Զաքարյանի և (Սիսիանի համայնքապետ) Արթուր Սարգսյանի հարցով։ Երեքին էլ կալանավորվել են պատգամավոր ընտրվելուց առաջ։
Սահմանադրական դատարանը որոշել է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած կալանավորված անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի (բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո), օժտվում է պատգամավորական անձեռնմխելիությամբ, ուստի՝ չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը ՍԴ որոշումից հետո հայտարարել է՝ պատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել` անհապաղ նիստ նշանակելու և Չարչյանին կալանքից ազատ արձակելու հարցով։