Սեպտեմբերի 13-ին 91 տարեկանում մահացել է ֆրանսիացի ռեժիսոր, «Նոր Ալիքի» ներկայացուցիչ Ժան-Լյուկ Գոդարը։
Մի քանի տարի առաջ եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում Երևանում ցուցադրում էին Գոդարի «Պատկերների գիրքը» ֆիլմը: Այս «կինո-էսսեն»՝ ինչպես սիրում են ասել կինոքննադատները, ռեժիսորի վերջին ֆիլմն է, Գոդարը այն նկարել է 87 տարեկանում։
Համատեղելով դասական ֆիլմերի ու լրահոսի կադրերը, որոնք հաճախ ձգված, չափից գունավորված և ծռմռված են (հետևաբար՝ առաջին հայացքից անճանաչելի), «Պատկերների գիրքը» հարցաքննում է մեր հարաբերությունները կինոյի, մշակույթի ու համաշխարհային քաղաքականության հետ:
Քաղաքական ենթատեքստից կամ նարատիվից կտրված պատերազմի ու արյունահեղության կադրերը կորցնում են իրենց բարոյական և գեղագիտական նշանակությունը։ Ի՞նչ ենք մենք տեսնում։ Դաժանություն, թե՞ հերոսություն։ Փաստ, թե՞ հորինվածք։ Արդարություն, թե՞ բարբարոսություն։
Օգտագործելով հետկադրային ձայն, այդ թվում՝ ռեժիսորինը, ձերբազատվելով նարատիվից ու դերասաններից, ֆիլմը դիտողի միտքը տանում է մի տեղ, որն անցյալի ու ներկայի արանքում է։ Աչքերի առաջ ու ականջների մեջ։
Գոդարը իր ձեռքերով վերատպում է անցյալը։
«Ֆիլմի միտքն եկավ, երբ մտածեցի հինգ մատների մասին և ինքս ինձ ասացի՝ մենք կստեղծենք ֆիլմ, որտեղ կան հինգ մատները և ինչ են ստեղծում այդ հինգ մատները միասին՝ ձեռք», – իր ֆիլմի մասին հարցազրույցում պատմում է Գոդարը։
Առաջին մատը՝ ռիմեյքներն է, պատճենները։ Երկրորդ մատը պատերազմն է։ Երրորդը Ռիլկեի տողերից է՝ «ռելսերի միջև այդ ծաղիկները ճամփորդությունների շփոթված քամու մեջ»։ Չորրորդ մատը Մոնտեսքյոյի գիրքն է՝ Օրենքների ոգին։ Հինգերորդը ամերիկացի Մայքլ Սնոուի La région centrale ֆիլմն է՝ «մենք այլևս չենք տեսնում այս ամենը»։
«Մարդու ճշմարիտ վիճակն է՝ մտածել ձեռքերով», – ասում է Գոդարը ֆիլմի մեջ։
Ձեռքերը մտաբերում են Գոդարի սիրելի ռեժիսորներին՝ ցուցադրելով ձեռքերի խոշոր կադրեր Ֆրից Լանգի ու Ռոբերտ Բրեսոնի ֆիլմերից։ Ձեռքերը հիշում են նաև Գոդարի ֆիլմերը՝ իրար վրա դրված ձեռքերը՝ «Ամուսնացած կինը» ու «Չինուհի» ֆիլմերից, վառած լուցկիները Բելմոնդոյի ձեռքին «Խենթ Պիերոյում», ձեռքերը լանդշաֆտի ֆոնին՝ «Նոր ալիք» ֆիլմից․․․ Ձեռքերը շոյում են, մերսում ու վառում ծխախոտները, վերցնում ու տալիս փող, գրում։
Ֆիլմի գրեթե կեսը զբաղեցնում է հինգերորդ մատը՝ La région centrale-ը (Կենտրոնական շրջան), որն այստեղ ակնարկում է Մերձավոր Արևելքը։ Այն ուսումնասիրում է արաբական աշխարհը արևմտյան հայացքով ներկայացնելու խնդիրները։ «Պատկերների գիրքը» փլուզում է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված դիսկուրսը, նյարդայնեցնում մեզ՝ չբավարարելով ակնկալիքները։ Գունավորելով արաբական աշխարհի լանդշաֆտները։ Չթարգմանելով բովանդակության մի մասը։ Սաունդթրեքի ֆոնին նովել կարդալով՝ մինչ պատկերները ասոցիատիվ կերպով ակնարկում են այդ պատմության կոնտեքստային, աշխարհագրական և թեմատիկ ասպեկտները։
Այս մասում ընդգծվում է Գոդարի «խոսքի ու պատկերի միջև կոնֆլիկտի» կոնցեպտը։ (Սա իհարկե լավագույնս ներկայացվում է նաև ռեժիսորի 2014 թվականին նկարահանած «Հրաժեշտ խոսքին» ֆիլմում)։ Գոդարը խոսում է «Տասը պատվիրաններում, Թորայի մագաղաթներում, Աստվածաշնչում, Ղուրանում․․․» տեքստի սրբացման մասին։ Հետո ցածր ձայնով ասում՝ փոխարենը պետք է լիներ այլ բան՝ պատկեր։ Դա կփոխեր պատմության ընթացքը։
Կարելի է ասել, որ ստեղծագործական շուրջ 70 տարինների ընթացքում Գոդարը կարողացել է ստեղծել իր «Պատկերների գիրքը»․ այն կմնա մեր աչքերի առաջ ու ականջների մեջ։