1975 թվականին այս օրը ավարտվեց Վիետնամի 20-ամյա պատերազմը. վիետնամցիներն այն անվանում են «պատերազմ ամերիկացիների դեմ՝ հանուն ազգի փրկության»:
Հյուսիսային և Հարավային Վիետնամների միջև նոմինալ պատերազմը, որը նշանավորվեց Հարավին «աջակցող» ամերիկյան զորքերի վայրագություններով, առնվազն 1 միլիոն 400 հազար վիետնամցիների կյանք է խլել։ Եվս 2 միլիոն 100 հազար մարդ վիրավորվել է։ Այս թվերի համեմատ ամերիկացիների կրած կորուստները «աննշան» են թվում՝ 58 հազար սպանված և 304 հազար վիրավորված զինվորական։
Պատերազմից հետո ամերիկացիները սկսեցին անել այն, ինչ լավագույնն են կարողանում՝ քննադատել Ամերիկան։ Այս առումով ինձ համար հիշարժան է երեք հոլիվուդյան ֆիլմ՝ 1985-ի «Ամբողջովին մետաղական պատյանը» (Սթենլի Կուբրիկ), 1978-ի «Եղնիկի որսորդը» (Մայքլ Չիմինո) և 1979-ի «Ապոկալիպսիս հիման» (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)։
Իր ժամանակների համար «Ապոկալիպսիս հիման» ամենաավանգարդն է՝ ֆորմայի և բովանդակության տեսանկյունից․ կանգ առնենք հենց դրա վրա։
Ուիլիարդն ընկնում է հիշողությունների մեջ
Մոնումենտալությունը Կոպպոլայի կինոմտածողության անբաժանելի մասն է, որպես այդպիսին՝ այն հակադրվում է ժանրային ճյուղավորմանը։ Ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես է ֆիլմը սահմանում ինքն իրեն՝ որպես պատերազմակա՞ն, թե՞ հակապատերազմական, այն կենտրոնանում է ամերիկացիների՞, թե՞ վիետնամցիների վրա։
Պատմության կենտրոնում Վիետնամում ծառայող ամերիկացի սպա Ուիլիարդն է, ում հանձնարարում են սպանել Միացյալ Նահանգները դավաճանած նախկին գնդապետ Կուրցին, որն ապրում է Կամբոջայի ջունգլիներում և իրեն Աստված է համարում։ Ուիլիարդը ենթակաների հետ նավով ճամփա է ընկնում՝ անցնելով անասելի փորձությունների միջով։
Այս ճանապարհորդությունը՝ ոդիսևսյան նավը, նրան տանում է խելագարության՝ գնդապետ Կուրցի մոտ։
«Դուրս մի՛ եկեք նավից, եթե ուզում եք գնալ մինչև վերջ», – ասում է Ուիլիարդը առաջին պատահարից հետո, երբ խումբը գնում է մանգո քաղելու և հանդիպում վագրի։ «Կուրցը դուրս եկավ նավից և շեղվեց ամբողջ ծրագրից», – մտածում է Ուիլիարդը։
Բայց ո՞վ է Կուրցը։ Զինծառայության ընթացքում նա «բոլոր առումներով աչքի է ընկել»: Իր ձեռքբերումների շնորհիվ նա կարող էր ունենալ բարձր դիրք և մեծ կարողություններ ամերիկյան հասարակությունում։ Բայց երբ եկվոր գնդապետը հայտնվում է ջունգլիներում՝ համակարգից հեռու, շրջապատված տեղացիներով, որոնք իրեն վերաբերվում են Աստծո պես, նա հասկանում է, թե ոնց է աշխատում իմպերիալիստական համակարգը, որը վարժեցված էր պաշտպանել, և արդյունքում՝ տարվում բացարձակ իշխանությամբ։
Կուրցը համակարգի ավելցուկն է՝ այն, ինչ համակարգը մղում է մարդուն անելու։ Ինչ-որ պահից սկսած համակարգը (Ուիլիարդը) կռվում է իր իսկ ավելցուկի (Կուրցի) դեմ։
Ուիլիարդի նավը հասնում է Կուրցի կղզի
Ֆիլմի ամենատպավորիչ ու հանդիսատեսի համար սպասված դրվագներից է Ուիլիարդի հանդիպումը Կուրցի հետ, որը սկսվում է ջունգլիների տիրակալի խոսքերով․
«Ես տեսել եմ սարսափ։ Սարսափ, որը դու էլ ես տեսել։ Բայց դու իրավունք չունես ինձ մարդասպան կոչելու։ Դու իրավունք ունես ինձ սպանելու։ Բայց դու իրավունք չունես ինձ դատելու։ ․․․Սարսափն ունի դեմք, և դու պետք է ընկեր դառնաս սարսափին։ Քո ընկերներն են սարսափն ու բարոյական տեռորը։ Եթե ընկեր չեն, ուրեմն թշնամի են, որոնցից պետք է վախենալ։ Նրանք իսկապես թշնամի են։
Հիշում եմ, երբ հատուկ ջոկատում էի, թվում է՝ հազար դար առաջ։ Գնացինք մի ճամբար՝ ինչ-որ երեխաների պատվաստելու։ Եվ լքեցինք ճամբարը՝ պոլիոմիելիտի դեմ երեխաներին պատվաստելուց հետո։ Մի ծեր տղամարդ վազելով եկավ մեզ մոտ, լացում էր ու կույր էր։ Մենք վերադարձանք։ Նրանք կտրել էին բոլոր պատվաստված ձեռքերը։ Դրանք մի կույտի մեջ էին։ Փոքր ձեռքերի կույտ։ Հիշում եմ, որ ողբացի․․․
․․․Հետո հասկացա։ Կարծես ինձ կրակած լինեին ադամանդե փամփուշտով։ Եվ, տեր Աստված, ես մտածեցի դրա հանճարեղության մասին։ Կամքի՝ դա անելու համար։ Կատարյալ, անկեղծ, ամբողջական, բյուրեղյա և մաքուր: Ես հասկացա, որ նրանք ավելի ուժեղ են, քան մենք, որովհետև նրանք դիմացել են դրան․․․
․․․Եթե ես նման մարդկանցից բաղկացած 10 դիվիզիա ունենայի, մեր հոգսերն այստեղ շատ արագ կվերջանային։ Դու պետք է ունենաս մարդկանց, որոնք բարոյական են և միևնույն ժամանակ՝ ունակ օգտագործել իրենց նախնադարյան բնազդները սպանելու համար՝ առանց զգացմունքի, կրքի և առանց դատողության։ Դատողությունն է, որ հաղթում է մեզ»։
Կուրցին սպանելուց առաջ Ուիլիարդը ներկում է դեմքը նրա նման
Ուիլիարդը սպանում է Կուրցին և արդարացնում իրեն, որ Կուրցն ինքն էր այդպես կամենում։ Կուրցի վերջին բառերն են՝ «սարսափ, սարսափ»։ Հրամանը կատարելուց հետո Ուիլիարդը նավով լուռ հեռանում է կղզուց։
Պատերազմը չի ավարտվում՝ «սարսափը» դա է։
Սպանություններ, հրդեհվող անտառներ, ծխի մեջ կորած լանդշաֆտներ, ռումբեր ուղղաթիռներից․․․ Կոպպոլան նկարում է պատերազմը դրա ողջ «հմայքով»։
«Ոչ ոք չի ուզում նկարել պատերազմական կինո, բոլորն ուզում են նկարել հակապատերազմական կինո։ Ես կարծում եմ՝ հակապատերազմական ֆիլմը պետք է լինի [Կոն Իտիկավայի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1956թ․-ին, նկարահանած] «Բիրմայական քնարը» կինոյի պես՝ լի սիրով, խաղաղությամբ, հանգստությամբ ու երջանկությամբ։ Այն չպետք է ունենա բռնության տեսարաններ, չպետք է առաջացնի բռնության ցանկություն», – ասում էր Կոպպոլան՝ հայտարարելով, որ «Ապոկալիպսիս հիման» հակապատերազմական ֆիլմ համարվել չի կարող։